Դեպքից 6 տարի անց դատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բնակիչ Սումբատ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբին իր ծանոթ, Վրաստանի քաղաքացի Զազա Կվիրկաձեից առաջարկ ստանալով Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու վերաբերյալ, հանցավոր համագործակցություն է առաջարկել իր ծանոթ Հրանտ Օհանյանին եւ վերջինիս հանձնարարել ռադիոակտիվ նյութը հայթայթելու համար դիմել ուրանի մաքսանենգության գործով մի քանի տարի առաջ դատապարտված, այժմ ազատության մեջ գտնվող Գարիկ Դադայանին: Դրանից հետո Հրանտ Օհանյանը հեռախոսազանգով կապվել է Մոսկվայում գտնվող Գ. Դադայանի հետ՝ նրա Երեւան վերադառնալու եւ ռադիոակտիվ նյութն իրենց տրամադրելու համար:

Այդ նպատակով Գ. Դադայանի պահանջով Ա. Տոնոյանն իր անունից բանկային փոխանցումով Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար: Հ. Օհանյանը 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երեւան ժամանած Գ. Դադայանին՝ նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված, 17 գրամ քաշով գերհարստացած ուրան՝ ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով: 2010թ. մարտի 11-ին Ս. Տոնոյանը եւ Հ. Օհանյանը ռադիոակտիվ նյութը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Թբիլիսի եւ նույն օրը փորձել են իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի իրավապահ մարմինների կողմից:

Նախկինում չդատապարտված Ս. Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ խիստ ներգործող, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի մաքսանենգությունը»): Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ս. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 25-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս