Անասնագողն ազատազրկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է գյուղի բնակիչ, Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ նա Լուսահովիտի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Դատաքննության ընթացքում Գ. Սարհատյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը համարել է, որ այդ կերպ նա ցանկանում է խուսափել քրեական պատասխանտվությունից եւ նրա մեղքն ապացուցված է համարել տուժողի եւ վկաների ցուցմունքներով:

Որպես Գ. Սարհատյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա խնամքի տակ ունի մինչեւ տասնչորս տարեկան երկու երեխա, երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով տուժող Գրետա Թիրաբյանը հանցագործության արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջով իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել:




Լրահոս