Նախկին պատգամավորի կրակոցի գործով. քրեական գործն ունեցավ իր ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո մականունով, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: Եվ, ահա, շուրջ երկու տարի նախկին պատգամավորի մասնակցությամբ կրակոցի գործով հարուցված քրեական գործը ունեցավ իր ավարտը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 20.20-ի սահմաններում: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ ասել էր, թե Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:

Տեղեկացնենք, որ կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել Է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ, ինչպես նաեւ հանդիսանում Է «Աստաֆյան զվարճանքների կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ եւ միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ «Աստաֆյան» ՓԲԸ-ին՝ ընտրվելով ընկերության նախագահ: Իսկ ի՞նչն էր եղել կրակոցների պատճառը :

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ավագյանը՝ Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների:

Դեպքից հետո նախկին ԲՀԿ-ական պատգամավորը ինքնակամ ներկայացել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ու մինչ իրավապահները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվել վերոնշյալ օրը, նախկին ԲՀԿ-ական պատգամավորը շտապում էր իրավապահներին հայտնել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Իսկ կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված եւ վիրահատության ենթարկված Սուրեն Իսահակյանն էլ հայտարարում էր, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Մինչդեռ իրավապահները պարզել էին, որ Սուրեն Իսահակյանին կրակել են Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող ՍՊԸ-ի գրասենյակում:

Ինչեւէ: Այս հանգամանքը չխանգարեց, որ նախաքննական մարմինը որոշում կայացներ եւ Արսեն Ավագյանին առաջադրված մեղադրանքը փոփոխեր: Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ վնաս հասցնելու հատկանիշներով, որը նախատեսում է առավել մեղմ պատիժ՝ ազատազրկմամբ կալանքով մեկից երկու ամիս ժամկետով:

Եվ, ահա, 2015թ. դեկտեմբերի 25-ին վերոնշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ էության նախկին ԲՀԿ-ական պատգամավորը այս ընթացքում փորձել էր իր բիզնես գործընկերոջ հետ հաշտության եզրեր գտնել: Պարզեցինք, որ վերջինս ծանոթանալով իրեն առաջադրված նոր մեղադրանքի հետ՝ իրեն լիովին մեղավոր էր ճանաչել:

Իսկ ինչ էր ասել նախկին պատգամավորի կրակոցի արդյունքում հիվանդանոց տեղափոխված Սուրեն Իսահակյանը: Տեղեկացանք, որ Սուրեն Իսահակյանն ասել է, որ բողոք եւ պահանջ չունի, չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության:

Առաջին ատյանի դատարանն էլ հաշվի առնելով տուժողի եւ ամբաստանյալի վերոնշյալ դիրքորոշումները՝ գտնում է, որ ի հայտ է եկել կարեւոր հանգամանք (հիմք), որոշում է կայացրել նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել տուժող Սուրեն Իսահակյանի բողոքի բացակայության հիմքով:

Այսպիսով՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արսեն Ավագյանը կրակեց, կարողացավ հասնել նրան, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը մեղմացվի, տուժողը չբողոքի եւ, ի վերջո, նա կալանքից եւ քրեական հետապնդումից վերջնականապես կազատվի: Իսկ թե ինչ գնով նա կարողացավ հասնել այս ամենին, թերեւս այլ թեմա է:

Քնար Մանուկյան




Լրահոս