Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «…բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:
Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում:
Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:
Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:
Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:
Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.
– Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից:
Ամէն:
Սուրբ Ներսես Շնորհալի