Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին:
Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի նշանակության վերաբերյալ:
Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով սեր ու հարգանք դեպի հայկական ազգագրական պարերը:
Ինչպես նշեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ազգագրական պարերի ֆլեշմոբ կազմակերպելու առաջարկն արվել է ուսանողների կողմից:
«Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել հենց Սուրբ Զատիկի տոնին նվիրված զատկական պարերի ֆլեշմոբ: Նպատակն էր հասարակության, և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը:
Ի ուրախություն և ի հպարտություն բոլորիս, պետք է նշեմ, որ գաղափարը իրականացնողները տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդներ էին»,- հավելեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահը:
Նշենք, որ միջոցառումը բուռն արձագանք ստացավ թե’ մասնակիցների, և թե’ անցորդների կողմից: Բոլորը հիացած և տպավորված էին անակնկալ նախաձեռնությամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն