Հայաստանում հատկապես նախընտրական շրջանում, ինչպիսին ներկայումս է, երբ իշխանությունների առաջ խնդիր է բարձրացվում ընտրություններն առավել լավ կազմակերպելու եւ ընտրակեղծիքների կանխարգելման մասին, իշխանությունները բազմաթիվ պատճառաբանություններ են առաջ քաշում՝ հրաժարվելով նոր փոփոխություններից: Մերժման հիմնական պատճառներից մեկը ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Այս տեսանկյունից միջազգային կառույցների կողմից ընտրական որոշակի գործընթացների համար ցուցաբերվող աջակցությունը դառնում է շատ կարեւոր: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
-Հայաստանում այս օրերին քննարկվում է ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը: Տեղեկություններ հրապարակվեցին, որ Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ուղին բռնած երկրներին օժանդակել է ընտրությունները էլէկտրոնային տարբերակով իրականացնելու հարցում: Կարելի՞ է իմանալ, թե որ երկրներին է ֆինանսավորել ԵԽ-ն առհասարակ, որքա՞ն գումար է տրամադրվել:
-Եվրոպային խորհուրդը ընդհանրապես էլեկտրոնային քվեարկության համար չի ֆինանսավորում:
-Այսինքն՝ Եվրոպայի խորհուրդը ֆինանսական որեւէ աջակցություն չի ցուցաբերո՞ւմ երկրներին` կլինի էլեկտրոնային կամ այլ տարբերակով ընտրությունը ազատ, թափանցիկ անցկացնելու համար:
-Ինչպես գիտեք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական կարծիք է ներկայացնում մասնավորապես հենց ընտրական օենսգրքի նախագծի վեաբերյալ:
-Իսկ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ փորձե՞լ են ֆինանսական օժանդակություն խնդրել, որպեսզի կարողանան Հայաստանում ընտրական նորարարություններ կիրառել:
-Ինչպես նշեցի, Եվրոպայի խորհուրդը տեխնիկական սարքավորումների հարցերի համար ֆինանսավորում չի տրամադրում: Եվրոպային խորհուրդը տեղական մարմիններին փորձագիտական կարծիք է տրամադրում եւ վերապատրաստումներ իրականացնում:
-Տիկի՛ն Վուտովա, ՀՀ ԸՕ նախագծում ամենախնդրահարույց հարցերից մեկը 65 հոդվածի 7 կետն է, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Արդյո՞ք այս մոտեցումը զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը չի վնասում:
-ԵԱՀԿ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը իրենց փորձագիտական կարծիքը կտրամադրեն նախագծի վերաբերյալ, եւ դրանից էլ պարզ կլինի:
-Ձեր հայրենիքում ընտրությունների ի՞նչ մեխանիզմ է գործում:
-Իմ հայրենքիը Բուլղարիան է, եւ այնտեղ համամասնական ընտրակարգ է կիրառվում, բայց ժողովրդավարությունը բոլոր երկրներում էլ գործընթաց է անցում: Այսինքն՝ կապ չունի դա Եվրոպային խորհրդի հի՞ն անդամ երկիր է, թե՞ նոր: Դա շարունակական գործընթաց է:
-Անցած շաբաթ Երեւանում կայացած մարդու իրավունքների շուրջ ԵՄ – Հայաստան երկխոսության ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով քաղաքական դրդապատճառներով կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործին, ասել էր, որ նախաքննական փուլում ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: Ի՞նչ կասեք Դուք այս մասին:
-Ես կարծիք չունեմ դրա հետ կապված:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդն, ինչ խոսք, ֆինանսավորող կառույց չէ, սակայն այն կազմակերպությունները, որոնց վրա դրված է ֆինանսավորում տալու գործառույթը, առաջնորդվում են Եվրոպայի խորհրդի գրասենյակի որոշումներով: Այնպես որ, մեծ հաշվով Եվրոպայի խորհուրդն է որոշելու՝ տա՞լ դրամաշնորհ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կիրառման եւ արդար ընտրությունների անցկացման համար, թե՞ ոչ: Մեզ մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:
Քնար Մանուկյան