Երեկ տեւական հետաձգումներից հետո ազատամարտիկները վերջապես հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես եւ սպասվում էր, այդ հանդիպումը դրական արդյունք չտվեց, եւ ազատամարտիկները բավական դժգոհ դուրս եկան երկրի գործադիր մարմնի ղեկավարի աշխատասենյակից:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրանք պահանջում են մշտական աջակցություն՝ օրենսդրորեն ամրագրված, եւ ոչ թե մեկանգամյա նվիրատվություն:
Նշենք, որ ազատամարտիկներն առաջարկությունների փաթեթ են ներկայացրել Տիգրան Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որով պահանջում են ընդունել օրենք «Կամավոր ազատամարտիկի մասին»: Իսկ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքն այդքան էլ չի գոհացնում ազատամարտիկներին:
Խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են ազատամարտիկները, նորություն չեն, դրանք տարիների պատմություն ունեն, եւ պետք է որ վարչապետն առնվազն տեղյակ լիներ ազատամարտիկների խնդիրներից եւ նրանց հետ հանդիպման ժամանակ կոնկրետ լուծումներ առաջարկեր: Ի՞նչ լուծումներ է ձեզ առաջարկել ՀՀ վարչապետը: Այս հարցին ի պատասխան՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Վարչապետը խոստացավ հանձնաժողով ստեղծել, որը կպարզի իրական եւ կեղծ ազատամարտիկներին: Կրկին մեկուկես ամիս ժամանակ խնդրեց մեզանից: Իսկ գումարների մասով ասաց` մյուս տարի: Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Հիմա նստացույցը շարունակվում է, եւ գոհ չենք հանդիպումից»:
Սովորաբար Հայաստանում ընդունված է ցանկացած կարեւորագույն խնդիր կոծկել կամ հասարակության ուշադրությունը շեղել որեւէ բարդ ստորադասական նախադասությունից կազմված անվանումով հանձնաժողով ստեղծելու ճանապարհով: Թերեւս այս հանձնաժողովը եւս կլինի այնպիսին, ինչպիսին որ եղավ, օրինակ, մարտի 1-ի հանձնաժողովը, որը ոչինչ չտվեց մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ չնպաստեց գործի բացահայտմանը: Բացի այդ, ազատամարտիկների խնդիրների լուծման համար որպես ժամկետ նշելով 2014 թվականը՝ երկրի վարչապետն այդպես էլ չի բացատրել, թե մինչ այդ ինչ պիտի անեն սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող ազատամարտիկները, նրանք այս տարի չպե՞տք է ապրեն, պետք է շունչները պահած սոված նստեն ու սպասեն, թե ե՞րբ է գալու 2014թ.: Թերեւս զարմանալի չէ Տ. Սարգսյանի նման պահվածքը ազատամարտիկների նկատմամբ, քանի որ նա շրջապատված է բացառապես բանակում չծառայած եւ օսլայած մազերով երիտասարդներով:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ