Ես այլ մրցակից, քան մեր քաղաքի խնդիրներն են, չունեմ. Հրազդանի քաղաքապետ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. Հրազդան տանող տաքսու վարորդը հրազդանցի էր, տևական ժամանակ աշխատել էր Ռուսաստանում, ապա վերադարձել։ «Ռուսաստան գնացինք մութ ու ցուրտ տարիներից հետո. էնտեղ եմ եղել Սասունի քաղաքապետ եղած ժամանակ, չգիտեմ` նրա ժամանակ ոնց էր, բայց արդեն քանի տարի է` հետ ենք եկել. բակում` կարուսել, ասֆալտ, ջուրը` շուրջօրյա, լուսավորություն, փոքրիս վարձի մի մասը քաղաքապետարանն է տալիս, հա, բա, իրեն եմ ընտրելու անպայման, ուրիշ ո՞ւմ»,- մեր «հետախուզական» հարցին ի պատասխան ասաց տաքսու վարորդը:

-Պարոն Դանիելյան, մենք հանդիպել ենք չորս տարի առաջ, երբ Դուք կրկին քաղաքապետի թեկնածու էիք, ու ինչպես կասեր Վանոն` «մանրամասն սիրել»-խոսել եք Հրազդանի հոգսերից. ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Դուք բավականին լուրջ խոստումներ էիք տվել հրազդանցիներին։ Կատարեցի՞ք: Եվ արդյոք հրազդանցին իր մաշկի վրա զգա՞ց այդ «խոստումը»:

-Հրազդանը յուրահատուկ քաղաք է և «կանգնած» է յոթ գյուղերի վրա, ասել է` մեզանում քաղաքային ու գյուղական կոլորիտները միախառնված են: Գիտեք նաև, որ քաղաքն ունի 25 կմ ձգվածություն, 1200 նրբանցք, բավականին թվով բազմաբնակարան շենքեր: Այո, մեզ հաջողվեց այս չորս տարում նախորդ ընտրաշրջանում տված խոստումներն ամբողջությամբ կատարել: Ասֆալտապատվել է 192 կմ գլխավոր ճանապարհ, նախատեսել էինք երկրորդական ճանապարհների և թաղերի ասֆալտապատում` արվել է: Ասֆալտապատվել են յոթ գյուղերի երկրորդական ճանապարհները ևս:

Ընդ որում, գիտեք, որ մենք ունենք մեկ նուրբ խնդիր` գյուղերում անասնապահությամբ են զբաղվում, և ասֆալտը շատ շուտ է շարքից դուրս գալիս` նախիրը տանել-բերելու պատճառով: Փորձել են հնարավորինս «պինդ» ասֆալտ անել: Ի դեպ, ջրամատակարարման և լուսավորման աշխատանքներ են կատարվել բոլոր յոթ գյուղերում, այդ թվում` Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում` Վանատուրում, այս տարի էլ այնտեղ ասֆալտապատում պետք է իրականացնենք: Ի դեպ, այն ներդրումները, որ կատարվել են Հրազդանում այս չորս տարիներին, եթե կատարվեին ֆիզիկական աշխարհագրություն ունեցող մեկ այլ կոմպակտ քաղաքում, շատ ավելի տեսանելի կլինեին, բայց մեր պարագայում ոչ միայն խնդիրներն են շատ, այլև բրգացումն է դժվար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս