Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ: Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն ՀՀ այն քաղաքացիների մասին չէ, որոնց ժամանման վայրը ՌԴ մայրաքաղաքն է: Տարանցիկ Մոսկվա ժամանող ուղեւորը իրավական տեսանկյունից ՌԴ սահմանը չի հատում, քանի որ նա մնում է, այսպես կոչված, «ստերիլ» տարածքում, մինչեւ կգա իր մեկնման ժամանակը: Աշխարհի թերեւս ոչ մի երկրում տարանցիկ ուղեւորներին նրանց ուղեւորության վերաբերյալ նման մանրամասն հարցաքննության չեն ենթարկում: Առավել եւս, որ հարցադրումների մեծ մասին ուղեւորը կարող է պատասխանել, որ ձեր գործը չէ, քանի որ նա հարցաքննողների համաքաղաքացին չէ եւ ոչ էլ պատրաստվում է նրանց երկրում մնալ: ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը Հայաստանում ՌԴ դեսպանատուն օրեր առաջ հարցում էր ուղարկել, որի պատասխանը այդպես էլ չստացանք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն ապրիլի 4-ին կամ 5-ին ասուլիս է հրավիրելու` պաշտոնապես հայտարարելով իր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Կուսակցական ծրագրի տնտեսական մասն արդեն պատրաստ է, այն կազմել է սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը: Օսկանյանի կուսակցությունում, ըստ էության, լինելու են քոչարյանական թեւի ներկայացուցիչները: Այն կհամագործակցի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» եւ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն» կուսակցությունների հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանն ասաց. «Բնականաբար ես կապ ունեմ պարոն Օսկանյանի հետ, մենք լավ ընկերներ ենք: Բայց կուսակցության, կուսակցության ստեղծվելու հետ կապ չունեմ»: Իսկ Հարությունյանն էլ ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, քանի որ պարոն Օսկանյանի հետ եղել ենք նույն համաժողովրդական շարժման մեջ, եւ նրա հայացքները ինձ համար լրիվ ընդունելի են: Համոզված եմ, որ նրան կհաջողվի համախմբողի դեր կատարել եւ հզոր ուժ կլինի»:
Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող գումարների մոտ 1/5-րդն այս տարի ծախսվելու է պետական պարտքի տոկոսավճարների եւ մարման ծախսերը հոգալու համար: Բանն այն է, որ 2016 թվականի պետական բյուջեի ճշգրտված պլանի համաձայն՝ ընթացիկ տարում եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 194 միլիարդ 505 միլիոն դրամ: Այդ գումարից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը պետք է կազմեն 1 տրիլիոն 131 միլիարդ 670 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ պետական պարտքի ներկա մակարդակի պայմաններում դրա սպասարկման համար պետբյուջեից պետք է ծախսվի 218 միլիարդ դրամ: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ սահմանվել է, որ 2017-ի համար պետական պարտքը պետք է լինի 2 տրիլիոն 524 մլրդ դրամի սահմաններում: Սակայն մարտի 15-ի դրությամբ մեր պետական պարտքի չափն արդեն հասել է 2017 թվականի համար նախատեսված պետական պլանին: Այս տարվա մարտի 15-ի դրությամբ պետական պարտքը արդեն իսկ կազմում է առնվազն 2 տրիլիոն 526 մլրդ դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով: Տեղեկացնենք, որ ոստիկանապետից բացի՝ ռեստորանում են եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը: Ու բավական չէ, որ ոստիկանապետը ծեծել է քաղաքացուն, դեռ մի բան էլ Արթուր Գեւորգյանի նկատմամբ քրգործ է հարուցել՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով: Իսկ ո՞վ է կալանավորված Արթուրը:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության շուրջ: Նախ նա եւս մեկ անգամ ամրագրել է, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում ընդառաջել սահմանային վերահսկողության, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ միջնորդների կողմից տեւական ժամանակ արվող առաջարկություններին. «Նման մեխանիզմի անհրաժեշտությունը միտումավոր կերպով օրակարգ է բերում Երեւանը»,- ասել է Մամեդյարովը` նշելով, որ դա ՀՀ-ին պետք է ստատուս-քվոն պահպանելու եւ «ադրբեջանական տարածքների օկուպացիան» շարունակելու համար: «Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրս բերելուն պես միջադեպերն իսպառ կվերանան, եւ այլեւս հետաքննելու ոչինչ չի մնա»,- ասել է Մամեդյարովը:
Հետաքննության եւ սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման հարցում նման կոշտ մերժողական կեցվածքի` եւս մեկ անգամ ամրագրումը թերեւս պատահական չէ մարտի 31-ին ԱՄՆ-ում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Ալիեւ-Սարգսյան-Օբամա ակնկալվող հանդիպումից առաջ, որի ընթացում, ըստ ամերիկյան մամուլի, հենց այդ մեխանիզմների ներդրման հարցն է բարձրացվելու Օբամայի կողմից:
Հենց ամերիկյան կողմից ակնկալվող ճնշումների համատեքստում պետք է դիտարկել նաեւ Մամեդյարովի հարցազրույցի հաջորդ ուշագրավ հայտարարությունը 200 միլիոն դոլարի հայ-ռուսական զենքի գործարքի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ին ուղարկված բողոքի նոտայի շուրջ: Մամեդյարովը ակնհայտորեն փորձել է վերախմբագրել Բաքվի կոշտ արձագանքը` հայտարարելով.«Նոտայի բովանդակությունը, ըստ էության, խնդրանք էր, որպեսզի Ռուսաստանը, երբ զենք է մատակարարում Հայաստանին, հաշվի առնի, որ այդ զենքերը չպետք է հայտնվեն ադրբեջանական օկուպացված տարածքներում»: Այդպիսով` պաշտոնական Բաքվի բողոքի նոտան արդեն որպես խնդրանք ներկայացնող Մամեդյարովը փորձում է ստանալ ռուսական կողմի աջակցությունը` ամերիկյան կողմից սպասվող հնարավոր ճնշումներին ընդառաջ: Ընդ որում, այդ նպատակով Ադրբեջանը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է կատարել զենքի գործարքների հետ կապված իր բոլոր պարտավորությունները` այդ կերպ նաեւ զենքի նոր խմբաքանակների ձեռք բերման պատրաստակամություն հայտնելով:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ մարտի 31-ին ԱՄՆ կատարելիք այցից առաջ Բաքուն փորձում է իրեն ամեն կերպ ապահովագրել. մի կողմից Իլհամ Ալիեւն է մեկնում Անկարա, որտեղ մի քանի րոպե չընդհատվող հրապարակային գրկախառնություններով ու համբույրներով փորձում է ցույց տալ, թե ինքն ու Էրդողանը «նույն մարդն» են, մյուս կողմից էլ՝ Մամեդյարովն է ռուսական ուղղությամբ ռեվերանսներ անում: Ըստ երեւույթին` Բաքվում մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն: