ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԼՃԻ ՏԱՐԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվում է Սպիտակ ջուր գետի վրա կառուցված ջրամբարը: Այն կառուցվել է խորհրդային տարիներին, եւ իջեւանցիների ու քաղաքի հյուրերի հանգստի սիրված վայրերից էր: Սակայն արհեստական լճի ջրթողման համակարգում առկա խնդիրների պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվեց ջրաբերուկներով, ավազով եւ տիղմով: Արդյունքում` լիճը ցամաքեց: 5-6 տարի առաջ պատկան մարմինների աչքի առաջ եւ թողտվությամբ այստեղ ավազի ապօրինի արդյունահանում եւ վաճառք էր կատարվում: Ներկայումս արհեստական լիճը ցամաքել է, դրա միջով առու հիշեցնող գետակ է հոսում, իսկ ցամաքած լճում անասուններ են արածում:
2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքապետարանը լճի տարածքի երկարաժամկետ, անհատույց օգտագործման վարձակալության պայմանագիր է կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ: Տեղի է ունեցել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում, տրվել է գրանցման վկայական: Նշենք, որ մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվել էր Վարդան Ղալումյանին: Թեեւ Վ. Ներսիսյանը պարտվել էր նոյեմբերի 13-ին կայացած ընտրություններում, սակայն դեկտեմբերին դեռեւս իր լիազորությունները ցած չէր դրել: 2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վ. Ղալումյանի, դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման (վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք ընկերության անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով:
Այս գործով դատաքննությունը սկսվել է 2012թ. նոյեմբերի 1-ին: 2013թ. մայիսի 21-ին Իջեւանի քաղաքապետարանը դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովում «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին արգելել ջրամբարի նկատմամբ որեւէ գործողություն կատարել, մասնավորապես՝ դադարեցնել ավազի ապօրինի արտահանումը եւ ջրամբարի տարածքից դուրս բերել մեխանիզմները: Գործը քննող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը քաղաքապետարանի այս միջնորդությունը մերժել է: 2013թ. հունիսի 26-ին սույն գործով դատաքննությունն ավարտվել է, եւ որոշման հրապարակման օր է նշանակվել հուլիսի 11-ը: Սակայն նշանակված օրը՝ նշանակված ժամին` 14:00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում դատավոր Աշոտ Խաչիկյանն անհասկանալի ձեւով դժվարացավ որոշում ընդունել: Որպես որոշման հրապարակման ժամ՝ նա հայտարարեց նույն օրվա 17-ն անց 45-ը: Այդ ժամին, սակայն, դատավոր Ա. Խաչիկյանը որոշեց, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է շարունակել նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ինչպես նաեւ լրացուցիչ հետազոտել ներկայացված ապացույցները, քանի որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ գործի լուծման համար, ուստի դատաքննությունը պետք է վերսկսել:
Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տարակուսանք հայտնեց, թե 8 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում ինչ նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ: Նա ասաց, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ եթե տարածքն անհատույց օգտագործման, վարձակալության է տրվում, ապա կողմերից մեկի նախաձեռնությամբ մյուս կողմին պատշաճ կերպով ծանուցելուց հետո պայմանագիրը չեղյալ է համարվում, ինչը եւ արվել է:
Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 1-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս