“Իրազեկ եւ պաշտպանված սպառողե ՀԿ-ն մի շարք հարցեր է հղել Երեւանի քաղաքապետարանին՝ ուղեվարձի թանկացման կապակցությամբ:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.”Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը լրագրողի հետ զրույցում “Աբսուրդ” էր որակել այն հաշվարկները, որոնք հիմնավորում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքի 100 դրամից ցածր լինելը՝ ոչնչով չհիմնավորելով իր կողմից տրված աբսուրդ գնահատականը, այն դեպքում, երբ մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն տրվել դեռեւս ս.թ. հուլիս 20-ին մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները:
Եվս 1 անգամ կոչ ենք անում Երեւանի քաղաքապետարանին պատասխանել՝
Ձեր կողմից տարածված հայտարարության մեջ միկրոավտոբուսների սակագնի հիմնավորման 3-րդ կետում գազի 1 մետր խորանարդը հաշվարկվում է 220 դրամով:
Հարց՝ ինչո՞ւ, երբ հիմնականում գազալցակայաններում լիցքավորումն արժե 1 մետր խորանարդը 200 դրամ:
8-րդ կետում պահեստամասերի եւ ընթացիկ նորոգման համար սահմանվում է 65.000 դրամ: Սա թերեւս այն գումարն է, որը հնարավորություն է ընձեռում ունենալ միկրոավտոբուս՝ միշտ բարվոք վիճակում:
Հարց՝ Եթե ծախսվում է այդ գումարը, ինչո՞ւ են տրանսպորտային միջոցները հիմնականում ոչ բարվոք վիճակում:
14-րդ կետով սահմանվում են վերադիր ծախսեր՝ 47.900 դրամ:
Հարց՝ ի՞նչ ծախսերի մասին է խոսքը: Ինչո՞ւ բացատրություն տրված չէ:
13-րդ կետով սահմանվում է ավտոմեքենայի ամսական ամորտիզացիայի ծախս (ներառյալ վարկի տոկոս)՝ 190.138 դրամ.
Հարց՝ ինչո՞ւ է ամորտիզացիոն ծախսը հաշվարկվել 5 տարի ժամկետով: Արդյո՞ք մեքենաները շահագործվում են ընդամենը 5 տարի: Արդյո՞ք շահագործվող միկրոավտոբուսները 2008 եւ ավելի թ.-ի արտադրության են:
Հարց՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի մասնավորի վարկերը, այն դեպքում, երբ եթե քաղաքացին պետք է մարեր վարկը, ապա տրանսպորտային միջոցը կարող էր ծառայել պետությանը, եւ շահույթն էլ կգնար պետական բյուջե, այսինքն նաեւ քաղաքացուն (օրինակ այդ գումարով հնարավոր կլիներ Երեւանում գիշերային լուսավորում ունենալ ոչ թե մինչեւ ժամը 1-ը, այլ՝ 2-ը):
Անգամ եթե Ձեր կողմից տարածված հայտարարության գնային հիմնավորումը տրված է իդեալական պայմաններում ուղեւորներին տեղափոխվելու հնարավորություն ունենալու համար՝
Հարց՝ ինչո՞ւ է 16-րդ կետով տեղափոխվող ուղեւորների թիվը սահմանված 5.850, երբ անգամ ոչ ծանրաբեռնված երթեւեկության դեպքում այդ թիվը գերազանցում է 8.000-ը: Իսկ այսօրվա երթեւեկության պարագայում հասնում է 10.000-ի:
Հարց՝ արդյո՞ք տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում բավարար է ոչ ծանրաբեռնված երթեւեկություն ունենալու համար:
Հարց՝ ինչո՞ւ է հասարակական տրանսպորտի ուղեվարձը դառնում 150 դրամ, եթե անգամ Ձեր կողմից ներկայացված ուռճացված ծախսերի պարագայում միայն ամորտիզացիոն ծախսերը կիսելու (այսինքն մեքենան ամորտիզացվեր ոչ թե 5, այլ 10 տարով) եւ ոչ գերծանրաբեռնված երթեւեկության դեպքում (ամսական ոտեղափոխվող ուղեւորներ թիմն ընդամենը 8000)՝ հարաբերակցությունը, ներառյալ շահույթը, չի գերազանցում 100 դրամը:
Եվ, ի վերջո, ինչո՞ւ չի քննարկվում տրանսպորտային միջոցների եւ կանգառների գովազդներից գոյացող գումարների հարցը, որը հնարավորություն կտար անգամ 100 դրամ ուղեվարձի պարագայում սուբսիդավորել թիրախային տարբեր խմբերի ուղեւորների ուղեվարձը”: