Երեւանում մի շարք արձաններ նախ` պահպանության, ապա` վերականգնման կարիք ունեն. այս խնդիրը տարիներ շարունակ մնում է արդիական:
Քանդակագործ, մոնումենտալ դրվագող Ներսես Չարխչյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը մի քանի անգամ վերականգնել է Նոր Նորք վարչական շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Տորք Անգեղի հուշարձանը, առաջին անգամ դրա համար ծախսվել է մեկ միլիոն դրամ, երկրորդ անգամ` միլիոն ու կես, երրորդ անգամ` երկու միլիոն. «Եթե այդ արձանի պահպանության գործը մի ոստիկանի հանձնարարեին ու վճարեին նրան, դա ավելի քիչ կարժենար, քան վերականգնման համար արված ծախսը»,- նկատեց նա` հավելելով, որ խնդիրը վերաբերում է մայրաքաղաքում եւ դրանից դուրս գտնվող մյուս բոլոր արձաններին եւս:
Մենք թեմայի շուրջ մեկնաբանություն ստացանք պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանից, ով եւս շեշտեց, որ առաջին հերթին հարկավոր է ապահովել արձանի անվտանգությունը, հետո նոր վերականգնել այն: «ՀՀ անկախության 20-ամյակին Նոր Նորքում տեսախցիկներ էին դնում, մենք դիմեցինք ոստիկանությանը` խնդրելով դրանք տեղադրել այնպես, որ հսկեն ոչ միայն երթեւեկությունը, այլեւ Տորք Անգեղի հուշարձանը: Բայց քանի որ արձանը քաղաքաշինական միջավայրում չի, դրանից հեռու է գտնվում, այդ հարցը մնաց ու մնաց»,-ասաց նա:
Քանդակագործ Ն. Չարչխյանի համոզմամբ` զննության կարիք ունի նաեւ Մայր Հայաստան արձանը, որը ինքը մի անգամ փորձել է ուսումնասիրել, սակայն թանգարանի տնօրենն անվտանգության նկատառումից ելնելով՝ չի թույլատրել. «Ասաց` ես քեզ չեմ ճանաչում, կարող է բոմբ դնես, բան դնես… Երեւի ինքն էլ իր հերթին ճիշտ է ասում: Ուրեմն պետք է մեկը լինի, որ վարպետին լիազորի զննել քանդակը: Եվ, առհասարակ, ճիշտ կլինի, օրինակ` քաղաքապետարանում մի հաստիք բացել, մի վարպետ պահել, որը տարվա ընթացքում կզբաղվի արձանների զննությամբ»- նկատեց նա:
Կ. Այվազյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Մայր Հայաստան քանդակը գտնվում է պաշտպանության նախարարության բալանսում, ուստի դրա պահպանության, վերականգնման, ամրակայման հետ կապված խնդիրները նախարարությունը պետք է լուծի: «Հիմա ես տեղեկություն չունեմ այն մասին, որ Մայր Հայաստանը վատ վիճակում է, բայց վատ բան չեք ասում, կարելի է հետաքրքրվել: Այն մասնագետների հետ պետք է զննել, տեսնել` խնդիր կա, թե ոչ»,-նշեց նա:
Քանդակագործը առանձնացրեց նաեւ արձանների աղտոտվածության եւ դրանք սխալ, անգրագետ կերպով մաքրելու խնդիրը: «Տեսեք` ինչ վիճակում է Գրիբոյեդովի արձանը. ագռավները այնքան են կեղտոտել, որ բան չի երեւում, նույնը վերաբերում է Աբովյանի, Նալբանդյանի եւ մի շարք այլ արձաններին: Լվալու դեպքում էլ ջուր են օգտագործում, փոշին վերցնում են ու վերջ: Այնինչ քաղաքում աղբամաններ եւ նստարաններ տեղադրելու համար ծախսվող գումարի կեսի կեսն էլ որ տրամադրվի, հատուկ նյութեր կգնեն ու քանդակները դրանցով կմաքրեն, որ արձանների կյանքն էլ երկարի»,-շեշտեց նա:
Կ. Այվազյանն այս հարցում եւս համաձայնեց քանդակագործի հետ. «Խորհրդային տարիներին արձաններ մաքրող հատուկ խումբ կար, որը, թերեւս, նման հեղուկներով էր աշխատում: Այսօր այդ գործով զբաղվում է ԱԻՆ-ը: Մի անգամ ուզում էին քանդակներից մեկը «ռախշայով» լվանալ, արգելեցի: Մենք հիմա արձանները ջրով ենք լվանում: Դա վնաս չի տալիս քանդակին, բայց ոչ էլ լիարժեք մաքրում է այն»:
Աննա Բաբաջանյան