1in.am-ը գրում է` երկաթգծի բիզնեսով զբաղվող «ԱՄ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը, փետրվարի 29-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջով քրեական գործ հարուցել և քրեական պատասխանատվության ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությանը, որը հրաժարվում է կատարել իր ընկերության հետ կնքած պայմանագրային պարտավորությունները։
Բանն այն է, որ «ԱՄ գրուպ»-ը 2014 թվականի հուլիսի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ կնքել է պայմանագիր 40 միավոր դուրս գրված բեռնատար վագոն ձեռք բերելու համար (1 վագոնը 500 հազար դրամ արժեքով)։ Պայմանագրով ընկերությունը կատարել է բոլոր պայմանագրային պարտավորույթունները, սակայն, Մկրտչյանի խոսքերով՝ կարճ ժամանակ անց ինքը հասկացել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը պայմանագիրը կնքել է այն նպատակային ձախողելու և գնորդ ընկերությանը դիտավորյալ վնաս պատճառելու համար։ «Բանն այն է, որ պայմանագրի կնքումից հետո մեր կողմից բոլոր պարտավորությունները կատարվել են, վճարումները արվել են, տեղափոխման ծախսերը նույնպես կատարվել են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կողմից մի քայլ անգամ չի կատարվել պայմանագրի կատարման ուղղությամբ։ Իրենք իրենց մենաշնորհային դիրքը չարաշահելով չհիմնավորված բարձր գներ են ներկայացրել մեզ։ Վագոնները նորոգելու և դրանք մեզ ներկայացնելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Իսկ երբ դիմել ենք իրենց բեռնատար վագոնների վերանորոգման նպատակով՝ մեզ պատասխանել են, որ գերզբաղվածության պատճառով վագոնների վերանորոգմամբ կարող են զբաղվել միայն ոչ աշխատանքային օրերին, որով պայմանավորված՝ վճարման ենթակա գումարի չափը կլինի մոտ երկու անգամ ավելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:
Վերջինս բանակցությունների ճանապարհով արդյունքի չհասնելով, 2015-ի տարեվերջին դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որը վարչական վարույթ է հարուցել և նույն թվականի դեմտեմբերի 25-ին որոշում կայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը նկատողություն հայտարարել, քանի որ նույն վարչական վարույթով հիմնավորվել է, որ ընկերության կողմից «ԱՄ գրուպ»-ին վերանորոգման համար չհիմնավորված գներ են ներկայացվել։
ՏՄՊՊՀ-ն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը նաև թերությունները շտկելու համար ժամանակ էր հատկացրել, սակայն ռուսական ընկերությունը ի դեմս գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի՝ շարունակելով ՀՀ օրենսդրությանը չենթարկվելու իր կամայական վարքագիծը, Մկրտչյանի խոսքերով՝ արհամարհում է և հրաժարվում է կատարել Հայաստանի պետական լիազոր մարմնի պաշտոնական և օրինական ուժի մեջ մտած որոշման հանձնարարականները և կրկին միակողմանի պայման է թելադրում՝ տրանսսպորտային վիճակի բերված 6 վագոնների վերանորոգման համար վճարել չհիմնավորված բարձր գներ, որպեսզի ամեն գնով փորձի օրինականացնել իր ցուցումով կատարված կեղծիքներն ու հավելագրումները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: