Մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը: Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը նրա առողջական վիճակի մասին հետևյալն է հայտնում:
«Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք: Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը:
«Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա»: