Գյումրիում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, որում հրապարակվեցին ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հոգեկան առողջությանը վերաբերող նյութեր:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ մինչ բանակային ծառայությունը Վալերի Պերմյակովը բազմիցս հետազոտվել է և նույնիսկ գլխուղեղի տոմոգրաֆիա անցել: Նրա մոտ նույնիսկ օլիգոֆրենիա (սակավամտություն կամ մտավոր հետամնացություն) են կասկածել, սակայն փորձաքննությունը հերքել է այդ վարկածը: Հոգեբուժական փորձաքննության տվյալներից պարզ է դառնում, որ առկա է մտավոր զարգացման միջին մակարդակ և նյարդային վիճակի չափավոր ցուցանիշ:
Հրապարակվեց նաև դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը: Ըստ հրազենային վնասվածքների պատճառման ուղղությունների և հեռավորությունների՝ կարելի է եզրակացնել, որ կրակողը եղել է շարժման մեջ, իսկ կրակող զենքը՝ հիմնականում հորիզոնական ուղղությամբ պահած դիրքում, իսկ տուժողները եղել են պառկած դիրքում՝ ամենայն հավանականությամբ, անշարժ, բացի Արմեն, Սերյոժա Ավետիսյաններից:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ տուժողները եղել են վերմակներով ծածկված՝ բացի Հասմիկ, Արմեն Ավետիսյաններից, մանկահասակ Հասմիկ Ավետիսյանից, որոնք հրազենային վնասվածքներ ստացել են նաև վերմակներով չծածկված վիճակում: