ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Ի դեպ, առաջին երկու բաժնեմասերի արժեքները վկայում են, որ տվյալ դեպքում խոսքը նորանշանակ նախարարի խոշոր ընկերությունների սեփականատեր լինելու մասին է: Լեւոն Մկրտչյանը հայտարարագրել է նաեւ երկու փոխառություն եվրոյով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 66 հազար 831 եվրո եւ 317 հազար 762 ՌԴ ռուբլի արժողությամբ փոխառություն: Դրանից բացի՝ Մկրտչյանը հայտարարագրել է նաեւ 20 հազար դոլար, 25 հազար եվրո եւ 10 մլն դրամ դրամական միջոց:
Նորանշանակ նախարարը ունի նաեւ երկու բնակարան, մեկ հողամաս եւ մեկ ավտոտնակ, «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Լեւոն Մկրտչյանի եկամուտները կազմել են 4 մլն 149 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 149 հազար դրամը, իսկ մնացած գումարը նա ստացել է որպես շահաբաժին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լեւոն Մկրտչյանի հայտարարագիրը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այն բոլոր ընկալումները, ըստ որոնց՝ նա փող «աշխատող» նախարար է, իրական են եւ հիմնավորված: Թերեւս Դաշնակցությունը հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նրա՝ որպես նախարարի թեկնածությունն առաջադրել:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս: Այս ընթացքում գործով անցնող բոլոր մեղադրյալները, կարելի է ասել, ամեն ինչ պատմել են իրավապահներին, այդ թվում նաեւ թե խմբի անդամներից ում ինչ գործառույթ է վերապահված եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, սակայն, որ մինչ օրս ցուցմունք չտված եզակի մեղադրյալներից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանն է՝ Զիմ մականունով: Նա պնդում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում եւ գործի հետ կապ չունի: Փոխարենը գործով անցնող մյուս մեղադրյալների ցուցմունքների մի մասը հենց նրա դեմ է ուղղված: Մասնավորապես, ըստ նույն լուրերի՝ մեղադրյալներից 5-ը ԱԱԾ քննիչներին ասել են, որ իրենք ծրագրած են եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, եւ որ իբր այդ գործառույթը հանձնարարված է եղել հենց Հարություն Սարիբեկյանին:
Երբ այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանն իր վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին նշանակեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հիմնական հարցն այն էր, թե ինչու հենց նրան: Բայց այդպես էլ անպատասխան մնաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովսեփյանը վերջին տարիներին ակտիվ զբաղվել է հարկային եւ մաքսային ոլորտներում իր ազդեցությունն ընդլայնելով: ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակումն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հովսեփյանը փաստացի պատրաստ է եղել ստանձնել հարկային եւ մաքսային ոլորտների վերահսկողությունը, որը մինչ այդ իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարարը: Տվյալ դեպքում խոսքը ստվերային շրջանառությունները վերահսկելու կարողության մասին է: Ըստ լուրերի՝ մասնավորապես այդ խնդիրը լուծելու համար մաքսային բոլոր միջնորդները առաջիկայում իրենց գործունեությունը կկազմակերպեն Հովսեփյանի վստահելի «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի` անցած տարի Չարբախում բացված մաքսային պահեստի միջոցով:
«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների եւ խախտումների դեպքեր է բացահայտել: Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, եւ պատիժները չուշացան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության պետ Սասուն Ադամյանը, Թալինի սոցիալական ծառայության պետ Արթուր Կարապետյանը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Սակայն ուշագրավն այն է, որ մարզպետները, որոնք անմասն չեն մնացել «մութ պատմությունից», դեռ պատասխանատվության չեն ենթարկվել: Հիշեցնենք, որ խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի եւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մասին է: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Չարենցավան եւ Հրազդան քաղաքների ՍԾՏԳ-ներում հայտնաբերվել էր շուրջ 27 մլն դրամի խախտում:
ՔՍՏՄՆԱՍԵՐ
Երեկ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական խայտառակ միջադեպը գրանցվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գլխավոր դերակատարությամբ: Աժ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարադատության նախարարից պարզել, թե ինչպես է ստացվում, որ հակառակ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե արագաչափերի տեղադրումից հետո խախտումները նվազել են, իրականում դրանք ավելացել են. «Ես ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ, որովհետեւ, օրինակ, Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, վեց ամիս հետո ասում եք՝ ընտեց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարություն է անում, մի քանի ամիս հետո պարզվում է՝ ըտենց չէ»: Փաշինյանի այս հարցադրումը ընկալելով որպես վիրավորանք իրենց կուսակցապետի հանդեպ` նախ տեղից փորձեց արձագանքել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որին միացավ նրա կուսակից Առաքել Մովսիսյանը` իրեն հատուկ բառապաշարով: Բնականաբար, նրա հնչեցրած «համբալ», «դիշովկա» արտահայտությունները անպատասխան չմնացին, ինչի արդյունքում մի քանի րոպե Աժ դահլիճում հնչում էին հայհոյանքներ եւ բղավոցներ:
Նկատենք, որ սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, փոձում է նման քստմնելի եղանակով հաճոյանալ իր կուսակցապետին: Եվ դատելով այն հանգամանքից, որ իր փողոցային դրսեւորումներում Առաքել Մովսիսյանը կարծես թե ավելի ու ավելի անզուսպ է դառնում` նրա կուսակցապետին հավատարմության նման դրսեւորումները դուր են գալիս:
Իրավիճակի զավեշտն այն է, որ հենց երեկ խորհրդարանն ընդունեց Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու՝ Զ. Փոստանջյանի նախագիծը, որով իբր թե պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն կարգազանց պատգամավորները:
Իրականում արդեն իսկ պարզ է, որ նման կազմով ազգային ժողովում որեւէ կանոնակարգ կամ որեւէ հանձնաժողով ի զորու չէ իրավիճակը փոխել: Առավել եւս, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ եթերից հայտարարում էր, թե նման միջադեպերը միանգամայն նորմալ են, եւ դրանից մեծ հարց սարքել պետք չէ: Ասել է, թե արձանագրում էր, որ իր ղեկավարած հանձնաժողովը ձեւական եւ ապիկար մի կառույց է:
Մինչդեռ հանրությունը հիշում է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հայտարարում, որ Հանրապետական լինելը ոչ միայն պատիվ է, այլ պատասխանատվություն, եւ որ յուրաքանչյուր ՀՀԿ-ական պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ իր հարազատների եւ մերձավորների վարքագծի համար: Այսքանից հետո դժվար է չերկրորդել Նիկոլ Փաշինյանի հարցը` հիմա Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ:
Հ. Գ. Ն. Փաշինյանը երեկ ՀՀ քաղաքացիներից ներողություն է խնդրել ԱԺ դահլիճում ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործելու համար: