Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում այս օրերին կատարած շրջայցի արդյունքում «Ժողովուրդ»-ն արձանագրեց որոշ ապրանքատեսակների գների բարձրացում: Բացի այս, առաջիկայում 50 տոկոսով թանկանալու է նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Եվ, բնականաբար, այդ ամենի արդյունքում էլ ավելի կաճի արտագաղթը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Հայաստանի քաղաքացիներին մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները մտել են ուժի մեջ: 1 կ/վ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար թանկացել է 8 դրամով` 30-ից դառնալով 38 դրամ, իսկ գազի մեկ խորանարդ մետրի գինը դարձել է 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն:
Այս իրավիճակում մի շարք արտադրողներ արդեն իսկ թանկացրել են իրենց արտադրանքը: Նրանց մի մասը, մասնավորապես «Կոկա-կոլա» ընկերությունը, գտնվում է գերիշխող տնտեսվարողների ցանկում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվել, թե գնային ինչ փոփոխություններ են նկատվել այս ընկերության արտադրանքում: Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը փոխանցեց, որ բարձրացրած խնդրի հետ կապված՝ արդեն ուսումնասիրությունները սկսվել են. «Այո՛, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների եւ գարեջրի շուկայում կա մինչեւ 30 դրամի բարձրացում: Եվ հանձնաժողովն անհիմն թանկացումներից խուսափելու համար պաշտոնապես գրությամբ դիմել է տնտեսվարողներին եւ պահանջել ներկայացնել հիմնավորում թանկացումների վերաբերյալ»:
«Սպառողների իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն անձամբ է ուսումնասիրություն կատարել հացամթերքի շուկայում եւ արձանագրել 10-ից 30 դրամի բարձրացում: Նրա խոսքով՝ շուտով 50 տոկոսով թանկանալու է նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը. «Այսինքն՝ նախկին 100 դրամ վճարելու փոխարեն մարդիկ շուտով վճարելու են 150 դրամ: Բայց Ձեզ վստահեցնում եմ, որ մեր իշխանությունները սիրում են թվերը կլորացնել: Որոշ ժամանակ անց 150-ը կդարձնեն 200 դրամ: Ո՞վ է տուժելու: Միանշանակ՝ սպառողը: Ո՞վ է նրա կողքին կանգնելու, ոչ ոք»:
ՀԿ-ի նախագահը, բացի հացամթերքի թանկացումից, արձանագրել է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների՝ ձեթի, կոսմետիկ միջոցների՝ զուգարանի թղթի, ամանի հեղուկի, լվացքի փոշիների գների բարձրացում. «Հիշո՞ւմ եք, մեկ ամիս առաջ, դեռ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները չթանկացած, մինչեւ 20 դրամով թանկացավ կաթնամթերքը: Բայց մի խնդիր կա. այն, որ ՏՄՊՊՀ-ն պատճառաբանում է, որ ամեն ինչը չի կարող վերահսկել, քանի որ գերիշխող դիրք զբաղեցնող չկա շուկայում: Օրինակ՝ հացամթերքի շուկան, բայց, չգիտես ինչու, այն շարունակում է թանկանալ: Մինչեւ 20 տոկոսի սահմաններում կլինի ընդհանուր թանկացում, այսինքն՝ մեր ընտանեկան բյուջեն 20 տոկոսով կտուժի: 20 տոկոսով թանկանում է մեր կյանքը: Ի դեպ, գազի թանկացումը վերջինը չէ, այն կթանկանա եւս մեկ անգամ: Եվ այս թանկացումների ալիքը մեծ ազդեցություն է ունենալու արտագաղթի ծավալների մեծացման վրա: Շատ կուզեի սխալվել, բայց դա անդրադառնալու է նաեւ սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների վրա»,-նկատեց Ա. Պողոսյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես հավաստիացնում է, որ այս թանկացումների ալիքից Հայաստանը լքողների թիվն ավելանալու է. «Ցանկացած թանկացում ի վերջո բերելու է նրան, որ մարդիկ սկսելու են մտածել արտագաղթի մասին: Պետք է սպառողները դիմանան այս ամեն ինչին: Բացի այս, սոցիալապես անապահով խավի մոտ սպառումը նկատելիորեն կպակասի, դա միշտ էլ այդպես է եղել: Ընդամենը պետք է այս թանկացումները համաչափ լինեն, պետք է ՏՄՊՊՀ-ն խստորեն վերահսկի՝ խուսափելու համար անհիմն թանկացումներից»:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ թանկանալու է ամեն ինչ. «Եվ այս պրոցեսը շարունակվելու է, որտեղ կկանգնի՝ դժվար է ասել: Քանի որ մեր տնտեսությունը մրցակցային չէ, եւ գործող իշխանությունն ու օլիգարխներն են որոշում ապրանքատեսակների գները, այս պատճառով էլ գուշակություններ անելը շատ բարդ է: Բայց միանշանակ է, որ ամեն ինչ կթանկանա»:
Ինչ վերաբերում է համատարած թանկացումների արդյունքում երկրից արտագաղթի աճին, ապա, ըստ տնտեսագետի, իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից. «Ես կարծում եմ, որ ինչ-որ մի կետ կա, որն անցել ենք, եւ հետ վերադարձ չկա: Այն, ինչ ես տեսնում եմ, լավ բան չէ, այն, ինչ մենք Երեւանում տեսնում ենք, լավ բան չի նշանակում: Մարդկանց որեւիցե ձեւով պետք է հույս տալ, բացատրել կամ ներկայացնել, որ սրանով չէ, որ կյանքն ավարտվեց: Իշխանությունը դա չի կարողանա, որովհետեւ իշխանության՝ վստահություն կամ հավատ ներշնչելու լիմիտն արդեն վաղուց սպառվել է»:
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՃԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ