ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելուց եւ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակվելուց հետո Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, կարելի է ասել, պարալիզացվել է:

Բանն այն է, որ հիմնական փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում է միջնորդ ընկերությունների կողմից, որոնց ընդունված է անվանել «կարգոներ»: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում են գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այս սովորաբար հաշվարկվել են տվյալ բեռի քաշով: Սակայն ՊԵԿ-ի «անկախանալուց» հետո «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով: Արդյունքում փոքր եւ միջին գործարարների մոտ ապրանքների ինքնարժեքները սկսել են կտրուկ բարձրանալ: Դրա համար էլ գործարարները նախընտրել են միառժամանակ իրենց գործարքները սառեցնել, մինչեւ որ ՊԵԿ-ում ծավալված փոփոխությունները կավարտվեն, եւ խաղի կանոնները կհստակեցվեն:
Մեր տեղեկություններով՝ «կարգոներին» «ներքին կարգով» արդեն զգուշացվել է, որ բոլորն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Չարբախում անցած տարվա հուլիսի 7-ին մեծ շուքով բացված «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի մաքսային պահեստների միջոցով: Մաքսային այս պահեստների բացմանը մասնակցել է անձամբ Սերժ Սարգսյանը: Այդ օբյեկտի նկատմամբ նրա «ուշադրությունը» գործարար աշխարհում բացատրում են այն հանգամանքով, որ նշված պահեստները կապվում են Հովհաննես Հովսեփյանի անձի հետ: Վերջինս մաքսային պահեստների բացման ժամանակ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Տեղեկացնենք, որ 7 հեկտար տարածք զբաղեցնող այս մաքսային պահեստները կառուցվել են «ՎՏԲ Հայաստան» բանկի տրամադրած միջոցներով: Կառույցի շինարարությունը արժեցել է մոտ 20 մլն դոլար: «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վահե Պետրոսյանը, որը նաեւ ընկերության հիմնադիրներից է: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը: Ի դեպ, ըստ պետռեգիստրի՝ վերջին ընկերության մյուս հիմնադիրը Հրանտ Քորթյանն է, որը Թուրքիայի քաղաքացի է: «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն զբաղվում է հարկային ոլորտի եւ հաշվապահության վերաբերյալ ընկերություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելով:
Այլ կերպ ասած՝ Հովհաննես Հովսեփյանը արդեն մի քանի տարի է՝ մաքսային եւ հարկային ոլորտներում ներդրումներ է արել եւ արդեն իսկ տիրապետում է այդտեղ իրավիճակին, ինչպես նաեւ ունի պատրաստի գործիքներ՝ մաքսային եւ հարկային ոլորտների ողջ անցուդարձը, այդ թվում ստվերային շրջանառությունն իր վերահսկողության տակ վերցնելու համար: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի` ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում հենց նրան նշանակելու որոշումն ամենեւին էլ պատահական չի եղել եւ պայմանավորված չի եղել զուտ անձով:
Ի դեպ, ՊԵԿ-ի վերահսկման այն համակարգը, որը գործում էր այդ կառույցի նախկին «տիրոջ» օրոք, ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Հենց այդ փաստով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ի սկզբանե դրա նկատմամբ առաջնային վերահսկողություն չուներ: Ուստի կարելի է ենթադրել, որ Հովսեփյանի կողմից ստեղծված համակարգի կառավարման հիմնական ղեկը գտնվելու է հենց Սերժ Սարգսյանի ձեռքին: Իսկ ՊԵԿ-ի նորանշանակ ղեկավարը ընդամենը լինելու է դրա կառավարիչը եւ կազմակերպելու է, որ հարկահավաքության եւ մաքսային վերահսկողության համակարգերն անցնեն նոր կառույցի տիրապետման տակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

«ԹԱՔՈՒՆ» ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը նախագահի վերահսկողական ծառայության իր կադրերին կամաց-կամաց տեղափոխում է իր մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովսեփյանը ՊԵԿ փաստացի աշխատակազմի ղեկավար է նշանակել Սարգիս Պետոյանին, որը մինչ այդ նրա հետ աշխատել է նախագահականում: Ուշագրավն այն է, որ այս նշանակման մասին ՊԵԿ պաշտոնական կայքէջում ոչ մի տեղեկություն չկա: armlur.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը շարունակում են նախկին տեսքով մնալ: Այսինքն՝ այդ կառույցները շարունակում են մնալ ՀՀ ֆինանսների նախարարության կազմում եւ իբրեւ գերատեսչության ղեկավար նշված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությունից առանձնացվել է Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ին ստորագրած հրամանագրով:

 

ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ ԶՈՐԱՄԱՍ
Այս տարվա փետրվարի 6-ին Դիլիջանի զորամասերից մեկից անհետացել էր ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող 19-ամյա շարքային Ազիզ Բաքոյանը: Դեպքից 4 օր անց զինվորը գնացել էր տուն եւ ծնողներին հայտնել, թե կարոտից դրդված է զորամասն ինքնակամ լքել: Հիշեցնենք, որ զինվորը 4 օր քնել էր անտառներում եւ ցրտահարվել: Նրան հայտնաբերելուց եւ հարցաքննելուց հետո տեղափոխել էին Երեւանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ազիզ Բաքոյանը, ստանալով համապատասխան բուժումը, վերադարձել է զորամաս եւ շարունակում է իր ծառայությունը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով՝ երեք օրից ավել, բայց ոչ մեկ ամսից ավել տեւողությամբ ծառայության վայրն ինքնակամ թողնելը:

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԵՌԵԼՈՑ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է եկող երկուշաբթի օրվա՝ մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2՝ շաբաթ օրը: Այս տեղափոխությունը պայմանավորված է նրանով, որ մարտի 27-ին Հայ առաքելական հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկն է նշվում, իսկ հաջորդ օրը մեռելոցն է: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի ներդրած մեռելոցները ոչ աշխատանքային օր հայտարարելու ավանդույթից:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՃՇՏԵԼ ԵՆ
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի վարձավճարների ուռճացված լինելու մասին խոսակցություններին` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը երեկ ArmLur.am-ին ասել է. «Եթե բնակիչների կողմից բողոքներ կան, պատրաստ ենք ուսումնասիրել: Բայց ես ճշտել եմ, խոսել եմ ՀԷՑ-ի ղեկավարության հետ, իրենք ինձ պատասխանել են, որ 90 տոկոսը թյուրիմացության հետեւանք է: Մեկ հիմնավոր բողոք է եղել, որին ընթացք է տրվել»:
 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Սարգսյանը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին: «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել եւ պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների եւ արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այդ ոճրագործությունը»,- նշել է Կիպրոսի նախագահը:

 

 

ԵՐՋԱՆԻԿ ՉԵՆՔ
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Ցուցակի առաջատար տասը հորիզոնականներում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան: Հայաստանի հարեւաններից Վրաստանը 126-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 105-րդ, Թուրքիան՝ 78-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգները՝ 13-րդ: Ցուցակի ստորին հորիզոնականներում են Բենինը, Աֆղանստանը, Տոգոն, Սիրիան եւ Բուրունդին:

 

 

ԸՆԴՈՒՆՎԵՑ
Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը, որով ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլեւս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

 

 

ԱԱԽ ՆԻՍՏՈՒՄ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, 2016 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԷԼԻ ԿՑՐՏԻ
Մարտի 17-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0-ից -2 աստիճան, մարտի 18-ին եւ 19-ին՝ -2-ից -3, գետնի մակերեւույթին՝ -4-ից -5 աստիճան ցուրտ: ԱԻՆ փոխանցմամբ՝ մարտի 16-17-ը Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում մարտի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

 

 

700 ԿՐԱԿՈՑ
Մարտի 15-ին եւ լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:




Լրահոս