Ու՞ր է գնում երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարց, որի մասին խոսում, շատ հաճախ նաև  բարձրաձայնում են բոլորը՝ և իշխանությունները, և ընդիմությունը, և ժողովուրդը: Պատասխանները բազմաթիվ են, սակայն՝ ոչ սպառիչ, որից էլ անհայտ է մնում երկրի ընթացքի կոնկրետ հետագիծը: Իսկ այս իրավիճակում խոսել երկրի, նրա զարգացման, վարվող արտաքին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացվող ու կանխատեսվող քաղաքականությունների մասին, մեղմ ասած՝ այնքան էլ լուրջ չէ: Առաջին հերթին պետք է իմանալ, թե ովքեր են երկիրը տանողները: Սովորաբար, նշված գործընթացը հիմնականում իրականացնում են կամ իշխանությունները, կամ ընդիմությունը, կամ համատեղ՝ ժողովրդի որոշակի մասնակցությամբ: 
Իմ համոզմամբ, մեր երկրում ժողովուրդն իրեն դուրս է դրել բոլոր գործընթացներից (նաև տեսակետ կա, որ իշխանություններն են նրան դուրս դրել: Մի դեպքում միայն կարելի է ընդունել սա, եթե իշխանությունը բարձրաձայնի, որ իր զավակին՝ ժողովրդին, նա իրոք հեռու է պահում բոլոր գործընթացներից, որպեսզի հանկարծ նրա հետ վատ բան չպատահի և բոլոր հարվածները վերցնում է իր վրա), իսկ քանի որ ինքն է վստահել և ընտրել (ով ծիծաղի…) իշխանություններին, ինքն էլ հոժարակամ ենթարկվում է նրա կամքին: Կարելի է առանց բացառության՝ նույնը ասել ընդիմության և հետևաբար՝ համատեղ մասով: 
Ուզած, թե չուզած, մնաց միայն իշխանությունը, որի մասին էլ կխոսենք: Անկեղծ ասած, հայտնի չէ, թե այս պահին որտեղ է հանգրվանել երկիրը, այնուամենայնիվ պետք է խոսենք նաև նրա մասին: Այս դեպքում կենթադրենք, որ երկիրը դեռ կա (ավելին՝ կենթադրենք, որ ժողովուրդն էլ կա, քանի որ դեռ բոլորը չեն հասցրել արտագաղթել): Այնպես որ, հետագա ասելիքը կկառուցենք այս աքսիոմատիկայի վրա:
     
Եվ այսպես, եթե խոսում ենք այն մասին, թե ուր է գնում երկիրը, նախ պետք է ճշտենք, թե կառավարման ինչ համակարգ են որդեգրել մեր իշխանությունները: Քանի որ ժողովուրդը լիովին դուրս է մնացել կառավարման գործընթացներից, այստեղ կառավարման որևէ համակարգի մասին խոսելը լրիվ ավելորդ է: Եվ այնուամենայնիվ, կառավարման ի՞նչ մոդել է գործում մեր երկրում: Եթե հնարավորություն լինի այս հարցումը կատարել ամբողջ ժողովրդի շրջանում, ապա պատասխանը՝ մոտավոր կհնչի այսպես. մի քանի հոգով, առկա օրենսդրության՝ իրենց հարմար մեկնաբանությամբ երկիրը ղեկավարում են այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում: Որպեսզի ներկայացնենք, թե իրենք ինչպես են հարմար գտնում, ստիպված ենք հակիրճ ներկայացնել երկրի առկա վիճակը: 
Իսկ այն՝ մոտավորապես այսպիսին է. ունենք մոտ 40-60 տոկոս աղքատ և ծայրահեղ աղքատ ժողովուրդ, իշխանությանը ծառայողներ և մի քանի հարյուր հոգի՝ հարուստներ ու մեծահարուստներ (օլիգարխներ (չհաշված՝ մեկ, երկու հոգու)), համարյա թալանված երկիր, համատարած գործազրկություն, աներևակայելի արտագաղթ, ժողովրդավարության կաղապար, միաձուլված՝ օրենսդիր, գործադիր, դատական և քրեաօլիգարխիկ համակարգ, տեսականորեն՝ միջին որակի, իսկ պրակտիկորեն՝ ոչ այնքան կիրառվող օրենսդրություն և այսպես շարունակ: Անցյալն՝ անցյալ է, նրանից միայն հետևություններ պետք է անել և մենք կխոսենք այսօրվա իրավիճակի և այն գլխավոր պատճառների մասին, որոնց արդյունքում երկիրը հայտնվել է այսպիսի իրավիճակում: Նախ խոսենք ամենակարևոր հարցի մասին, որից ինչ-որ իմաստով ածանցվում են շատ ու շատ այլ հարցեր: Հետաքրքիր է, իշխանությունները չեն ուզում, թե՞ չեն կարողանում՝ ի հնարավորին ճիշտ ուղով տանել երկիրը: 
Սկսենք իշխանական բուրգի գագաթից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Չեմ կարծում՝ մի մարդ, ով 20 տարուց ավելի իշխանական համակարգում է, միշտ եղել է ժողովրդի աչքի առջև, ամենախորքային ձևով անցել և այժմ էլ անցնում է Ղարաբաղյան հարցի առանցքով, քաջատեղյակ է երկրին սպառնացող արտաքին և ներքին բոլոր մարտահրավերներին, որի կայացման գործում ունի մեծագույն մասնակցություն, չցանկանա, որ այդ երկիրը շատ արագ բարգավաճի և դառնա աշխարհի ամենահզոր ու բարեկեցիկ երկիրը: Ենթադրում եմ, որ շատերն են այսպես կարծում, բայց այդ դեպքում ինչու՞ է երկիրն այս վիճակում: Կարծում եմ, պատճառները շատ են, իսկ հիմնականն այն է, որ երկրում համակարգեր չեն գործում, որի պարագայում նրա կառավարումը կամայականորեն իրականացվում է անձերի կողմից և տարիներ շարունակ իշխանությունների կողմից անընդհատ բարձրաձայնվում է լայնածավալ բարեփոխումների անհրաժեշտության մասին, որը խոսքից այն կողմ չի  անցնում: 
Նշենք, որ ավելի վտանգավոր բան, քան համակարգի գործառույթները փոխանցել կենսաբանական էակների՝ մարդկանց, հնարավոր չէ պատկերացնել, քանզի համակարգի գործառույթների առյուծի բաժինը՝ մարդուն ոչ բնորոշ գործառույթներ են ենթադրում: Հետևաբար, մարդուն տալով՝ նրան ոչ բնորոշ գործառույթներ, նրա մեծագույն ցանկության դեպքում անգամ, նորմալ արդյունքներ ակնկալել չի կարելի: Դա մոտավորապես նույնն է, որ ատրճանակի գյուտի հեղինակից պահանջել, որ այն կատարի նաև ատրճանակի գործառույթ: Բարձրաձայնենք համակարգերի մեկ մասնակի գործառույթի մասին. համակարգերին բնորոշ բազմաթիվ գործառույթների կողքին, վերահսկողական գործառույթները ևս իրականացնում են հենց կառավարման գործընթացն իրականացնող պաշտոնյաները, որը մեղմ ասած՝ աբսուրդ է: 
Ինչպես ասվեց, այսօր՝ առանց որոշակի  համակարգերի ներդրման, երկիրը ղեկավարում են պաշտոնյաները և այդ գործընթացների վրա մեծ ազդեցություն ունեն նաև օլիգարխները: Իսկ թե ինչ հետևանքներ կարելի է ակնկալել նման համագործակցության արդյունքում, կարծում եմ բոլորին է հասկանալի: Այս գործընթացներին՝ օլիգարխների մասնակցության հիմնական նպատակն արտոնությունների միջոցով գերշահույթներ ստանալն է: Ավելի պարզ ասած, նրանց համար ստեղծված է գործունեության բացառիկ պայմաններ. մրցակցային դաշտի բացակայություն, արտոնյալ դիրքի ապահովման և հարկային ու մաքսային դաշտերի շրջանցման հնարավորություններ և այսպես շարունակ: 
Այլ խոսքով, նրանց տրվել է ստվերում գործելու բացառիկ արտոնություններ, որի արդյունքում տուժում է բյուջեն, հետևաբար՝ տուժում է նաև ժողովուրդը: Եթե երկրի թիվ մեկ պատասխանատուն՝ հանրապետության նախագահը տեղյակ չէ այս ամենին, ապա մեղմ ասած՝ շատ վատ է, իսկ եթե տեղյակ է և չի պարտադրում արագացված բարեփոխումներ անել ու այս ամենի դեմն առնել, էլ ավելի վատ է: Եվս մեկ անգամ բարձրաձյնենք. անցնող ամեն ժամը մեր երկիրը՝ մեկ ժամով ավելի կմոտեցնի անդունդին, եթե չափազանց արագացված համակարգային բարեփոխումներ չիրականացվեն:
     
Իհարկե, այս ամենի ֆոնին շատ ուրախացնող է, որ մեծահարուստների մեջ կան եզակի մարդիկ, ովքեր որոշակի արժեքային դաշտի կրող են, որի շնորհիվ ոմանք նաև բարեգործություններ են անում: Կարծում եմ սա այն առիթն է, որ կարելի է նաև անուններ հնչեցնել: Բարսեղ Բեգլարյան, մեծահարուստ, նաև՝ բարեգործ: Նրա կատարած մեծաթիվ բարեգործություններից միայն մեկ ուղղություն նշեմ. բազմաթիվ ուսանողներ կարող են վկայել, որ ունենալով ուսման բարձր առաջադիմություն և չունենալով համապատասխան վարձավճարի հնարավորություն, նրանք Բարսեղ Բեգլարյանի կողմից հիմնադրած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից՝ մրցութային կարգով, կիսամյակը մեկ անգամ՝ անշահախնդիր ձևով ստացել են վարձավճարի չափի որոշակի մասին համարժեք գումար, իսկ շատ-շատերին հատկացվել է նաև ուսանողական թոշակ՝ նպաստի ձևով: 
Իսկ ինչու՞ Բարսեղ Բեգլարյանը և ինչու՞ հատկապես կրթության ոլորտը: 
Կարծում եմ այս հարցերում՝ երկու հիմնական պատճառ կա. առաջին՝ դա տեսակի խնդիր է, երկրորդ՝ նա ստացել է հիմնարար կրթություն: Խորհրդային տարիներին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: Ասվածի ապացույցն է նաև այն, որ գազի գնի  թանկացման հետևանքով մոտ 5-12 տոկոսով թանկացել են բազմաթիվ ապրանքներ, ծառայություններ, որից դարձյալ գերշահույթներ են ստանում օլիգարխները, սակայն բենզինի և դիզ. վառելիքի գները մնացել են նույնը: Ռուբեն Վարդանյան, մեծահարուստ: Հիմնարար կրթություն ստանալուց հետո Մոսկվայում զբաղվել է արժեթղթերի շուկայի ուսումնասիրությամբ: Այդ ոլորտում զբաղվել է բիզնեսով և հասել է մեծագույն հաջողությունների, գրանցելով ֆինանսական մեծ կարողություններ: Ներկա պահին չափազանց մեծ ներդրումներ է անում Հայաստանում և մեծ թափով զարգացնում է բանկային,  արժեթղթերի շուկային առնչվող  և բազմաթիվ այլ բիզնեսներ (ավելորդ չեմ համարում նշել, որ այդ երկու մարդկանց էլ անձնապես չեմ ճանաչում):
      
Իհարկե, հասկանալի է, որ անցումային շրջանում ինչ-որ իմաստով անխուսափելի է օլիգարխների ի հայտ գալը, սակայն նրանց ուղղակի պետք է զսպել ու պահել որոշակի շրջանակների մեջ: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ չնայած բարեգործությունները մեծ մարդասիրություն են կրում իրենց մեջ, դրանց բարոյա-հոգեբանական ազդեցությունը հասարակության համար շատ մեծ է, սակայն առանց լուրջ  համակարգերի ներդրման և առանց լայնածավալ բարեփոխումների հնարավոր չէ երկիրը տանել ճիշտ ուղով: 
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

“Ժողովրդավարությունը ընտրական գործընթացներ” միջազգային կենտրոն ՀԿ նախագահ                  

“Ժողովուրդ” օրաթերթ 24.03.13թ.




Լրահոս