ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, թե հայրենի իշխանությունների մեղավորությունն է, որ այսօր ոչ մի երկրում ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ: Մեր զրուցակցի խոսքով` աշխարհի բոլոր երկրներում գործող ՀՀ դեսպանատները չեն ծառայում իրենց նպատակին:
-Պարո՛ն Կարապետյան, հուլիսի 13-ին Պոդոլսկի  ողբերգական  ավտովթարի պատճառ դարձած անսարք բեռնատարի հայ վարորդի նկատմամբ ՌԴ իրավապահների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը  հարուցել է հայ հանրության վրդովմունքը: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ՌԴ իրավապահների եւ լրատվական դաշտի պահվածքին:
-Ես կարծում եմ` առաջինը պետք է հասկանալ, որ տեղի ունեցածն իսկապես ողբերգություն է: Հասկանալի է նաեւ, որ մարդը միտումնավոր չի գնացել այդ ամենին: Այդ մարդը շատ վատ վիճակում է եղել ու դատարանի դահլիճում է աչքերը բացել ու հասկացել, թե ինքը որտեղ է գտնվում: Դա բարդ քաղաքական պրոբլեմ սարքեցին, այդ խալաթը հագցրին ու դատարան տարան, դա իսկապես լուրջ խնդիր է: Յուրաքանչյուր մարդու, երբ հողաթափերով ու խալաթով բերում են դահլիճ… դա չպետք է երբեւէ լիներ: Բայց կարեւորագույն խնդիրն այն է, թե այդ մարդն ինչ էր անում ՌԴ-ում: Ինչո՞ւ էր գնացել Ռուսաստան: Որովհետեւ այստեղ այնքան են թալանել, այնքան են ամեն ինչի հերն անիծել, որ 2 միլիոն մարդ արտագաղթել-գնացել է այնտեղ: Ու Ռուսաստանում իրենց նմանները շատ են ու հազարավոր պրոբլեմների առաջ են կանգնում: Նրանց պետությունն էլ կատարելագործված չէ, միլիոնավոր խնդիրներ են ծագում: Ես այնտեղ հազարավոր մարդկանց հետ եմ շփվում, ու միայն պետք է տեսնեք, թե ինչ խնդիրներ կան. օրերով հերթերի մեջ են պահվում, որպեսզի այդ միգրացիոն փաստաթղթերը ստանան եւ կարողանան աշխատանքի իրավունք ունենալ: Ու այնտեղ հայկական դեսպանատուն գոյություն չունի: Մի հատ հարցրե՛ք, թե հյուպատոսական ծառայությունը քանի մարդ է, այդ մարդիկ ինչով են զբաղված, ու, ընդհանրապես, այդ դեսպանատունն այնտեղ ինչ է անում: Եվ առհասարակ, աշխարհում հայկական դեսպանատներն ինչո՞վ են զբաղված իրենց ԱԳ նախարարության հետ միասին:
-Բայց ՌԴ-ն մշտապես համարվել է մեր «մեծ եղբայրը», Հայաստանում ռուսամետ տրամադրություններն են իշխում, ռազմավարական դաշնակիցներ ենք եւ այլն, ինչո՞ւ Ռուսաստանը նման ստորացուցիչ ձեւով վարվեց մեր՝ հայերիս հետ:
-Ես կարծում եմ, որ առաջին հերթին նա այլեւս մեզ իր եղբայրը չի համարում, եթե Ադրբեջանին զենք է վաճառում, այն էլ այդպիսի զենք, էլ ի՞նչ մեծ եղբայր: Առաջինը՝ ինքն իր քաղաքականությունը չի կարողանում կոռեկտ ձեւակերպել մինչեւ վերջ, որպեսզի հասկանանք մինչեւ վերջ՝ ինչն ինչ է: Մյուս կողմից էլ` էս ախմախների ձեռքը կրակն է ընկել, այսպես ասած` անգլուխ, անիշխան էլիտայի ձեռքը:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀՀ  իշխանությունները  որեւէ կերպ չեն արձագանքում ՌԴ-ի նման պահվածքին:  Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը միայն ցավակցական հեռագրեր են ուղղել ՌԴ իրենց գործընկերներին` որեւէ կերպ մեր հայրենակցին չանդրադառնալով…
-Ինչի՞ն արձագանքեն, ի՞նչ արձագանք, էդ մեր պետությունը ո՞ր մի դեպքին է արձագանքել, որ նման ողբերգությանն արձագանքի: Հազիվ կարողանան տարբեր պատերի տակ փսփսալ, ինչը շատ հեշտ է: Ս. Սարգսյանն ու իր շրջապատը շատ լավ հասկանում են, որ եթե մի քիչ թպրտան, ինչ կբերեն իրենց գլխին: Դրա համար էլ այսօրվա իշխանության պարագայում ով ինչպես ուզում է, իրեն այդպես էլ պահում է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Եթե տեղի քաղաքացուն կարելի է «Հարսնաքար»-ում տալ սպանել, ինչո՞ւ չի կարելի դա այնտեղ էլ անել: Եթե կարելի է երկրում այնպիսի վիճակ ստեղծել, որ ազատամարտիկը հացադուլ ու նստացույց անի Ազատության հրապարակում… նայում են, չէ՞, թե դու քո երկրի ներսում քո քաղաքացուն ինչպես ես վերաբերվում: Մի հատ զանգե՛ք, հետաքրքրվե՛ք միգրացիոն ծառայությունից, թե Կրասնոդարի եւ այլ մարզերում ինչ է կատարվում, ոնց որ պատերազմից փախուստ լինի: Տեսե՛ք, թե ինչ վիճակում են մարդիկ իրենց երեխաներով… չոլերով… տեսե՛ք՝ ոնց են արտագաղթում: Եթե նայում տեսնում են՝ այդ վիճակն է, ի՞նչ եք կարծում,  հարգանք կունենա՞ն այդ երկրի քաղաքացու նկատմամբ:
-Իսկ այս դեպքի հետ կապված` մեր իշխանությունները կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեին:
-Կոնկրետ այս դեպքում Հայաստանը պետք է դիվանագիտական նոտա հղեր՝ միանշանակ, միանգամից հայտարարելով, որ իմ քաղաքացու նկատմամբ արդարադատությունը կիրառեք առանց որեւէ նվաստացուցիչ հանգամանքների: Ցավակցում ենք, հասկանում ենք, բայց պահանջում ենք, որ մեր քաղաքացիների նկատմամբ նորմալ վերաբերմունք լինի: Սա առաջին դեպքը չէ, այդքան մարդ սպանվեց ՌԴ-ում՝ ՀՀ քաղաքացի, մի հատ նոտա տվեցի՞ն:
-Նշվում է նաեւ, որ մեքենան անսարք է եղել, ու հայ վարորդի մեղքն այստեղ շատ քիչ է:
-Ինչ ուզում է լինի, հայ վարորդը մեղավոր է: Ի՞նչ է նշանակում՝ մեղավոր չէ, թող դանդաղ քշեր, նման բան տեղի չունենար: Ուրիշ հարց է, որ վարորդը միտում չի ունեցել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս