Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավտոմեքենայի բանալիները Հայաստան-Բելառուս խաղի ընդմիջմանը Բերեզովսկուն հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվեց նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Պարգևը Ռոման Բերեզովսկուն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դարպասապահին նվիրեց նաև նրա յուղաներկ նկարը: Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Հայաստանի հավաքականի կազմում Բերեզովսկին անցկացրել է 94 հանդիպում: