ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՅԹԵՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Այս բացահայտումից 3,5 ամիս անց գործով կալանավորվածները իրավապահներին ցուցմունք են տվել, թե իբր ով պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն. պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, մի շարք պետական շենքեր: Եվ, ահա, խմբի վնասազերծումից 2 ամիս անց գործով ազատ արձակվեցին 7 անձինք: Տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ խմբի գործով անցնողները սկսել են ինտենսիվորեն ցուցմունքներ տալ, թե ինչու են հավաքվել Նորք-Մարաշի տանը, ինչ նպատակներ են ունեցել եւ, առհասարակ, ով ինչ գործողություն պետք է կատարեր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ազատ արձակվածներից ոմանք ԱԱԾ-ին արժեքավոր տեղեկություններ են հայտնել եւ այնպիսի անուններ տվել, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են եղել: Սակայն այդ մասին դեռ ոչինչ չի խոսվում:

Ո՞վ պետք է պայթեցներ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի նախաքննությունից անցել է 3,5 ամիս, սակայն կան գործով կալանավորված անձինք, որոնք պնդում են, որ իրենք խմբի անդամներից որեւէ մեկին չեն ճանաչել եւ, առհասարակ, կապ չունեն եւ ավելին՝ հրաժարվում են ցուցմունք տալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ օրս իրավապահներին ցուցմունք չի տալիս 2015 թվականի դեկտեմբերի 6-ից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով: Վերջինս իրավապահներին վստահեցնում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում եւ գործի հետ կապ չունի: Սակայն ԱԱԾ քննիչները ի պատասխան Սարիբեկյանի պնդումներին՝ ասել են, որ այս գործով կալանավորված 5 անձ ցուցմունքներ են տվել հենց Սարիբեկյանի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, սակայն, ցուցմունքներ կան գործում առ այն, որ Հարություն Սարիբեկյանը անձամբ պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը: Իսկ թե ինչքանով են արժանահավատ գործով անցնող անձանց ցուցմունքները, արդյո՞ք Սարիբեկյանն է ցանկացել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, դեռ հարց է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները Հարություն Սարիբեկյանին հարցրել են, թե նա իսկապես ցանկացել է պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, վերջինս վստահ պնդել էր, որ ինքը նման բան չի պատրաստվել անել՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ անգամ խմբի անդամներից որեւէ մեկի չի ճանաչում:
Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ գործով անցնող որոշ անձինք խոստովանում են իրավապահներին, թե ով ինչ պետք է աներ, սակայն իրավապահները գնալով վերջիններիս ինքնախոստովանության եւ ցուցմունքների հետքերով՝ չեն կարողանում թնջուկը բացել, քանի որ անհասկանալի է, թե գործով անցնող անձինք ինչ շահագրգռվածությունից ելնելով են մարդկանց ներքաշում այս պատմության մեջ: Օրինակը հենցՀարություն Սարիբեկյանն է:
Ավելին՝ Հարություն Սարիբեկյանի մտերիմ շրջապատից տեղեկացանք, որ նրա կալանքը երկու ամսով երկարաձգել են հենց վերոնշյալ անձանց ցուցմունքի հիման վրա, որեւէ այլ ապացույց քննչական մարմնում դեռ չկա:
Նշենք, որ ամիսներ առաջ սրտի հետ խնդիրներ ունեցող Հարություն Սարիբեկյանը հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել եւ շուրջ 32 օը մնաց այդ կարգավիճակում: Բայց ավելի ուշ բժիշկների եւ վերջինիս հարազատների միջամտության արդյունքում դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ անբավարար:
Տեղեկացնենք, որ պաշտոնապես Հարություն Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին զենք- զինամթերք տրամադրելու եւ բանդայի անդամների հետ համագործակցելու համար, ինչը մինչ օրս Հարություն Սարիբեկյանը չի ընդունում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 11-ին գրել էր Հարություն Սարիբեկյանի կնոջ՝ Ռուզաննա Բաղդասարյանի խոսքերն այն մասին, որ արդեն երեք ամիս է՝ ամուսնուն տեսակցելը արգելված է:
Հ. Գ. 2016 թվականի փետրվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աղմկահարույց այս գործով նախաքննության մարմինը ժամանակավոր դադար է վերցրել: Բանն այն է, որ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանը ցանկություն է հայտնել ծանոթանալ մինչ այժմ իրականացված քննչական աշխատանքներին, որից հետո նոր թափով կսկսվի գործը: Եվ, ահա, երեկ արդեն Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսի փաստաբանները բարձրաձայնում էին, որ հինգ ամիս առաջ սկսված նախաքննությունը դոփում է տեղում, իսկ մինչ այդ իրենց պաշտպանյալները շարունակում են մնալ կալանքի տակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ը 2015թ. նոյեմբերին գրել էր, որ Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի քանի օր անց Սամվել Դարբինյանի բարեկամի դիմումի հիման վրա Լոռու մարզի դատախազությունը որոշում կայացրեց հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Հարուցված քրեական գործից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ իրավապահները հարցաքննել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ տեղեկացրել, որ ազգական Վ. Դարբինյանը իր դեմ բողոք է ներկայացրել, սակայն վերջինս ասել է, թե այդ ամենի հետ կապ չունի: Իսկ Վ. Դարբինյանը շարունակում է պնդել իր բողոքը:
Նշենք, որ բացի Ս. Դարբինյանից՝ իրավապահները հարցաքննել են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների, որոնք, ամենայն հավանականությամբ, պաշտպանել են իրենց քաղաքապետին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ իրավապահները կանգնել են բարդ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի կողմից բողոքող անձը պնդում է իր դիմումի հավաստիությունը, իսկ Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանն ասում է, թե չի ցանկացել խլել իր ազգականի երթուղին: Ու իրավապահները պետք է տարբերեն թացը չորից:

 

 

ՏՆՕՐԵՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ
Սոթքի ոսկու հանքի նախկին աշխատակիցների մոտ դժգոհություն է հասունացել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկազ Բարսեղյանը պատմեց, որ Սոթքի ոսկու հանքի տնօրենը չի ընդունում իրենց աշխատանքի` պատճառաբանելով, թե վերեւներից հրահանգել են նախկին աշխատակիցներին հետ չընդունել, քանի որ մասնագետներին իրենք պատրաստում են, սակայն նրանք լավ առաջարկ ստանալու դեպքում հեռանում են հանքավայրից; «Մենք երկու տարի առաջ առանց որեւէ խնդրի, մեր սեփական դիմումի համաձայն, ուղղակի կարիքն էր դրդել, հեռացանք աշխատանքից, իսկ հիմա խնդրում ենք, ցանկանում ենք հետ վերադառնալ, մեզ ասում են՝ դուք չպետք է աշխատեք»:
Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիան պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին, եւ վարդենիսցիները ցանկացել են հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձինք մարտի 14-ին գնացել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ», սակայն տնօրենը մերժել է ընդունել նախկին աշխատակիցներին: Դե, իհարկե, Գոգոտինին աշխատակիցները այնքան էլ չեն հետաքրքրում, քանի որ ոսկին ինչքան, երբ պետք է, հանքավայրից դուրս է գալիս ու մտնում ընկերության գանձարանը՝ ՀՀ պետբյուջեն շրջանցելով: Եւ այստեղ արդեն գործին պետք է խառնվի ՀՀ կառավարությունը:

 
ՕՐԵՆՔԸ  ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` պահանջելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին: Դատախազության կողմից դիմումը ստանալուց անցել է 18 օր: «Ժողովուրդ»-ը Արթուր Սաքունցից հետաքրքրվել է, թե արդյոք ինքը դատախազությունից որեւէ գրություն ստացել է եւ տեղյակ է, թե իր դիմումը ինչ ընթացքում է գտնվում: «Բացարձակապես ո՛չ մի գրություն, ո՛չ մի տեղեկություն առայժմ չեն ուղարկել, որ մենք իմանանք՝ ինչ են կատարում: Նրանք պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնեին հաղորդման հիման վրա: Կան հստակ օրենսգրքի պահանջներ, կա քննչական գործողությունների կատարման հստակ անելիքը, եւ պետք է կատարել օրենքի պահանջները: Կարող ենք արձանագրել, որ երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը սկսում է դադարել գործել: Գլխավոր դատախազությունն իր անգործությամբ, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս դա»,- ասաց Սաքունցը:

 

 

ԹԱՆԿ  ՊԱՏԵՐԱԶՄ
Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական քարոզարշավի ընթացքում մոտ 546 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին եւ փորձագետների գնահատականին: Նախորդ տարվա հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկ օրը կազմել է մոտ 156,3 միլիոն ռուբլի (մոտ 2,5 միլիոն դոլար): Ընդհանուր ծախսերը կազմել են 38,4 միլիարդ ռուբլի (546 միլիոն դոլար):
 

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Դեռեւս նախորդ տարվա աշնանը գյուղացիներից բավականին ցածր գներով մթերված խաղողի գումարները գործարանները չեն վճարել: Դրանց թվում է «Շահումյան-Վին» գինու-կոնյակի գործարանը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո): Խնդիրն այն է, սակայն, որ պատգամավորին պատկանող նշված գործարանը հունվարի 26-ին ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Կարո Կարապետյանն ավելի վաղ հայտարարել է, թե գործարանի տարածքն իրեն է պատկանում, սակայն այն վարձակալել է Ավետիք Գալստյանը: Վերջինս էլ գյուղացիներից խաղող է մթերել, սակայն դեռեւս գումարները չի վճարել:

 

ԿՄՆԱ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի բողոքը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Այդպիսով` Սաֆարյանը կմնա անազատության մեջ առնվազն մինչեւ ապրիլի 1-ը: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի տեղեկություններով՝ քննիչը մտադիր է խափանման միջոցը դարձյալ երկարաձգելու հարցով դիմել դատարան:




Լրահոս