ՊԱՅՔԱՐ ՇՈՒԿԱ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատաշեն գյուղի բնակիչ մի խումբ անհատ ձեռներեցներ ընդդեմ ՊԵԿ Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցով դիմել էին ՀՀ վարչական դատարան` պահանջելով բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. նոյեմբերի 6-ի միջամտող վարչական ակտերը վերացնելու եւ հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելուն պարտավորեցնելու իրենց պահանջը: Այս գործով որպես երրորդ անձ է հանդես եկել «Էլագրա» ՍՊԸ-ն: Հայցվորները դատարանին հայտնել են, որ 2012թ. հոկտեմբերի 29-ին նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրեր, որոնցով իրենցից յուրաքանչյուրն «Էլագրա» ՍՊԸ-ից ամսական մեկուկես միլիոն դրամով վարձակալել է 140 քմ մակերեսով վաճառատեղ: Հարկային տեսչությունը միջամտող վարչական ակտերով ժամանակավորապես մերժել է անհատ ձեռնարկատերերի հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը: Իջեւանի հարկային տեսչությունն առարկել է հայցի դեմ՝ հայտնելով, որ հայցվորներն իրենց պայմանագրերը կնքել են «Էլագրա»-ի հետ, որը գործունեություն չի իրականացնում, քանի որ տոնավաճառը գտնվում է սահմանամերձ տարածքում եւ ունի որոշակի առանձնահատկություններ:  
2013թ. հուլիսի 9-ին վարչական դատարանը (դատավոր՝ Քրիստինե Մկոյան) վճռել է բագրատաշենցի 10 անհատ ձեռնարկատերերի հայցը բավարարել, Իջեւանի տարածքային հարկային տեսչության միջնորդող վարչական ակտերն անվավեր ճանաչել, հարկային տեսչությանը պարտավորեցնել գրանցելու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենաները: Դատարանը վճռել է Իջեւանի հարկային տեսչությունից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 80 հազար դրամ պետական տուրքի գումար եւ հօգուտ 10 անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուրի բռնագանձել 10-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծառայության ծախս: Սույն վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ «Էլագրա» ՍՊԸ-ն կառավարությունից ստացել էր Բագրատաշենում տոնավաճառ գործարկելու լիցենզիա, սակայն Իջեւանի հարկային տեսչությունը չէր գրանցում ընկերության դրամարկղային գիրքը: ՍՊԸ-ն դիմել էր դատարան: 2013թ. փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ. Թորոսյանը վճռել է «Էլագրա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 468 միջամտող վարչական ակտը վերացնելու եւ ընկերության ներկայացրած դրամարկղային գիրքը հաստատելուն (գրանցելուն) պարտավորեցնելու պահանջների մասին հայցը բավարարել եւ պարտավորեցնել Իջեւանի տարածքային հարկային տեսչությանը կնքել եւ համարակալել «Էլագրա» ՍՊԸ-ի դրամարկղային գիրքը: Դատարանը վճռել է հայցը բավարարելու կապակցությամբ ՀՀ-ից հօգուտ «Էլագրա» ՍՊԸ-ի բռնագանձել ընկերության դատական ծախսերը՝ ընդհանուր առմամբ 28 հազար դրամի չափով: Իջեւանի հարկային տեսչությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ, որով դատական նիստը կկայանա օգոստոսի 6-ին:  

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս