ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԻՐԵՆ ՉԸՆՏՐԱԾ ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ի «մինի սուպեր երեքշաբթին» ԱՄՆ-ում կարող է ճակատագրական լինել Հանրապետական կուսակցության համար: Գործարար Դոնալդ Թրամփի հաղթարշավը մեծագույն ազդակ ստացավ Ֆլորիդայում տարած հաղթանակի արդյունքում: Դրան հակառակ` սենատոր Ռուբիոն ձախողվեց իր ծննդավայրում` ծանր կացության մեջ դնելով կուսակցական ղեկավարությանը:

Հարկ է նկատել, որ Ֆլորիդայում Մարկո Ռուբիոյի հաղթանակը նախնական հարցումներով չէր էլ հաստատվում: Թրամփը սենատորի համեմատ ուներ առնվազն 8-10 տոկոս առավելություն` ի տարբերություն Օհայոյի, որտեղ նահանգապետ Քեյսիքը որոշ հարցումներով նույնիսկ հաղթում էր Թրամփին: Ինչեւէ, Ֆլորիդայում Ռուբիոն պետք է հաղթեր ինչ գնով էլ, որ լիներ: Ուստի եւ նա քարոզարշավի ընթացքում խոստանում էր Թրամփին ջախջախել իր հարազատ նահանգում: Այստեղ քվեարկության առանձնահատկությունն այն է, որ Քլիվլենդում հուլիսին կայանալիք մեծ համաժողովի համար ընտրվող լիազորները, թվով 99, ամբողջովին բաժին են հասնում հաղթողին: Ավելին` Ֆլորիդայում տարած հաղթանակը խիստ խորհրդանշական կլիներ Ռուբիոյի համար, այլապես տարօրինակ է, թե ինչպես էր քաղաքական գործիչը հավակնում միասնական թեկնածուի կարգավիճակին, երբ ի վիճակի չէ անգամ հաղթել իր նահանգում:
Քարոզարշավի ընթացքում Ռուբիոն պնդում էր, որ Ֆլորիդայում հաղթանակ տարած գործիչն է հենց դառնալու հանրապետականների միասնական թեկնածուն: Տեսնելով անձնական վիրավորանքների անհեռանկարայնությունը եւ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ դրանք առաջին հերթին վնասում են հենց իրեն, Ռուբիոն այս անգամ զերծ է մնացել Թրամփին անվանարկելուց: Սենատորը, սակայն, կրկնել է, որ իրենք չեն կարող նման շռայլություն թույլ տալ եւ թեկնածու առաջադրել ոչ պահպանողական Թրամփին: Խնդրելով Ֆլորիդայի բնակիչների օգնությունը` Ռուբիոն շեշտել է, որ Թրամփի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում պարտություն է խոստանում հանրապետականներին: Ի դեպ, մարտի 10-ի բանավեճում մրցակիցները խիստ զուսպ էին Թրամփի հանդեպ, ինչը, հակառակ սպասվածի՝ կրկին աշխատեց հօգուտ գործարարի: Բայց եւ այնպես, Ֆլորիդայում Ռուբիոյի ձախողումը պետք է դիտարկել առաջին հերթին «սուպեր երեքշաբթիից» ի վեր մեկնարկած նրա անկման համատեքստում: Բացի այդ՝ Ռուբիոն, ընտրապայքարի մեջ մտնելով՝ զգալիորեն սասանեց իր նախկին հովանավոր Ջեբ Բուշի դիրքերը: Կարելի է ասել, թույլ չտալով Բուշին դառնալ միասնական թեկնածու` Ռուբիոն եւս չհաջողեց իր առաջադրանքում:
Իսկ սենատոր Թեդ Քրուզը հայրենի Թեքսասում տարած խոշոր հաղթանակով ապացուցեց, որ կարող է դառնալ միասնական թեկնածու: Եվ պատահական չէ, որ Ֆլորիդայում Քրուզն ամեն ինչ արեց՝ խանգարելու համար Ռուբիոյին: Քրուզը զգալի ֆինանսական ներդրումներ կատարեց Ֆլորիդայում, նոր գրասենյակներ բացեց եւ նոր համակիրներ հավաքագրեց, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ առաջինը լինելու հնարավորություն նա չուներ: MSNBC-ի մեկնաբան Սարլին բավականին դիպուկ է նկատել. «Թեդ Քրուզը ջրում արյան հոտ էր առել»: Ակնհայտորեն, Թեքսասի սենատորը անուղղակի թիրախ էր ընտրել հենց Ռուբիոյին, որը Թրամփի դեմ կուսակցական բոսերի նախընտրելի թեկնածուն դառնալու Քրուզի խաղում վերջին խոչընդոտն էր: Հաշվի առնելով Ֆլորիդայի քվեարկության պատկերը, երբ Թրամփը առաջինն էր ավելի քան 45 տոկոսով, իսկ Ռուբիոն հեռավոր երկրորդը, կարող ենք վստահաբար պնդել, որ հենց Քրուզին է վիճարկված Թրամփին հակադրվելու նոր առաքելությունը՝ հատկապես ընտրապայքարը լքելու Ռուբիոյի որոշումից հետո։
Մարտի 15-ի պայքարում իր առանձնահատուկ դերն ուներ նաեւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: Վերջինս նախորդ քվեարկությունների ժամանակ ոչ մի նահանգում հաղթանակ չէր տարել: Նրա ամենատպավորիչ արդյունքները եղել են Նյու Հեմփշիրը, Մասսաչուսեթսը եւ Վերմոնտը, որտեղ Քեյսիքը գրավել էր երկրորդ հորիզոնականը: Վերջինս, ի պատասխան լրագրողների զարմանքի, թե ինչու է մնում ընտրապայքրաի մեջ, երբ ակնհայտորեն շանսեր չունի հաղթելու, պնդում էր, որ նախ ինքը հաղթելու է Թրամփին հարազատ Օհայոյում եւ ապա համոզված նկատում, որ Քլիվլենդի համաժողովին ընդառաջ թեկնածուներից ոչ ոք չի կարող հավաքել 1237 լիազորներ, ուստի ընտրությունը կատարվելու է երկրորդ փուլով, իսկ ինքն էլ դառնալու է հենց այդ թեկնածուն: Քեյսիքի հաղթանակը կարծես արդարացրեց պայքարի մեջ մնալու նրա մարտավարությունը: Բայց եւ այնպես, Քեյսիքի միակ հույսը մնում է Քլիվլենդի համաժողովը, որին նահանգապետը ավելի եւս ամուր դիրքերից կմոտենա` հաշվի առնելով Ռուբիոյի ջախջախումը Ֆլորիդայում:
Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում չենք հանդիպում նման իրավիճակի, երբ թեկնածուն ամեն կերպ ձգտում է հաղթել իր ծննդավայրում: Ըստ երեւույթին պատճառները մի քանիսն են: Նախ Հայաստանի վարչատարածքային բաժանումն այդքան էլ մեծ չէ, ինչպես, ասենք, ԱՄՆ-ում, որտեղ նյույորքցին պարտավոր չէ հաղթել Կալիֆոռնիայում, բայց սեփական նահանգում չհաղթելն արդեն իսկ թուլության նշան է: Եվ ապա Հայաստանում ընտրությունները տեղի չեն ունենում արդար ու թափանցիկ ընտրակարգով: Մեզ մոտ իշխանությունը հաղթում է մարզերում, որտեղ չքավորությունը բարձր մակարդակի վրա է, եւ ոչ մի տրամաբանությամբ իշխանությունը բարձր հեղինակություն ունենալ չի կարող: Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում ամեն ընտրատարածքում կան հատուկ պատասխանատուներ, որոնք իշխանության թեկնածուի համար անհրաժեշտ թիվը չապահովելու դեպքում վտանգում են իրենց դիրքը, պաշտոնն ու ունեցվածքը Եվ զուտ պատահականորեն, այդ պատասխանատուները կամ պետական համակարգի աշխատողներն են կամ էլ քրեական հեղինակությունները: Օրինակ` Հայաստանում Շիրակի մարզը համարվում է ընդդիմադիր, ինչի հանդեպ իշխանությունները հստակորեն ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքը: Դրա վառ ապացույցը 8 տարվա նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանի հատուկենտ եւ դժկամ այցերն են:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ

Երեւանը մի քանի տասնամյակ անց կարող է վերածվել գերեզմանների քաղաքի: Արդեն այսօր գերեզմանները զբաղեցնում են մայրաքաղաքի տարածքի առնվազն 10 տոկոսը: Շատերի կարծիքով սրա պատճառը հայերի մեռելապաշտության եւ հսկայական գերեզմաններ կառուցելու մոլուցքն է, ինչի պատճառով էլ մասնավոր գերեզմանատների բիզնեսը կարող է գերշահույթներ ապահովել դրանց տերերին: Մնում է միայն մասնավոր գերեզմանատների գործունեության կարգը հաստատել, ինչն էլ, կարծես թե, առաջիկայում պատրաստվում են անել հայրենի իշխանությունները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության վաղվա նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու թույլտվության կարգը սահմանող նախագիծ է ներկայացնելու: Ըստ ՏԿՆ-ի՝ ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են՝ ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական եւ մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Սակայն մասնավոր գերեզմանատան շահագործման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու կարգի սահմանումը այլ նպատակ է հետապնդում:
Ինչպես հայտնի է՝ Երեւանում սպառման եզրին են գերեզմանների համար նախատեսված համայնքային սեփականության հողատարածքները: Իսկ գերեզմանատների հարեւանությամբ գտնվող ոչ համայնքային սեփականության հողատարածքները ժամանակի ընթացքում դադարում են իրենց նշանակությամբ գործելուց: Եւ որպեսզի դրանք դատարկ չմնան, տվյալ հողատարածքների սեփականատերերի համար շահեկան կլինի դրանք վաճառել մասնավոր գերեզմանատուն կառուցելու նպատակ ունեցող մարդկանց: Բայց այստեղ մտավախություն կա, որ սա կդառնա թանկարժեք բիզնես. այսինքն՝ մասնավոր գերեզմանատան սեփականատերը այն շուկայական գներից 3-4 անգամ ավելի թանկ գնով կվաճառի մահացածի հարազատների վրա: Միով բանիվ, կառավարությունում պատրաստվում են բացել նոր բիզնես, իսկ թե այն ում կտրվի եւ քանի օլիգարխի միջեւ կքվոտավորվի, պարզ կդառնա առաջիկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՇԱՆՏԱԺԻ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Բանակում գրանցված համասեռամոլության, շորթման եւ դրա արդյունքում դանակահարության հերթական դեպքով քրեական գործը նախօրեին վերջնականապես հանգուցալուծվեց: Ըստ մեղադրական եզրակացության` ՊՆ սահմանապահ զորամասերից մեկի ավագ սակրավոր, 1995 թվականին Մարալիկ քաղաքում ծնված Արտակ Բեզոյանը նույն զորամասի զինծառայող, շարքային Աբրահամ Սաֆարյանի մասին զորամասում արատավորող տեղեկություններ տարածելու, իր կողմից նրա հանդեպ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու սպառնալիքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին կատարել է շորթում, նրանից պահանջել եւ ստացել է 15 հազար դրամ: Դրանից հետո Բեզոյանը դեկտեմբերի 12-ին նման ձեւով ստացել է եւս 30 հազար դրամ: Այնուհետեւ նա դեկտեմբերի 16-ին Սաֆարյանից պահանջել է 300 հազար դրամ: 1993 թվականին ծնված, Չարենցավանի բնակիչ Աբրահամ Սաֆարյանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 00.10-ից 01.00-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ, զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքն անտառապատ տարածքով շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք, ապա Ա. Բեզոյանի հետ զրուցելու ընթացքում գրպանից հանել մինչ այդ Չարենցավանից իր հետ բերած խոհանոցային դանակը, դրանով հարվածել Բեզոյանի դեմքին, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Ա. Բեզոյանին 4 դրվագով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Սաֆարյանին՝ 112 հոդվածի 1-ին մասով եւ 327.6 հոդվածի 1-ին մասով:
Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Բեզոյանը եւ Սաֆարյանը միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են դրա հետ: Արագացված դատաքննության արդյունքում 2015 թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Բեզոյանին դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման եւ 400 հազար դրամ տուգանքի, Ա. Սաֆարյանին՝ 3 տարի ժամկետով ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի: Դատավորը վճռել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Ա. Սաֆարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 3 տարի ժամկետով փորձաշրջան եւ նրան դատարանի դահլիճից ազատ արձակել: Սակայն այդ վճռի դեմ քրեական գործով մեղադրողը եւ Ա. Բեզոյանի պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2016 թվականի մարտի 9-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, մերժել է մեղադրողի եւ Ա. Բեզոյանի պաշտպանի բողոքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս