ՀԱՐՑ. Եթե ես մեքենայով խախտում եմ արել, եւ տեսախցիկը ֆիքսել է դա, նշանակում է, որ մի քանի օր անց ծանուցագիր կստանամ եւ տուգանք կվճարեմ: Բայց եթե այդ պահին հայտնվում է պետավտոտեսուչը, ինձ կանգնեցնում եւ տուգանում, այդ դեպքում ես ի՞նչ պետք է անեմ, ստացվում է, որ մեկ խախտումի համար պետք է վճարեմ երկո՞ւ անգամ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն վայրերում, որտեղ տեղադրված են արագաչափ սարքեր կամ տեսախցիկներ, ՃՈ ծառայողների կողմից, որպես կանոն, ծառայություն չի իրականացվում, եւ Ձեր կողմից նկարագրված իրավիճակի առաջացումը գործնականում գրեթե անհնար է:
Սակայն քանի որ տեսականորեն կարող է նման բան տեղի ունենալ, օրենքը կարգավորում է նման հարաբերությունները: Մասնավորապես. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվ. 2-րդ մասի համաձայն՝ այդ օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, եւ տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է՝ անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այդ դեպքերում վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով:
Այսինքն, եթե Ձեր կողմից կատարված իրավախախտումն արձանագրվել է ՃՈ ծառայողի կողմից, իսկ հետագայում ստացել եք նաեւ տեխնիկական միջոցով ամրագրված՝ նույն իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտ, ապա անհրաժեշտ է ՃՈ ներկայացնել տեխնիկական միջոցով ամրագրված իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը բեկանելու պահանջով դիմում, որին պետք է կցել ՃՈ ծառայողի կողմից կայացված որոշման պատճենը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, լավագույն տարբերակը երթեւեկության կանոնները չխախտելն է, որպեսզի հետագայում վարորդը չընկնի նման քաշքշուկների մեջ՝ փորձելով ապացուցել, որ կատարած խախտման համար ինքն արդեն մեկ անգամ տուգանք մուծել է: