«Իսլամական պետություն»-ը տասնյակ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, ահաբեկչություններ է նախապատրաստում ՌԴ և Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Haberturk-ին:
Haberturk-ի տեղեկությունների համաձայն՝ այդ տվյալները ստացվել են մարտի 8-ին Գազիանտեպում «Իսլամական պետության» անդամների հարցաքննության ընթացքում: Պարբերականը հաստատում է, որ նման հարձակումների համար 30 ահաբեկիչ է նախապատրաստվել: Եվ դրա հետ կապված՝ թուրքական իշխանությունները ուժգնացրել են անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի Իստիկլյալ թաղամասի գլխավոր փողոցներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Երկրի իշխանությունները հայտնել էին 5 մարդու մահվան մասին, այդ թվում՝ մահապարտի: Զոհվել էին Իսրայելի 3 քաղաքացի, մյուս 2-ը ունեին ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն: