ՈՎ Է ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող «զինված» խմբի` ձերբակալելով մի քանի տասնյակ անձանց: Դեպքից մեկ ամիս անց` դեկտեմբերի 19-ին, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով մինչ օրս անազատության մեջ է գտնվում:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն այդ հանգամանքն անտեսվում է քննչական մարմնի կողմից:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ:
-Պարո՛ն Եսայան, «Զինված հանցախմբի» շրջանակներում Վահան Շիրխանյանի քրեական գործի քննության ընթացքից ի՞նչ նորություններ ունեք:
-Արդեն երրորդ ամիսն է, որ նա գտնվում է կալանքի տակ: Ըստ էության, որոշ գործողություններ արվել են` խմբի անդամների հետ կապված, որոշ հարցերի շուրջ մեկնաբանություններ, պարզաբանումներ տրվել են: Քրեական գործը առաջ է գնում: Մենք ընբռնումով ենք մոտենում` հաշվի առնելով, որ այն ծավալուն գործ է, եւ շատ մարդիկ են ընդգրկված: Պետք է որոշ ժամանակ, որպեսզի ուսումնասիրվի եւ հարցերին պատասխան տրվի: Դրա հետ մեկտեղ` կա առողջության խնդիրը, որը որ մենք անընդմեջ բարձրաձայնում ենք ե՛ւ դատարանում, ե՛ւ քննչական մարմինների մոտ: Մենք ե՛ւ քրեականի, ե՛ւ բժշկականի մասերով խոչընդոտ չենք տեսնում, դրական ենք վերաբերվում գործընթացին: Բայց հաշվի առնելով իր տարիքը՝ փորձում ենք գործընթացը հնարավորինս արագացել:
-Հիմնականում ինչպիսի՞ առողջական խնդիրներ ունի պարոն Շիրխանյանը:
-Հիմնականում տրոմբի խնդիրն է: Մինչեւ իրեն ձերբակալելը նա պետք է վիրահատեր ոտքը: Իրեն բուժող բժիշկը, որ «Ավագյան» բժշկական կենտրոնից է, եղել է իր մոտ, տեսել է նրան: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չառարկեց, ինչպես նաեւ ԱԱԾ-ն չառարկեց, որպեսզի մենք դրսից իրեն բուժող բժիշկ բերենք: Մտածում ենք, որ մոտակա ժամանակներս միջնորդությունը հաշվի կառնեն, որպեսզի նա հետազոտություն անցնի բժշկական կենտրոնում, եւ իր առողջական վիճակը փորձենք բարելավել:
-Ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում Վ. Շիրխանյանի նկատմամբ:
-Գործի հետ կապված մի շարք անուններ են տրվել, եւ նա չի էլ հերքում, որ ճանաչում է խմբի երեք անդամներին` տերտերին, լրագրողին եւ Արթուր Վարդանյանին, բայց խնդիրը նրանում է կայանում, որ փորձում են պարզել, թե ինչպես են նրանք իրար ճանաչում, ծանոթություն ասելով՝ ինչ է նշանակում` բարեւ տալ, գնալ, զրուցել… Գործի հետ կապված քննչական գործընթացներ են, գնում են, մենք էլ փորձում ենք դրանք բերել այնպիսի տեսքի, որ երեւա, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
-Իսկ այս ընթացքում ի՞նչ առեւեսումներ են տեղի ունեցել եւ ում միջեւ:
-Մի քանի առերեսումներ եղել են: Պարզապես ես հիմա չեմ ուզում չակերտները բացել: Բայց երբ մենք դիմել ենք ԱԱԾ քննչական մարմին, մեզ չեն մերժել: Արդարադատության նախարարությունը նույնպես դրական է մոտեցել: Մեր միջնորդությունները եւս նպատակահարմար են գտել, որոշ հարցեր որ բարձրացրել ենք, միշտ դրական լուծում են ստացել:
-Պարո՛ն Եսայան, այնուամենայնիվ, պարոն Շիրխանյանը ինչի՞ եւ ո՞ւմ ցուցմունքի հիման վրա է շարունակում մնալ կալանքի տակ:
-Այստեղ մի նրբություն կա, եւ ամեն ինչ մի քիչ խառն է: Նա տեր հոր առիթով է ծանոթացել Վարդանյանի հետ, մեկ-երկու անգամ հետը հանդիպել է: Այս բոլոր հարցերի պատասխանը, ըստ էության, ժամանակի մեջ պետք է տրվի: Բնականաբար, մենք ծանոթ չենք, թե մյուս կողմերը ինչ ցուցմունք են տվել, որովհետեւ դա քննչական գործողությունների իրավունքի ներքո է: Բայց ենթադրում ենք, կասկածում ենք, որ կլինեն ցուցմունքներ Շիրխանյանի դեմ տրված: Հիմա մեր խնդիրը այն է, որ այդ ցուցմունքների մեջ մենք փորձենք հիմնավորել, համոզել, բերել փաստարկներ, որ իր մեջ այդ հոդվածը չի պարունակում: Եթե երկու-երեք մարդու է ճանաչում, ապա այդ երեքի մեջ պետք է լինի ցուցմունք տվողը, որովհետեւ ուրիշի նա չի ճանաչում, չի շփվել:
-Իսկ Ձեր պաշտպանյալին ինչպե՞ս են վերաբերվում մեկուսարանում:
-Անկախ բարդ գործ լինելուց` այսպիսի հնչեղությամբ եւ գործընթացով, մեկուսարանում, նաեւ քննչական գործողությունների մեջ մենք խնդիր չենք տեսնում, որ հարց բարձրացնենք: Հանդիպումների հետ կապված մենք որեւէ պրոբլեմ չենք տեսնում քննիչների եւ մեկուսարանի աշխատողների հետ: Պարզապես, որ զուգադիպեցին իր ոտքի հիվանդությունը եւ կալանավորումը, ամբողջը խառնվեց իրար:

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ` ԱՋԱԿՑԵԼ ԹԵ՞ ՈՉ

Դեռեւս հունվարից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ մեկնարկել է Գյումրու անօթեւանների աջակցությանն ուղղված դրամահավաք, որի նպատակը նրանց բնակարաններով ապահովելն է: Արդեն բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ, հայտնի դեմքեր, պաշտոնյաներ հասցրել են իրենց մասնակցությունն ունենալ այս նախագծին` փորձելով իրենց հնարավորությունների չափով օգնել անօթեւաններին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս իր մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել է Գյումրու անօթեւան ընտանիքների համար բնակարաններ գնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:
Երեկ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդը» փորձեց հայրենի նախարարներից պարզել` արդյոք նրանք պատրաստվում են հետեւել իրենց վերադասի օրինակին:
«Ինքս անձամբ միշտ նմանատիպ ծրագրերին պատրաստ եմ աջակցել: Եթե կա այդպիսի խնդիր, պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում օգնել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը: Հուսանք` առաջիկա օրերին պարոն Մկրտչյանը խոստումն ի կատար կածի:
Իսկ, ահա, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանը դժվարացավ մեր հարցին պատասխանել. «Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Գյումրին շատ սիրում եմ, շատ կապված եմ երիտասարդ տարիներից, նրանց հետ աշխատել եմ… տարբեր ձեւերով աջակցություն իրականացնում եմ, բայց կոնկրետ ոչ այդ ծրագրին, ու նման ծրագրեր շատ կան, ասեմ՝ այս մեկին աջակցում եմ, հիմա էլ հարց կտաք մյուս ծրագրերի մասին…»,-արդարացավ Յոլյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, խառնելով պետական աջակցությունը անձնականի հետ, ասաց.«Մենք, բնականաբար, մեր գործառույթների շրջանակներում բոլոր հնարավոր ուղղություններով, ծրագրերով աջակցություն իրականացնում ենք: Շիրակի մարզի Մարալիկի բնակավայրում սոցիալական բնակարանային ֆոնդ գոյություն ունի, եւ մենք առաջիկայում նախատեսում ենք նաեւ կառավարության որոշմանը ներկայացնել համապատասխան նախագիծ, ըստ որի՝ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի առկա բնակարանների մասը, որը որ համապատասխան կատեգորիաների միջոցով դեռեւս չի բնակեցվել, հատկացնենք տվյալ համայնքի անօթեւաններին, որպեսզի նրանք կարողանան բնակարաններում մնալ»:
Ի տարբերություն իր գործընկերների` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցում կոնկրետ ասելիք ուներ. «Ես այդ դեպքերից տասն օր առաջ արտաքին գործերի նախարարության շենքի համար հատկացված պետական մրցանակն ամբողջությամբ` 1 մլն 670 հազար դրամ, փոխանցել եմ Գյումրու անօթեւանների խնդրով զբաղվող Վահան Թումասյանի հիմնադրամին: Դրանից մոտ տասն օր հետո սկսվեց այս մյուս շարժումը: Մենք այս պահին ավարտենք մեր պետական ծրագիրը` երկրաշարժից տուժածների մասով, նոր կանդրադառնանք դրան: Ամեն դեպքում` մենք զուգահեռ բանակցում ենք տարբեր ներդրողների հետ, որպեսզի կարողանանք արագ կառուցվող նոր տեխնալոգիաներով նաեւ վագոն տնակներում սոցիալապես անապահովների խնդիրը լուծել»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՄՏԱՀՈԳԵՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Ամեն հինգշաբթի՝ նիստերի օրը, ՀՀ կառավարության շենքի դիմաց են հավաքվում քաղաքացիների տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ խնդրի հետ կապված իր պահանջներն է ներկայացնում: Երեկ եւս ՀՀ կառավարության շենքի դիմաց խաղաղ չէր: Մասնավորապես մարդկանց մի խումբ բողոքում էր դատարանների որոշումների դեմ, որոնց արդյունքում նրանք իրենց բնակարանները կորցրել էին: Նիստի ավարտից հետո նախարարները կառավարության շենքից դուրս գալով անցնում էին մարդկանց կողքով առանց ուշադրություն դարձնելու, թե ով ինչի դեմ է բողոքում: Սակայն «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չկարողացավ առանց նկատելու անցնել եւ մտահոգված սկսեց հարցուփորձ անել առավել ուժեղ աղմկող քաղաքացուն՝ հասկանալու համար, թե նրա բողոքն ինչի դեմ է ուղղված, որից հետո նոր միայն հեռացավ:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵԼ
Մինչեւ Հայաստանի եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը ՀՀ մաքսային ծառայությունը եռամսյակային կտրվածքով հրապարակում էր արտաքին առեւտրի մանրամասն վիճակագրությունը: Ըստ այդմ, կարելի էր պարզել, թե որ երկրից ինչ ապրանք է արտահանվել Հայաստան կամ հակառակը, մեր հանրապետությունից որ երկիր ինչ է արտահանվել եւ որքան: Բացի այդ՝ առանձին հրապարակվում էր նաեւ ավտոմեքենաների ներկրման վիճակագրությունը: Սակայն անցած տարվա հունվարի 1-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, մաքսային ծառայությունը դադարեց վիճակագրական տվյալները հրապարակել: Մասնավորապես երեկվա դրությամբ մաքսային ծառայությունն այդպես էլ չի հրապարակել անցած տարվա մանրամասն վիճակագրական տվյալները: Մաքսային ծառայության կայքէջում հրապարակված վերջին վիճակագրական տվյալն անցած տարվա առաջին կեսի արդյունքներն են: Որոշ լուրերի համաձայն՝ մաքսային ծառայությունը վիճակագրական տվյալները հրապարակելուց ձեռնպահ է մնում, որպեսզի թացնի արտաքին առեւտրի եւ մասնավորապես արտահանման բնագավառում տեղի ունեցած՝ Հայաստանի համար բացասական զարգացումները:

 

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Այս տարվա պետական բյուջեի ծախսային մասով նախատեսված 1 տրիլիոն 402 միլիարդ դրամի 17 տոկոսը երեկվա դրությամբ արդեն ծախսվել է: ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի ինտերակտիվ բյուջեի համաձայն՝ երեկվա դրությամբ պետական բյուջեի ծախսեն արդեն կազմել են 233 միլիարդ 558 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ պետական բյուջեի կանխատեսումների համաձայն՝ եկամուտներն այս տարի կազմելու են 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ:




Լրահոս