Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` առաջիկա օգոստոսին սպասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան: Թեեւ այդ տեղեկատվությունը ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է` առայժմ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, այդուամենայնիվ, արդեն իսկ նշվում է նաեւ այցի հստակ ժամկետը` օգոստոսի 12-13-ը: Այդ կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետներն ու փորձագետներն արդեն իսկ շտապում են հաղթական վերլուծություններ կատարել` ռուս-ադրբեջանական գնալով ավելի սերտացող հարաբերությունների եւ դրա արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացման շուրջ: Կգնա Պուտինը Ադրբեջան, թե ոչ` այս պահին դեռ պաշտոնապես հայտնի չէ: Սակայն հիշեցնենք, որ անցած տարի՝ ճիշտ այս օրերին, հայկական քաղաքագետներն ու փորձագետներն էին դատողություններ անում` Պուտինի` Հայաստան գալուն սպասելով: Սակայն ոչ անհայտ Կոնստանտին Զատուլինի դեռ հունիսին արած «աչքալուսանքն» այդպես էլ իրականության չդարձավ. Պուտինը Հայաստան չեկավ ո՛չ օգոստոսին (փոխարենը Սերժ Սարգսյանին կանչեց Մոսկվա` այն էլ նրա արձակուրդի ընթացքում), ո՛չ հոկտեմբերին` ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակներում, ո՛չ դեկտեմբերին` Գագիկ Ծառուկյանի` առաջադրվել-չառաջադրվելու նախօրեին, ո՛չ էլ արդեն ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Եվ այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի` Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը սահուն կերպով սկսեց փոխվել (հընթացս չմոռանանք նշել Սաֆարովի արտահանձնման հարցում ՌԴ կեցվածքը), մինչեւ գազի սակագնի թանկացմամբ ու Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակվողական զենքի վաճառքի գործարքով արդեն հստակ ազդարարվեց, որ հայ-ռուսական «եղբայրություն» ասվածն անգամ ֆորմալ առումով այլեւս գոյություն չունի: Եվ ահա այս իրավիճակում, այն էլ` Պոդոլսկի ավտովթարի մեղավոր հայ վարորդի շուրջ բորբոքված հակահայկական տրամադրությունների ֆոնին եթե Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ գնա Ադրբեջան, ապա դա արդեն կլինի լուրջ ազդակ առ այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խզումը դառնում է անվերադարձ: Քանզի Պուտինի կողմից սեփական ռազմավարական դաշնակցին արհամարհելն ու վերընտրությունից հետո այնտեղ ոտք չդնելը, փոխարենն այդ դաշնակցի թշնամուն զինելուց հետո ցուցադրաբար այնտեղ այցելելն ու նավթագազային սիրախաղ սկսելը կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են իրենց հռչակած «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունն ու մնացել եվրոպական «կամ»-ի հույսին` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում պատրաստվում է պատերազմի:
ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ