2016 թվականի մարտի 9-ին Հայաստանում կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների եւ ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակության վերաբերյալ խնդրի շուրջ Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպությունները բաց նամակ էին ուղղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Բաց նամակում հասարակական կազմակերպությունները թեեւ երախտագիտություն էին հայտնել ԱՄՆ կառավարությանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ Հայաստանին մտահոգող հարցերին լուծումներ տալու համար, սակայն միեւնույն ժամանակ նշել էին. «Հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ արտաքին այլ աղբյուրների կողմից տրամադրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հաստատման համար: Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները եւ այդ նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարեւոր դիտարկումներ»:
Ըստ բաց նամակի հեղինակների` հասարակական կազմակերպություններն առաջին խնդիրը համարել են Հայաստանում տիրող խորը կոռուպցիան. «Լայնածավալ եւ համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին՝ Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն, շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում»:
Երկրորդ կարեւոր խնդիրը, որը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիան է, որի ապացույցն են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայաստանի. «Քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների եւ բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է: Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ: Որպես կանոն, այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որեւէ բացասական հետեւանքներ չի ունեցել: Արեւմուտքի շարունակական ֆինանսական օգնությունը եւ ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաեւ նրանց օտարել են արեւմտյան ժողովրդավարական արժեքներից: Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արեւմտյան տերությունների եւ Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել»:
Ավելին՝ վերջիններս նշել են, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջեւ՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն եւ շոշափելի արդյունքներ. «ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաեւ շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների: Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր եւ միաժամանակ ԱՄՆ-ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնշում գործադրել իշխող ռեժիմին եւ պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին եւ հետեւողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը եւ արդյունքները»:
«Ժողովուրդ»-ը նամակի մասին պարզաբանում խնդրեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսից: Ի պատասխան մեր հարցման՝ դեսպան Միլսը ասել է. «ԱՄՆ դեսպանատունը գործակցում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն հանդես բերող թե՛ ոչ-կառավարական, թե՛ կառավարական հաստատությունների հետ: Ոչ-կառավարական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացնում է ծրագիր, որով օժանդակություն է ցուցաբերվում քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես «Թրանսփերենսի Ինթերնեյշընլի» ղեկավարությամբ գործող ՀԿ-ների կոնսորցիումին: Բացի այդ՝ Ժողովրդավարության հանձնաժողովի մեր բազմաթիվ փոքր դրամաշնորհները ուղղվում են լրատվամիջոցների ու ՀԿ-ների առաջարկած այնպիսի ծրագրերին, որոնք նպատակ ունեն ուշադրություն բեւեռել կոռուպցիայի վրա եւ պայքարել դրա դեմ: Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում: Դա է պատճառը, որ մենք աշխատում ենք այն պետական հաստատությունների հետ, որոնք ձեռնամուխ են եղել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ աշխատելով նրանց հետ՝ մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ: Օժանդակություն է ցուցաբերվում հակակոռուպցիոն խորհրդին, որը պատասխանատու է կառավարության ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար: Դրանից զատ՝ ԱՄՆ ՄԶԳ նաեւ գործակցում է ֆինանսների նախարարության հետ հարկային վարչարարման ու բարեփոխումների շուրջ եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական նպաստների ու կենսաթոշակային համակարգերի ավտոմատացման շուրջ: Այս երկու ծրագրերի շրջանակում էլ գրանցվել են մեծ հաջողություններ թափանցիկության մեծացման ու կոռուպցիոն հնարավորությունների կրճատման մասով»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կադրային ջարդը շարունակվում է:
Դեռեւս 2016 թվականի մարտի 6-ին գրել էինք, որ մինչ Արման Թաթոյանի նշանակվելը, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի թիմակիցները շարունակում էին աշխատել ՄԻՊ-ում, սակայն Արման Թաթոյանի գործի անցնելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Նշենք, որ Արման Թաթոյանը ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում է իր նախկին աշխատատեղի` արդարադատության նախարարության աշխատակիցներով:
Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հեռացնում նախկին ՄԻՊ-ի օրոք աշխատած մարդկանց:
-Ընդամենը այս պահին, եթե չեմ սխալվում, երկու հոգի էր դիմումը գրել, որոնց, հակառակը, ես խնդրել էի, որպեսզի դիմումներ չգրեն, բայց իրենք այլ աշխատանք էին գտել:
-ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում եք արդարադատության նախարարության աշխատակիցներով: Սա Ձեր նախկին ղեկավարների մոտ դժգոհություն չի՞ առաջացում:
-Նախ՝ բոլորը բարձրակագ մասնագետներ են, իրենք լավ ճանաչում են աշխատակազմի աշխատակիցներին, շատ բարիդրացիական մթնոլորտ է: Այդ առումով խնդիր չկա:
-Բոլոր այն դատավորները, որոնք ոչ իրավաչափ որոշում էին կայացնում քաղաքացիների նկատմամբ, նախկին օմբուդսմենը դիմում էր արդարադատության խորհուրդ, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն, սակայն բոլոր դիմումները մերժվում էին: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով եւս մի շարք իրավապաշտպաններ բարձրաձայնեցին, որ դատարանը անօրինական որոշում է կայացրել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք այս հարցով դիմել արդարադատության խորհուրդ:
-Հիմա գնահատականներ տալու իրավունք չունեմ, որովհետեւ այս վերջին գործը դեռեւս դատական քննության փուլում է գտնվում կամ դատարանի տիրույթում: Իսկ ինչ վերաբերում է արդարադատության խորհրդին, դե, իհարկե, դա Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունն է:
-Իսկ այս ընթացքում որեւէ այլ գործով դիմե՞լ եք արդարադատության խորհուրդ:
-Այս ընթացքում դեռ ոչ, պատկերացրեք դեռ մեկ ամիս էլ չկա, իսկ Դուք բարձրացնում եք հարց, որը ամիսների ուսումնասիրության խնդիր է, այդ հարցը այնպիսին է, որ պետք է շատ հիմնավոր պատրաստվել:
Ի դեպ, օմբուդսմենից հետաքրքրվեցինք նաեւ, որ մարտի վերջին նա պետք է ներկայացնի ՄԻՊ տարեկան զեկույցը, իսկ մինչ այդ դեռ օդից կախված է մնացել դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասին զեկույցը: Արդյո՞ք վերջինս կհասցնի այս երկու զեկույցները միանգամից ներկայացնել, թե նրանցից մեկը, ի վերջո, կմնա օդից կախված, Արման Թաթոյանը պատասխանեց. «Այդ հարցը ես ասել եմ, չեմ կարող ասել»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉԻՑ ԵՆ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ
ArmLur.am-ի փոխանցմամբ` կառավարությունում եւ Ազգային ժողովում վերահսկողությունը սովորականից ավելի խստացված է: Կառավարության շենքում սովորաբար լինում են 2-3 հոգի, իսկ երեկ շենքը հսկել են 5-7 հոգի, որոնցից առնվազն 2-ը՝ զինված: Ի դեպ, հսկվել են բոլոր մուտքերը: Այս կապակցությամբ ArmLur.am-ը կապ է հաստատել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի հետ, ով, սակայն, հավստիացրել է, որ իրենց աշխատանքներում որեւէ փոփոխություն չկա: Նշենք, որ այս փաստը ուշագրավ է նրանով, որ այս երկուշաբթի օրվանից խորհրդարանի եւ կառավարության անվտանգության աշխատակիցներն իրենց ծառայությունը իրականացնում էին առանց ինքնաձիգների, այսինքն՝ նախկինում եղած ինչ-ինչ վտանգները վերացել էին, եւ նրանք անցել էին իրենց ծառայության սովորական ռեժիմին, սակայն ինչպես տեսնում ենք, վտանգները նորից ի հայտ են եկել:
ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ անցկացված նիստում քննարկվել է նորաստեղծ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտը, որը բավարարվել է: «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով:
ԵՎՍ ՄԻ ԶՈՀ
Երեկ՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: