Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում միայն մեկ բան է կարողացել անթերի իրականացնել. լուրջ հարցերի վերաբերյալ գործողությունների իմիտացիա ստեղծելը: Նա այդպես է վարվել ամեն անգամ, երբ հերթը հասել է որեւէ խնդրի վերաբերյալ կտրուկ որոշումներ կայացնելուն ու հստակ լուծումներ տալուն:
Փորձագետների պնդմամբ՝ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրին: Մինչ քաղաքական դաշտը ամառային տապին քննարկում է «ԵՄ, թե ՌԴ-ի հեղինակած Մաքսային միասնական միություն» դիլեման, փորձում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վերաբերյալ կանխատեսումներ ու վերլուծություններ անել, փորձագետները պնդում են, որ, այնուամենայնիվ, այս գործընթացը եւս կսկսվի ու կավարտվի հերթական իմիտացիայով. Ս.Սարգսյանն այս հարցում եւս վերջնական որոշում չի կայացնի եւ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը կփորձի երկարաձգել այդ խնդիրը. առավել եւս, որ ունի դրա հնարավորությունը:
Ինչպես հայտնի է, աշնանը Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ նախատեսված է այդ համաձայնագրի նախաստորագրումը: Այսինքն` համաձայնագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո կողմերը պետք նախաստորագրեն փաստաթուղթը, որից հետո այն ներկայացվելու է Հայաստանի ու ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների` առանձին-առանձին քննարկմանն ու հաստատմանը: Այդ ընթացքում Հայաստանը պետք է սկսի նաեւ, ԵՄ ասոցացման համաձայնագրի դրույթների համաձայն, բարեփոխումներ կատարել: Ընդ որում, բարեփոխումներն արվելու են գրեթե բոլոր ոլորտներում` ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ գործնական մակարդակով: Եվ միայն այն բանից հետո, երբ ԵՄ-ն համարի, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները, իսկ ՀՀ-ի ու ԵՄ անդամ երկրների խորհրդարանները հաստատեն համաձայնագիրը, փաստաթուղթը վերջնականապես կստորագրվի եւ ուժի մեջ կմտնի:
Ըստ փորձագետների այս գործընթացը, սակայն, բավական երկար կտեւի, ընդհուպ մինչեւ` 5-6 տարի: Իսկ մինչ այդ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը. «Կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը»: Համենայնդեպս, իշխանական վերնախավին մոտ կանգնած անձինք նույնպես մասնավոր զրույցներում պնդում են, որ Ս.Սարգսյանի հույսը եւս դա է` ձգձգել գործընթացը մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: Առավել եւս, որ մի կողմից նախաստորագրելով համաձայնագիրն ու այդ ուղղությամբ մանր-մունր քայլեր անելով՝ Ս.Սարգսյանը կփորձի սիրաշահել իր լեգիտիմության բացակայության վրա աչք փակող Արեւմուտքին, մյուս կողմից էլ կփորձի այն որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործել նույն Արեւմուտքի ու Ռուսաստանի դեմ: Թե որքանով դա կհաջողվի Ս. Սարգսյանին, այլ հարց է:
ԸՆԴԴԵՄ
ԻՆՔՆ ԻՐԵՆ
Բանն այն է, որ Հայաստանը դեռ պետք է կատարի ԵՄ առաջ ստանձնած պարտականություններն ու գնա բարեփոխումների: Թե կոնկրետ ինչ բարեփոխումների մասին է խոսքը, առայժմ դժվար է ասել, քանի որ հայտնի չէ համաձայնագրի տեքստը: Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, այդ բարեփոխումները բավական «ցավալի են լինելու» իշխանությունների համար: Այնպես որ, ենթադրվում է` մի քանի ցուցադրական քայլից հետո Ս.Սարգսյանը պարզապես զբաղվելու է ժամանակ ձգձգելով ու այդպես գործընթացը սառեցնելով: Մանավանդ որ այլ երկրների դեպքում եւս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրումից հետո բավական ուշ է ուժի մեջ մտել. օրինակ՝ Ուկրաինայից այդ գործընթացը մոտ 8 տարի է պահանջել. այնտեղ դա սկսվել էր դեռ 2005 թվականից, այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ Ուկրաինան վերջնականապես կստորագրի ԵՄ-ի հետ իր ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան էլ կնախաստորագրեն իրենցը:
Թեեւ մյուս կողմից նկատենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կեսկատակ հայտարարել էր, որ եթե ՀՀ իշխանությունները խախտեն վերջնաժամկետները, ՀՀ-ին «դատի կտանք»: Ճիշտ է` Ֆյուլեն նաեւ հավելել էր, թե «դատի տալու» մասին ակնարկներով ինքը հումոր է անում, սակայն հասկանալի է, որ նման թեմաներով կատակները պատահական չեն լինում, առավել եւս՝ դիվանագետների կողմից: Այնպես որ, Ֆյուլեի այս կատակներին պետք է լրջությամբ վերաբերել :
ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԻԳՈՒՑԵ ԿՅԱՆՔԻ ՉԿՈՉՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ