Դեռ համակարգը պատրաստ չէ. Դավիթ Բաբայանը` ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ, մարտի 14-ին դիմել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Այլ կերպ ասած՝ առաջիկայնում ԼՂ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ե՞րբ կարող է տեղի ունենալ:

-Դեռ նախագիծը պատրաստ չէ, որեւէ բան չկա: Նախագահը ստորագրել է հրամանագիր` մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ: Այդ հանձնաժողովը սկզբից պետք է ներկայացնի հայեցակարգ, թե ինչ տիպի նախագծեր կարող են լինել, բարեփոխումները ինչ ձեւով պետք է ընթանան, ինչ մոդել պետք է ընտրվի, եւ դրանից հետո նոր պետք է սկսեն աշխատանքներ ընթանալ այդ փաստաթղթի վրա: Միայն դրանից հետո պետք է լայն քննարկումներ, լայն դեբատներ լինեն եւ միայն վերջում, եթե նախագիծը ընդունվի, կլինի հանրաքվե: Մենք դեռեւս գտնվում ենք գործընթացի նախնական փուլում:
Հայեցակարգը մշակվելուց հետո պետք է նախագահին ներկայացվի մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը, որի մեջ կարող են լինել մի քանի բարեփոխումների տարբերակներ: Եթե դրանցից մեկին հավանություն տրվի, ապա մինչեւ սեպտեմբերի 10-ը պետք է մշակվի եւ նախագահին ներկայացվի արդեն սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Եթե դրան էլ հավանություն տրվի, ապա հանրային քննարկումներից հետո կլինի հանրաքվեն:

-Ի՞նչը հիմնական պատճառ հանդիսացավ սահմանադրական փոփոխությունների գնալու որոշում կայացնելու համար:

-Մինչեւ Հայաստանում այդ գործընթացի մեկնարկը, այստեղ կային որոշ քաղաքական ուժեր որոնք հուշում էին, թե ժամանակ է Արցախում իրականացնել բարեփոխումներ: Ցանկացած բարեփոխում օբյեկտիվ բնույթ պետք է կրի: Բնական է, որ մենք ՀՀ հետ ինտեգրված ենք նաեւ իրավական դաշտում: Իհարկե, երկու պետություններում տեղի ունեցող գործընթացները ազդում են մեկը մյուսի վրա: Բայց դա միակ հանգամանքը չէ, այդ քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում եւ արտախորհրդարանում, դիմել են բարեփոխումների համար, նախաձեռնությունը իրենց է: Եւ այդ ուժերը կարծում են, որ ժամանակ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:

-Պարո՛ն Բաբայան, ամեն դեպքում, նոր Սահմանադրությամբ ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը ավելի չի՞ ամրապնդելու իր դիրքերը կառավարման համակարգում՝ որպես իշխող ամենամեծ կուսակցության ղեկավար:

-Դեռ համակարգը պատրաստ չէ: Այն կարող է ընդունվել կամ մնա հինը, միգուցե մերժվելու է: Մենք չգիտենք՝ դեռեւս ինչպես է ընթանալու: Եթե բոլոր փուլերն անցնեն, նոր կարող ենք խոսել այս կամ այն տարբերակի մասին:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս