«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոֆի Մխեյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքին առնչվող թեմաների շուրջ, պարզել, թե է՛լ որ ժանրերում կցանկանար դրսեւորվել երգչուհին, եւ թե երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին: Մենք անդրադարձել ենք նաեւ նրա անձնական կյանքին: Սոֆին նշել է, որ գուցե ինքը երկրպագուներին տխրեցնում է անձնականի մասին լռելով, բայց նաեւ հորդորել է չմտահոգվել. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:
-Ձեր վերջին տեսահոլովակը` նկարահանված «Մի քիչ» երգի հիման վրա, մեծ տարածում գտավ համացանցում: Այս երգի, տեսահոլովակի ստեղծման հետ կապված կա՞ որեւէ հետաքրքիր դրվագ, որ կպատմեք Ձեր երկրպագուներին: Առաջիկայում էլի դուետներ կլինե՞ն:
-Իրականում «Մի քիչ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ստեղծման ամբողջ ընթացքն էր հետաքրքիր, սակայն, այնուամենայնիվ, ամենահետաքրքիրն այն էր, որ տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա շեմին. բոլորը պատրաստվում էին Նոր տարուն, իսկ մենք աշխատում էինք: Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին ու նաեւ հնարավոր հետաքրքիր զուգերգերին, ապա ասեմ, որ անակնկալներ, իհարկե, սպասվում են, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել: Եվ եթե հետեւել եք ստեղծագործական կյանքիս, ապա նկատած կլինեք, որ «Մի քիչ»-ը իմ երկրորդ զուգերգն է: Առաջինը «Արժանի է» երգն էր, որ ներկայացրեցինք Սիրուշոյի հետ: Իսկ տասը տարվա ընթացքում ընդամենը երկու զուգերգով հանդես գալը փաստում է, որ դուետների հարցում շատ բծախնդիր եմ: Ձգտում եմ, որ դրանք, ինչպես եւ իմ մնացած ստեղծագործությունները, լինեն յուրահատուկ, տարբերվող ու հիշվող:
-Կա՞ որեւէ ժանր, որի շրջանակներում դեռ հանդես չեք եկել, բայց շատ եք ցանկանում:
-Եթե կա ժանր, որն ինձ հոգեհարազատ է ու համապատասխան, ապա վաղ թե ուշ ինձ այդ ժանրում դրսեւորում եմ: Այս պահին կընդգծեմ ռոքը. դեպքեր եղել են, որ տարբեր նախագծերում ռոքային ստեղծագործություններ եմ ներկայացրել, բայց կուզեմ ինձ պատկանող գործն ունենալ հենց այս ոճում:
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդես գալ մենահամերգով: Ձեր երկրպագուները վաղուց արդեն սպասում են:
-Նախ շնորհակալ եմ, որ կա սպասումը: Ինքս էլ կարծում եմ, որ պահը վաղուց հասունացել է: Սակայն բազմիցս նշել եմ ու եւս մեկ անգամ կնշեմ, որ միայն գաղափարի համար մենահամերգ հաստատ չեմ կազմակերպի: Այն պետք է լինի հստակ մշակված ծրագրով, տեխնիկապես հագեցած, իսկ այդ ամենը բավական ժամանակատար է: Սակայն կուզեմ նշել, որ ապրիլի 5-ին կոլեգաներիս հետ ելույթ կունենամ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ արդեն 10-ին՝ հանրությանը «Մի քիչ» ստեղծագործությունից ծանոթ Վիգեն Հովսեփյանի համերգին, որ կկայանա «Կամի» ակումբում:
-Այժմ կանանց միամսյակն է, եւ թերեւս ճիշտ ժամանակը` խոսելու կանացի հարցերից: Հանդիսատեսը նախկինում սովոր էր տեսնել Ձեզ սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարում: Վերջին շրջանում կերպարային կտրուկ փոփոխություն է նկատվում: Դուք կարծես ընդգծել եք Ձեր կին տեսակը, գրավիչ, սեքսուալ կերպար եք ստացել: Սա շուկայի թելադրա՞նք է, թե՞ մի բան է, որ ներսից է գալիս, կապված է հոգեվիճակի հետ:
-Սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարը դեռեւս կա ու անպակաս է ինձնից, քանի որ այն իմ էության մի մասն է: Պարզապես ժամանակի ընթացքում ծնվում են ստեղծագործություններ, որոնք գուցե թելադրում են ինձ լինել ավելի կանացի, գրավիչ ու սեքսուալ: Իսկ ես միշտ տարբեր եմ, բայց եւ միշտ հավատարիմ ինքս ինձ:
-Ասում են` 30-ից հետո կնոջը դժվար է զարմացնել, նա դառնում է բծախնդիր եւ առավել շրջահայաց: Համաձա՞յն եք: Ձեզ, առհասարակ, հե՞շտ է զարմացնել: Իսկ տղամարդիկ Ձեզ հաճա՞խ են զարմացնում:
-Իհարկե, տարեցտարի ցանկացած կին դառնում է ավելի բծախնդիր, ուշադիր…
Իսկ զարմանալու եւ զարմացնելու ունակությունը, ինչ խոսք, հաճելի երեւույթ է:
Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ասեմ, որ ինձ այդքան էլ հեշտ չէ զարմացնել, բայց հնարավոր է ու թեկուզ ամենապրիմիտիվ տարբերակներով` հարաբերությունների միջոցով, մարդկային տեսակներով. ամեն դեպքում դեռ կարողանում են զարմացնել:
-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը, եւ ո՞րն եք համարում կնոջ երջանկության գատնիքը:
-Կարծում եմ` կնոջ ամենամեծ երազանքը մայրանալն է: Իսկ երջանկության գաղտնիքը շատ ինդիվիդուալ է, բայց գուցե հոգու խորքում բոլոր կանայք էլ ուզում են սիրել ու սիրված լինել եւ ունենալ լիարժեք ընտանիք:
-Վերջին շրջանում լրատվամիջոցներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Դուք ընկեր ունեք, նրան տեսնում էինք Ձեր կողքին ամենատարբեր առիթներով: Երկրպագուներին հետաքրքրում է` հիմա Ձեր կողքին որեւէ մեկը կա՞, Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
-Լրատվամիջոցներում խոսակցություններ միշտ էլ պտտվում են, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական: Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:
-Ասում են` մի կինը երբեմն հազար տղամարդուց ուժեղ է: Թվում է, թե Դուք շատ ուժեղ կին եք, դա երբեմն չի՞ հոգնեցնում, կցանկանայի՞ք լիներ մեկը, որի կողքին կկարողանայիք թուլանալ:
-Համաձայն եմ, կան կանայք, որ բազմաթիվ տղամարդկանցից ուժեղ են: Լավ է, որ իմ մասին նման կարծիքի եք, սակայն պահեր են լինում, որ ես եւս իգական սեռի ցանկացած ներկայացուցչի պես ուժեղ հենարանի կարիք եմ ունենում:
Աննա Բաբաջանյան