Ես իմ մեղավորության բաժինը նույնպես գտնում եմ. Վահրամ Բաղդասարյանը` մարտի 1-ի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, հայտարարել էր, որ ամբողջ պատասխանատվությունը կրում է այդ օրվա իշխանությունը` միեւնույն ժամանակ փորձելով արդարացնել անձամբ իր գործողությունները:

«Մարտի 1-ը մեր սեւ էջերից մեկն է. այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը պետք չէ թողներ, որ նման բան տեղի ունենար։ Ես այդ իշխանության մաս եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեկանորեն տարբերվում եմ նաեւ մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ կոչ անել ե՛ւ հանրապետության նախագահին, այսինքն՝ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,- ասել էր Օսկանյանը։
Թե ինչ էր փորձում ակնարկել պատգամավորն իր այդ հայտարարությամբ, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:

-Պարո՛ն Բաղդասարյան, օրեր առաջ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նշել էր, որ ինքը ոչ մի մեղավորություն չունի, եւ ամբողջ պատասխանատվությունը այդ օրվա իշխանությունն է կրում: Ըստ Ձեզ՝ Վարդան Օսկանյանը այս ձեւակերպմամբ ի՞նչ էր ցանկանում ակնարկել:

-Պետք չի մեղավորներ փնտրել եւ նման հայտարարություններ անել: Ես դեմ եմ նման հայտարարություններին: Նա պետք է հիմնավորի, թե ինչով կարող են ներկա իշխանությունները մեղավոր լինել մարտի 1-ի իրադարձություններում: Ընդհանուր առմամբ, դա բավականին նուրբ հարց է: Եւ իրավապահները պետք է մեղավորների անունները տան, ոչ թե քաղաքական գործիչները: Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանավորներից մեկն էլ նա է եղել: Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր: Ես դեմ եմ, որ մարդիկ փորձում են արդարանալ որեւէ պրոցեսի շուրջ, դրան կողմնակից չեմ:
Եթե ցանկացած իրավիճակի մեջ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը տեսնի, ինձ թվում է, որ ցանկացած իրավիճակ ավելի շուտ կարելի է շտկել: Խուսափելը մոդայիկ երեւույթ է դարձել: Վերջ ի վերջո իշխանություն նշանակում է, որ բոլորը մասնակից լինեն իշխանական բոլոր գործողություններին: Եւ եթե կա մեղավորություն իշխանության մեջ, ուրեմն յուրաքանչյուրը, ամեն մեկն ունի իր մեղավորության չափը:

-Իսկ Ձեր մեղավորությունը Դուք տեսնո՞ւմ եք:

-Ես չեմ եղել իշխանություն, ես եղել եմ այդ ընթացքում սովորական քաղաքացի, նույնիսկ պատգամավոր չեմ եղել, բայց, համենայն դեպս, ես իմ մեղավորության բաժինը նույնպես գտնում եմ: Ինձ թվում է՝ դրանք պարզապես ինքնապաշտպանական եւ հանրության մեջ ավելի մաքուր երեւալու արտահայտություններ են:

-Իսկ Ձեր գնահատմամբ` արդյո՞ք Վարդան Օսկանյանն իսկապես մեղավոր է մարտի 1-ի իրադարձություններում:

-Ես մեղավորներ փնտրելու ցանկություն չունեմ, դա իրավապահների գործն է: Բայց ամեն դեպքում` ինչու են մենակ իշխանությունների անունը տալիս: Իսկ կազմակերպիչների անուննե՞րը, ովքեր էին կազմակերպում այդ հավաքները, ովքեր էին պատերազմական, հեղափոխական կոչեր անում, ինչ է՝ այդտեղ մեղավորներ չկա՞ն: Այդ իսկ պատճառով այն գերատեսչությունը, որը զբաղվում է այդ խնդիրներով, պատասխանը կտա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս