Ապրիլի կեսերից հայկական ավիաշուկայում սպասվում են նոր տեղաշարժեր, քանի որ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը պատրաստվում է սկսել կանոնավոր ավիափոխադրումների իրականացումը: Սակայն թե ինչպիսի փոփոխություններ կլինեն` մասնավորապես ավիատոմսերի գների եւ չվերթների հետ կապված, առայժմ հայտն չէ: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է ինչպես հայկական ավիաշուկայի փոփոխությունների, այնպես էլ նախարարի առաջիկա ծրագրերի շուրջ:
-Պարո՛ն Մինասյան, դեռեւս պատգամավոր եղած ժամանակ Դուք շարունակ բարձրաձայնում էիք Հայաստանի «ինֆարկտային» վիճակում գտնվող տնտեսության մասին: Այժմ որպես էկոնոմիկայի նախարար ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր նկատվեն:
-Առաջիկայում ես ամբողջական կներկայացնեմ իմ պատկերացումները՝ կառավարության քաղաքականության տեսակետից, եւ մեր այն հիմնարար ծրագրային մոտեցումները, որոնցով ակնկալում ենք համատեղ ուժերով առաջ գնալ: Այս պահին այդ հիմնական ուղղությունները, որոնք կառավարությունը հռչակել է որպես գերակայություն, ուժերի մոբիլիզացիան է եւ բարեփոխումների տեմպերի առաջմղումը: Առաջիկայում Դուք կլսեք այս հարցերի պատասխանները: Ես տեսնում եմ իրական հնարավորություն:
–Ապրիլի կեսերին տեղի է ունենալու «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը: Գնային ինչպիսի՞ քաղաքականություն կարող ենք սպասել:
-Գնային եւ այլ պայմաններն իրենց մարքեթինգն է, որ պետք է հրապարակեն: Արդեն մենք տվել ենք թույլտվությունը: Ընկերությունը բավարարում է այսօրվա գործող կառավարական որոշումներով ամրագրված պահանջներին: Մենք ակնկալում ենք, որ գնային քաղաքականության մեջ կլինի դրական փոփոխություն եւ ոչ միայն «Արմենիա» ավիաընկերության, այլ նաեւ առաջիկայում սպասվող մի շարք ավիաուղիների մուտքը, էականորեն կիջեցնեն գները: Ինչ վերաբերում է օդանավակայանի գներին, ապա այդ ծառայությունների գները այս պահի դրությամբ համարվում են մրցակցային, նույնիսկ հարեւան երկու երկրների հետ համեմատած` մեկ ինքնաթիռի հաշվարկով: Եւ բացի դա՝ այս ոլորտում ակնկալում ենք, որ մենք առաջիկայում կունենանք միջազգային ավելի մեծ օպերատորների մուտք, ինչը մրցակցային շատ ավելի լավ պայմաններ կստեղծի: Դա կբերի ոչ միայն գների իջեցմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, այլ նաեւ Հայաստանում այցելությունների թվի էական աճին:
-Պարո՛ն Մինասյան, ըստ Ձեզ՝ «բաց երկնքի» քաղաքականությունը որքանո՞վ է հնարավոր փոխել: Դուք նման հեռանկար դիտարկե՞լ եք:
-Այս պահի դրությամբ որեւէ նման բան նախատեսված չէ, եւ ես չեմ կարծում, որ առաջիկայում նման զարգացում կարող է լինել: Շատ կարեւոր է, որ այս քաղաքականության դրական արդյունքներն առաջիկա ժամանակաշրջանում ակնառու լինեն եւ եթե եղան, վստահ եմ, որ վերանայում դժվար թե լինի: Մյուս կողմից մենք ունենք նաեւ խնդիր, որ յուրաքանչյուր քաղաքականության ինչ-որ ապրոբացիայի ժամանակ պետք է տրվի, որպեսզի կարողանաս ճշգրտումներ կատարել: Մենք այս պահին ավելի շատ մտածում ենք մի քիչ ավելի թեթեւացնելու, քան բարդացնելու մասին, որպեսզի ունենանք այն կանխատեսվող արդյունքը, որ մեր օդային տարածքը լինի հասանելի բոլոր այն ավիաուղիների համար, որոնք որ ունեն միջազգային հեղինակություն եւ կարող են ապահովել անվտանգ եւ ավելի ցածր ինքնարժեքով որակյալ թռիչքներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» թռիչքները դադարեցրեց 2013 թվականի ապրիլի 1-ից` սկսելով սնանկության գործընթաց, ինչից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականություն: Այն, սակայն, կարճ ժամանակ անց հանգեցրեց օտարերկրյա ավիաընկերությունների փախուստին հայկական շուկայից: Արդյունքում` ավիատոմսերի բարձր գների պատճառով ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են օգտվել հարեւան Վրաստանի ավիածառայություններից:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ