Մի շարք սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Սաթենիկ Հազարյանը երկրորդ երեխայի ծնունդից հետո էլ ավելի մեծ եռանդով է սկսել աշխատել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հղիության ինը ամիսների ընթացքում բուռն ստեղծագործական կյանք է վարել, իսկ յոթերորդ ամսում էլ մեկնել է արտերկիր` մասնակցելու փառատոնի: Այժմ արդեն դերասանուհին աղջկանից մեծ ուժ եւ էներգիա է ստանում, ինչն էլ դրդում է հաջողություններ գրանցել կարիերայում:
Սաթենիկը մեզ տեղեկացրեց, որ վերջերս Մոսկվայում մասնակցել է քասթինգի` ռուսական ֆիլմում նկարահանվելու համար. «Սպասում եմ արդյունքին, եթե անցնեմ քասթինգը, ես այդ ֆիլմում կլինեմ միակ հայ դերասանը: Նկարահանումները կսկսվեն աշնանը»: Ի դեպ, Սաթենիկը ներգրավված է նաեւ տեղական երկու կինոկատակերգություններում:
Դերասանուհին նաեւ նշեց, որ պատրաստվում է ներկայանալ մոնո-ներկայացումով, որով ծրագրում է հանդես գալ Չեխիայի եւ Բելգիայի փառատոներում: «Ներկայացումը մի փորձառու կնոջ մասին է, որին շատ եմ նմանեցնում ինձ: Նրա կյանքի խնդիրների մասին մենք իմանում ենք ընկերուհուն, ամուսնուն ուղղված հեռախոսազանգերի միջոցով: Իմ կերպարը արդեն կյանքի փորձ ունեցող կին է, որը հասել է իմաստության: Ի դեպ, ներկայացման սցենարիստը հայ չէ, պիեսը ռուսերեից թարգմանվելու է հայերեն»,-ասաց դերասանուհին` առայժմ չցանկանալով ամբողջովին բացել փակագծերը:
Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել ընտանեկան կյանքը ակտիվ ստեղծագործական գործունեության հետ, Սաթենիկը պատասխանեց. «Ես էությամբ թռի-վռի մի ճպուռ եմ, այլապես չէի հասցնի երկու երեխաներիս խնամելուն զուգահեռ այդ ամենն իրականություն դարձնել եւ բավականաչափ էներգիա հավաքել: Այնուամենայնիվ, նրանք միայն ու միայն օգնում են ինձ իմ գործում կայանալու հարցում»:
Աննա Բաբաջանյան