Բրյուսելի ահաբեկչության ազդեցությունը զգալի կլինի թե՛ ընդհանրապես աշխարհաքաղաքական, թե՛ մասնավորապես ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների վրա: Ակնհայտորեն Եվրոպայի սրտում իրականացված տեռորը խորը հետքեր է թողնելու գերտերությունների արտաքին քաղաքականության մշակման վրա` ծայրահեղական գործելակերպը դարձնելով ավելի ընդունելի:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում արտաքին քաղաքականությունը ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը անմիջական ազդեցություն ունի աշխարհի բոլոր երկրների վրա, անհնար է գերագնահատել այն: Ամերիկացիները եւս շատ լավ են հասկանում սա, ուստի հատկապես նախագահական ընտրություններում մեծ տեղ են հատկացնում արտաքին քաղաքականությանը:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներսում ընթացող նախագահական մրցավազքում մնացել են երեք թեկնածուներ` գործարար Դոնալդ Թրամփը, Թեքսասի սենատոր Թեդ Քրուզն ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: Եվ, ահա, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը համարժեք պատասխան տալու հարցում ԱՄՆ-ի նախագահական թեկնածուների միջեւ կարծես նոր ընդհանուր դաշտ ստեղծվեց: Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի պատվանդանին հավակնող գործարար Թրամփը հայտարարեց, որ Բրյուսելի ահաբեկչությունն ապացուցել է իր իրավացիությունը: Նա հաստատել է իր պատրաստակամությունը փակել մահմեդականների մուտքը ԱՄՆ` առնվազն միջանկյալ ժամանակահատվածով:
Թրամփը կրկնել է բազմաթիվ քննադատությունների արժանացած պնդումը, թե պետք է ավելի խստացնել տեռորիստների հարցաքննությունները: Իսկ, ահա, Թեքսասի սենատոր Քրուզը նկատել է, որ պետք է խստացնել ոստիկանական վերահսկողությունը երկրում եւ առանձնապես մահմեդական միջավայրում` զերծ պահելով նրանց ծայրահեղականացումից: Այս առաջարկը ոգեւորություն էր առաջացրել Դոնլդ Թրամփի մոտ, որն իր համաձայնությունն էր տվել դրան` որպես իր մեծ ծրագրի առաջին բաղադրիչ:
Հատկանշական է, որ նախագահական մրցավազքում հանրապետականների` արտաքին քաղաքականության ագրեսիվացման առաջարկները պարարտ հող են ստանում նմանօրինակ ահաբեկչական ակտերից: Կարծիք կա, որ Բրյուսելի ահաբեկչությունը լուրջ նշանակություն կունենա Թրամփի առաջխաղացման հարցում, որի հեռուն գնացող, ինչ-որ տեղ արեւմտյան ժամանակակից արժեհամակարգին հակասող ու հատկապես մարդու իրավունքները ոտնահարող ծրագրերը լայն մասսաների մոտ աստիճանաբար ավելի ընդունելի են դառնում: Դրա վառ վկայությունը նախորդ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի ահաբեկչությունն ու վերջինիս անմիջական ազդեցությունն էր նախագահական մրցավազքի վրա, երբ ավելի արմատական թեկնածուները միանգամից սկսեցին մեծ ժողովրդականություն վայելել:
Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հարցաքննության ժամանակ տեռորիստներին կտտանքների ենթարկելու նպատակահարմարության մասին: Նա կոչ է հղել Բելգիայի իշխանություններին լուրջ ճնշումներ բանեցնել ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված Սալահ Աբդեսլամին հարցաքննելիս. «Նա խոսելու է, սակայն կտտանքների դեպքում դա կլինի շատ ավելի արագ»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության թեկնածուն: Հատկանշական է, որ նույն տրամադրություններն է փոխանցում նաեւ Դեմոկրատական կուսակցության առաջատար Հիլարի Քլինթոնը: Վերջինս հայտարարել է, որ լինելով ԱՄՆ պետքարտուղար` ինքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է բարդ որոշումներ կայացնելու իր պատրաստակամությունն ու ունակությունը:
Քլինթոնը ընդգծել է ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը հավասարակշիռ ու համարժեք պատասխան տալու անհրաժեշտությունը: Նախկին առաջին տիկինը կոչ է արել Եվրոպական երկրներին ուժեղացնել սահմանների վերահսկողությունը` մասամբ այդ բացթողումը դիտարկելով իբրեւ ահաբեկչության տարածման խթան: Նկատելի է, որ դեմոկրատների ճամբարում Քլինթոնի դիրքորոշման կոշտացումը ընտրողների շրջանում նրան հավելյալ աջակցություն է խոստանում` հաշվի առնելով քաղաքացիների բնական վախերի սաստկացումը: Նրա մրցակից սենատոր Բեռնի Սանդերսը ավելի ամուր դիրքերում է գտնվում երկրի տնտեսության կարգաբերման հարցերում, սակայն արտաքին քաղաքականության մեջ զգալիորեն զիջում է իր մրցակցին:
Հայաստանում քաղաքական ահաբեկչությունների շարքում հիշատակելի է հատկապես Հոկտեմբերի 27-ը: Հիշենք, որ այս ոճրագործությունից հետո ձերբակալված մի շարք անձանց հարցաքննությունների ժամանակ եւս, ըստ բողոքների ու մամուլի հրապարակումների, կտտանքներ էին կիրառվել: Այս հանգամանքը առաջացրել էր որոշ շերտերի խիստ դժգոհությունը, եւ հատկապես Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո գործի բացահայտումը փաստացի դադարել էր, իսկ ձերբակալված ահաբեկիչները հապճեպորեն փոխել էին իրենց սկզբնական ցուցմունքները, որոնք, ի դեպ, կապվում էին ԱԺ պատգամավորների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Այսօր, սակայն, հայաստանյան քաղաքական դաշտն ու հասարակությունը անհաղորդ են ահաբեկչության վտանգի նկատմամբ, ինչը հատկապես դրսեւորվեց մի քանի ամիս առաջ Նորք-Մարաշում իշխանության պնդմամբ ահաբեկչություն նախապատրաստող խմբի ձերբակալության հարցում: Հատկանշական է, որ քաղաքական ահաբեկչության մասին լուրը միանշանակ չընդունվեց հասարակության ներսում` անգամ հարուցելով ոմանց ափսոսանքը տեռորի կանխման կապակցությամբ: Ձեւավորված այսպիսի մթնոլորտը նորմալ իշխանության համար շուտափույթ բարեփոխումներ նախաձեռնելու ազդակ կհանդիսանար, սակայն Հայաստանում տեղի է ունենում նույն «վարուցանքը», ինչը լեցուն է անկանխատեսելի հետեւանքներով` սպառնալով ետ գլորել Հայաստանը եւս մի քանի տասնամյակ:
Ն. Հովսեփյան