«ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՑ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հարեւանությամբ տարիներ առաջ սկսվեց շինարարություն, որի դեմ բողոքեցին թանգարանի աշխատակիցներն ու հասարակական կազմակերպությունները, սակայն շինարարությունն առ այսօր շարունակվում է, եւ դրա վերջը կարծես թե չի էլ երեւում:
Այդ շինարարության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեց տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը: «Իհարկե, թանգարանի աշխատակիցները դեմ էին, որ նման ահռելի կառույց լինի թանգարանի կողքին, ասացինք մեր խոսքը, բողոքեցինք, բայց դրա դեմ պայքարելը մեր ուժերից վեր էր… Աստված տա, շուտ կառուցեն, պրծնենք այդ ամեն ինչից. փոշին, աղմուկը, պայթյունները խանգարում են, թանգարանի շենքը կարող է վնասվել…»,-ասաց պարոն Բարխուդարյանը: Տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի միջոցներով թանգարանը վերանորոգվել է, բայց լավ կլինի, որ Փարաջանովի 90-ամյակին ընդառաջ՝ մի փոքր կոսմետիկ վերանորոգում կատարվի: Թանգարանը, սակայն,  նման գումար չունի, իսկ ինչ վերաբերում է հովանավորներին, ապա, ըստ մեր զրուցակցի, նրանք թանգարաններից շատ հեռու են. «Հայաստանում դժվար թե թանգարան գտնեք, որը հովանավոր ունենա»:
Պահպանության հարցը նորմալ է, օդափոխության, ջեռուցման գումարն էլ հիմնականում թանգարանն է հոգում, իսկ դա ահռելի թիվ է, որի մի աննշան մասն է միայն կառավարությունը հատկացնում:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահը նշեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում այցելուների թիվն ավելացել է, իսկ ընդհանրապես տարեկան թանգարանն ունենում է 14-15 հազար այցելու. «Մեզ մոտ այցելում են բոլոր զբոսաշրջիկները, բոլոր այն արտասահմանցիները, որոնք գալիս են Հայաստան գործուղման կամ այլ նպատակով: Այս տարի նրանք մի քիչ պակասել են: Մի երեկո թանգարան այցելեցին «Ոսկե ծիրան»-ի մասնակիցները, հյուրերը` 100 հոգուց ավելի մարդ, իսկ աշխատանքային ժամերին գալիս էին տարբեր խմբերով»: Ցավոք, մեր զրուցակիցը նույնը չի կարող ասել երեւանաբնակների մասին. «Գալիս են այցելուներ, որոնք վրդովված մտնում են թանգարան: Եկավ մի կին, ում տեսքը շատ վատ էր, ես ցանկացա շտապօգնություն կանչել, սակայն կինը թույլ չտվեց ու հավելեց, որ իրոք վատ է. երեք ժամ չի կարողացել գտնել թանգարանը, ոչ ոք չգիտի դրա տեղը»:
Մեր զրուցակիցը հանգամանքների բերումով չի կարողացել դիտել Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ Փարաջանովի մասին կինոնկարը. «Ի դեպ, ինձ մի անգամ Մոսկվայից զանգահարեց Գարիկ Փարաջանովը, որը նույնպես ցանկանում է ֆիլմ նկարել Փարաջանովի մասին եւ վրդովված ասաց. «Եթե ֆիլմ են նկարում, կարող են գոնե ինձ հետ կապվել, զրուցել. հուշեր, փաստեր կան»: Սցենարը գրել են իրենց պատկերացրած ձեւով, նկարել… Թող նկարեն, բայց գոնե թանգարանի կոլեկտիվին 10-15 հրավիրատոմս ուղարկեին պրեմիերայի ժամանակ»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս