«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը տուժած քաղաքացիներին երեկ իր մոտ է հրավիրել եւ բանկի երեւանյան գլխամասի ներկայացուցիչների ներկայությամբ հետ վերադարձրել նրանց գրավադրած ոսկեղենը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի բարձրացրած աղմուկից հետո բանկի աշխատակիցները ներողություն են խնդրել վարդենիսցիներից` իրենց անհանգստացնելու համար: Ակնհայտորեն փոխված ու խեղճացած է եղել նաեւ Արտյոմ Մկրտչյանը, որը գլուխը կախ արել է այն, ինչ ասել է «վերադասը»:
Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել էին «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են, գնացե՛ք, կտրոն տված աշխատակցի՛ց պահանջեք ձեր գումարները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախապատրաստվող նյութերի հետաքննությունը շարունակվում է: Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում բանկից տուժածների թիվն օր օրի ավելանում է: Մինչ օրս հայտնի էր, որ «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղից տուժած քաղաքացիների թիվը հասնում է մոտ 150-ի:
ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ