ՀԱՐՑ. Եթե անձին ունեցել է առողջական որոշ խնդիրներ, բայց ժամանակի ընթացքում ստացել համապատասխան բուժում եւ լիովին վերականգնվել, ապա նա իրավունք ունի՞ ձեռք բերել վարորդական վկայական: Նա հիմա լիարժեք առողջ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշմամբ սահմանված վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ այն տալու կարգի 7-րդ կետի համաձայն՝ քննական մարմինները թույլ չեն տալիս անձին մասնակցել որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված կամ ՏՄ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում: Նույն կարգի 8-րդ կետի համաձայն՝ քննական մարմինները վարորդական վկայական ստանալու համար դիմած անձի մոտ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվ. 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անձին գրավոր ուղեգրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաստատություն՝ հայտնաբերված հիմքի կապակցությամբ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել ՏՄ, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար, որի արդյունքներով էլ որոշվում է անձին վարորդական վկայական տալու հարցի լուծումը:
Անհրաժեշտ է, որ անձը հաշվառված չլինի հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում, այլապես «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվ. 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ այդ անձի վարորդական վկայականը ստանալու պահից կհամարվի ուժը կորցրած:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե մեզ դիմած քաղաքացին պնդում է, որ լիարժեք առողջ է եւ հաշվառված չէ որեւէ հոգեբուժական բժշկական հաստատությունում, ապա նա կարող է ներկայանալ համապատասխան կառույց եւ հանգիստ ստանալ իր վարորդական վկայականը: