ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՅՐՆ ԷԼԻ ԱՆՈՒՆՆԵՐ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեւռես 2013թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարական էր տվել բացահայտել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը: Հատուկ հանձնարարականից անցել է գրեթե 2 ամիս: Ի՞նչ նոր բացահայտումներ են արվել:
Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանը սպանվել էր 2009թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:15-ին, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում վերելակից դուրս գալիս: Մարդասպանը 8 կրակոց էր արձակել նրա ուղղությամբ, որոնցից 5-ը դիպել էին նրա գլխին, կրծքավանդակին:
Անցել է 4 տարի, սակայն չարաբաստիկ այս դեպքը մինչ օրս բացահայտված չէ: Ի վերջո, ի՞նչը կարող էր փոխոստիկանապետի սպանության պատճառ դառնալ: Այս հարցի պատասխանը դեռ անհայտ է իրավապահներին. թեեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Մհերյանի սպանության բացահայտումը հրապարակավ համարեց ոստիկանների պատվի հարց: Միայն Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանն է մշտապես հայտարարել, որ իր որդին ուներ մեկ USB կրիչ, որին մեծ խնամքով էր վերաբերում: Եվ գուցե այն կարող էր սպանության պատճառ դառնալ:
«Սպանությունից հետո մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռչեին: Երբ ես սկսեցի ֆլեշկան ման գալ, որոշ ժամանակ անց կանչեցին հարսիս եւ ասացին, թե սա այն ֆլեշկան է, որը Գեւորգի հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց ոչ միայն ֆլեշկեքը չկան, այլեւ ֆաքսը եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրությունները: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են «մաքրել» այս պատմությունից»,-մշտապես նշել է Պ. Մհերյանը:
Նշենք, որ սպանության գործի նախաքննությունը ստանձնել էր Անդրանիկ Միրզոյանի ղեկավարած ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Հետո քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանը կասեցրեց գործի վարույթը, եւ միայն Գ. Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի բողոքներից հետո այդ որոշումը վերացվեց, եւ քրեական գործն ուղարկվեց ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննչական վարչություն՝ քննությունը շարունակելու:  
Սակայն ոստիկանության քննիչներն ու հետախույզներն էլ առանձնապես ջանքեր չեն թափում ոստիկանի պատիվը բարձր պահելու համար, եւ Մհերյանի սպանության գործում դեռ որեւէ տեղաշարժ չկա: Ինչո՞վ է զբաղված Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որին Վլադիմիր Գասպարյանը հատուկ հանձնարարական է տվել Մհերյանի գործով: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ:
«Բոլոր ոստիկաններիս է հանձնարարված, այդ թվում՝ նաեւ ինձ: Ես ունեմ այս գործի հետ կապված իմ նկատառումները, սակայն այս պահին չեմ կարող ասել: ՀՀ ոստիկանապետի կողմից նպատակ է դրված, որ այս գործը բացահայտվի եւ պետք է բացահայտվի, սակայն ոչ մի պրոֆեսիոնալ ոստիկան չի կարող ասել, թե առավելապես ծանր հանցագործության դեպքերն ինչ ժամանակահատվածում կբացվեն: Նման հանցագործությունների դեպքում կարեւորն այն է, որ աշխատանքները չդադարեն: Եթե աշխատանքները դադարեն, բացահայտման հեռանկարները կդադարեն, իսկ եթե աշխատանքները շարունակական լինեն, բացահայտումներն ավելի սպասելի կլինեն հանրության համար»,-բացատրեց Երեւան քաղաքի ոստիկանապետը:
Այս անգամ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Մհերյանի հայրը մի փոքր ավելի «բացվեց»: Նա հիշեցրեց, որ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում իր որդու սպանության չբացահայտման համար շահագրգռված մի շարք մարդկանց անուններ էր տվել` ի դեմս ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ոստիկանության նախկին աշխատակից (ՄՌՈ-ի պետ) Արթուր Մարգարյանի, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Կարեն Բաբակեխյանի, քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանի, եւ առաջիկայում էլի լուրջ մարդկանց անուններ կտա:
«Հիմա չեմ ցանկանում այդ մասին ասել, քանի որ նոր հանձնարարականներ են տրված գործի բացահայտման մասով: Նախաքննություն է ընթանում, եւ չեմ ցանկանա խանգարել նախաքննության ընթացքին, բայց որ կտամ լուրջ անուններ, դա հաստատ է: Հույսը միշտ վերջում է մեռնում: Շատ սպասելիքներ ունեմ այս նախաքննության ընթացքից, որի մեկնարկը տրվեց ՀՀ ոստիկանապետի կողմից: Այնպես չէ, որ ասեմ՝ գոհ եմ, կան թերություններ, կան ձգձգումներ: Ինձ ասում են՝ դե Մհերյա՛ն, համբերի՛, համբերի՛:  Բայց որ գործն արվում է, դա միանշանակ է, եւ բավական լուրջ բաներից եմ տեղյակ: Այս ամենը շատ մեծ կոռուպցիոն գործունեության հետ է կապված, այլ ոչ թե տան, բնակարանի կամ այլ հարցի»,-ասաց Պ. Մհերյանը, որը, հավանաբար, ավելի ակտիվ է բացահայտումներ անում, քան իրավապահները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս