«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Ամերիաբանկ»-ի եւ դրա շարունակությունը կազմող շենքում արդեն ամիսներ շարունակ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Դիմել էինք ՀՀ մշակույթի նախարարություն՝ պարզելու այդ շենքերի ճակատագրի հետ կապված որոշ մանրամասներ: Նախարարությունից «Ժողովուրդ»-ին ուղարկված պատասխանում մասնավորապես նշված էր. «Շահումյան հրապարակում՝ Վ. Սարգսյանի, Դեղատան եւ Խորենացու փողոցների միջեւ գտնվող շենքերը (1927-1930թթ.) ընդգրկված են Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, տեղական նշանակության են եւ պահպանվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով: Հուշարձանի սեփականատիրոջ պարտականություններն իրականացվում են համաձայն նույն օրենքի N 36 hոդվածի, այն է՝ «կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ»»: Մշակույթի նախարարության պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ` վերը նշված հուշարձան-շենքերն արդյոք ունեն պահպանական գոտիներ, թե ոչ: Եթե չունեն, ապա անիմաստ է առհասարակ խոսել շինարարական աշխատանքների, տարածքի մաքրման եւ այլնի մասին:
«Ժողովուրդ»-ի հրապարակումներից հետո խմբագրություն զանգահարեց Դեղատան 4 հասցեի բնակչուհիներից մեկը եւ հրավիրեց տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին: Պարզվեց, որ զանգահարողը թիվ 13 տան բնակչուհի Կարինե Խանարյանն էր, որն ամուսնու` Էդուարդ Հովակիմյանի հետ պատմեց, որ շենքը կառուցվել է 1928թ., եղել է հանրակացարան, հետո դարձել գերատեսչական, եւ այնտեղ հիմնականում բնակություն են հաստատել շինարարական տեխնիկումի աշխատակիցները: Նախկին Էնգելսի 4 հասցեն դարձել է Դեղատան 4, բայց ուրիշ ոչինչ չի փոխվել մինչեւ այն օրը, երբ հարեւան, կարելի է ասել` կից շենքում սկսվել են շինարարական աշխատանքներ: Իսկ մինչ այդ մաս-մաս գնել են կողքի շենքը եւ սկսել տնտղել իրենց շենքի 10 բնակարանների բնակիչներին` ով է վաճառում, ով` ոչ:
«Իհարկե, բոլորը չէին ուզում վաճառել, բայց աշխատակիցներից մեկն ասաց, որ, ամեն դեպքում, իրենք պետք է շինարարություն իրականացնեն, եւ երբ աշխատանքներն սկսվեն, կմնանք փոշու մեջ եւ ստիպված կլինենք չնչին գումարով վաճառել բնակարաններն ու փախչել այստեղից: Դեղատան 2-ի եւ Դեղատան 4-ի մուտքն ընդհանուր դալանով է, մի հենապատ է, եւ նրանք սկսեցին ամբողջը պարսպապատել մետաղական կոնստրուկցիաներով: Մեծ մեքենաներով, կռունկներով մտնում են դալանը, խանգարում, արհամարհում, մեզ չեն էլ նկատում, կարծես այստեղ թռչնաբուծական ինչ-որ ընկերություն է»,-մեզ հետ զրույցում վրդովված նշեց տիկին Խանարյանը:
Բնակիչները դիմել են քաղաքապետին, մշակույթի նախարարությանը, բանկի կառավարչին` ցանկանալով իմանալ, թե ով է թույլ տվել վերանորոգել պատմության եւ մշակույթի հուշարձան համարվող համալիրն առանց հաստատված, ներկայացված նախագծի, առանց բնակիչներին տեղեկացնելու, ով է պատասխանատու իրենց անվտանգության համար: Բայց պատասխան չեն ստացել: Տիկին Խանարյանը հավելեց. «Ես ճարտարապետ եմ, հետաքրքրվել եմ ճարտարապետների միությունից եւ տեղեկացել, որ երկու շենքն էլ, այդ ամբողջ համալիրն էլ ընդհանրապես համարվում են պատմական եւ մշակութային հուշարձան, ուրեմն պետք է միասնական աշխատանքներ իրականացվեն: Ու նաեւ լավ գիտեմ, որ առանց հաստատված նախագծի իրավունք չունեն սկսել շինարարական, ուր մնաց` քանդման աշխատանքներ… Իմ պատշգամբն էլ ընդհանրապես վթարային վիճակում է. կոնստրուկցիաները ծառերի հետ տուն են մտել…»: Եթե շենքը հուշարձան է, ուրեմն պետք է պահպանական գոտի ունենա, եւ մշակույթի նախարարությունը պարտավոր է նաեւ բնակիչների հետ համապատասխան պայմանագրեր կնքել, որպեսզի շենքի ներքին տեսքն էլ չխաթարվի, սակայն բնակիչներին ոչ մեկն այդ հարցով չի դիմել:
Նույն շենքի մեկ այլ բնակարանի բնակչուհի` կրկին տիկին Կարինե, հավելեց. «Մնում է, որ շքամուտք մտնելիս ներողություն խնդրենք, նոր մտնենք: Մեծ բակ ունեինք, երեխաները խաղում էին, բայց խլեցին: Եթե այն մյուս բարձրահարկի կառուցելը («Էլիտ պլազա»-ի շենքը-Ռ. Թ.) մեզ չի խանգարել, մեր բակով չի ընթացել շինարարությունը, ապա հիմա մեր բակից ոչինչ չի մնա: Մեր կյանքն էլ է վտանգված, որովհետեւ եթե սկսեն մեծամասշտաբ փլուզումները, հարկերը կթուլանան. երկու շենքն էլ բաղդադից են (շինանյութ-Ռ. Թ.), իսկ նրանք պետք է բետոն անեն ու հաստատ երեք հարկով չեն բավարարվելու: Եվ այդ դեպքում մեր բնակարանները կդառնան դագաղ, ու դրանց միայն կափարիչը կպակասի»:
«ՄԵՐ ԿՅԱՆՔՆ ԷԼ Է ՎՏԱՆԳՎԱԾ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ