Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով:
Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:
Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզական հագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Իսկ երևանաբնակ ևս 25 երեխա Երևանի քաղաքապետարանի և “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել “Գուգարք” ճամբարում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն