ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՐՎԱԾ ԵՆ ՀՕԳՈՒՏ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ընտրական օրենսգրքի նախագծի ամենախնդրահարույց դրույթներից մեկն էլ 65 -րդ հոդվածի 7-րդ կետն է, որը վերաբերում է ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակմանն ու գործունեության կարգին: Անցած օրերին արդեն իսկ ընդդիմադիր գործիչները, լրագրողական կազմակերպություններն ու փորձագետները նշել են, որ սա լրջագույն հետընթաց է գործող օրենսդրությունից: Թե ինչու են նոր ԸՕ հեղինակները որոշել սահմանափակում մտցնել այս եւ այլ հարցերում` «Ժողովուրդը» փորձել է պարզել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից:

-Պարո՛ն Մուկուչյան, նոր ԸՕ նախագծում ներառված չեն ընդդիմության հիմնական առաջարկները, որոնցից ամենաառանցքայինը, թերեւս, ստորագրված ընտրացուցակների հրապարակումն է: Որպես ԿԸՀ նախագահ՝ որն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
-Ցանկացած պարագայում պետք է նայենք հետեւյալ տարբերակով, որ յուրաքանչյուր փաստաթուղթ, երբ ստեղծվում է, չի կարող միանշանակ կատարյալ լինել: Մենք այսօր իրականացնում ենք այս նախագծի քննարկումը, նախագիծ, որտեղ ամրագրել ենք մոտեցումներ, նոր լուծումներ: Եվ բնական է՝ շատ կարեւոր են այսպիսի հասարակական քննարկումները, որովհետեւ այդ ժամանակ ի հայտ են գալիս դրանում առկա ոչ լիարժեք լուծումները, թերությունները: Քննարկումների ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մենք լսենք առաջարկություններ, որոնք, բնական է, հնարավորություն կտան առկա նախագծի կատարելագործմանը: Ցուցակների հրապարակման հետ կապված չգիտեմ՝ ինչպիսի լուծումներ կընդունի խորհրդարանը, բայց ես իմ սոսկ անձնական կարծիքը կարող եմ ներկայացնել, որը միշտ անփոփոխ է: Ես կարծում եմ, որ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում է, եւ այդ ցուցակների հրապարակում չպետք է տեղի ունենա: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես այդ ցուցակներին ծանոթանալուն, թե՛ քվեարկության ընթացքում դրան հետեւելու միջոցով, թե՛ վերահաշվարկի ժամանակ, կա նման հնարավորություն իրավասու սուբյեկտների համար: Այս լուծումները ոչ թե պահպանվել են նախագծում, այլեւ կատարելագործվել են. այս նախագիծը պարունակում է եւս մեկ նոր լուծում, որը հնարավորություն է տալիս դիտորդին եւ վստահված անձանց, ներկայացնելով դիմումներ, այդ ցուցակներին ծանոթանալ: Սա լրացուցիչ եւս մեկ հնարավորություն է:
-Տարաբնույթ դժգոհություններ եւ պահանջներ կան նաեւ ընտրատեղամասերում քվեարկության ամբողջ ընթացքը տեսանկարահանելու հետ կապված: Ըստ Ձեզ՝ ընտրակեղծիքներից խուսափելու համար ճիշտ չի լինի՞ այս պահանջն իրագործել:
-Ցանկացած պարագայում, երբ առաջարկվում են տեխնիկական նոր լուծումներ, դրանք պետք է անցնեն բավականին լուրջ քննարկումներ` ընկալելու համար բոլոր դրական եւ բացասական գործոնները: Ինչքանով կարող են դրանք նպաստել, ինչքանով են իրատեսական, ինչպիսի հնարավոր ռիսկեր են դրանք պարունակում, ինչպիսի խաթարումներ կարող են տեղի ունենալ քվեարկության ընթացքում: Նկարահանման հնարավորությունը տրված է վստահված անձանց, դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք ազատորեն կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել ամբողջ քվեարկության ընթացքը: Ես կարծում եմ՝ այդ հնարավորությունը լիարժեք ծավալով արդեն իսկ վերապահված է, եւ լրացուցիչ նոր ինստիտուտ, նոր մոդել մշակելու եւ ներդնելու կարծես թե անհրաժեշտությունը առկա չէ:
-Պարո՛ն Մուկուչյան, ԸՕ նոր նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր կուսակցության ընտրացուցակում պետք է ներգրավված լինեն եզդի, ռուս, ասորի, քուրդ ազգի երկուական ներկայացուցիչներ: Որքանո՞վ է իրատեսական այդքան թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավումը, եւ, առհասարակ, որն է դրա նպատակը:
-Ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրը դեռեւս քննարկումների փուլում է: Կան որոշակի լուծումներ, նոր մոտեցումներ, նոր առաջարկներ… Կարծում եմ՝ քննարկումներ կլինեն, եւ թե արդյունքում ինչպիսի տարբերակ կընդունվի, դա խորհրդարանի որոշելիքն է: Ներկայիս տարբերակով նախատեսված է այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին եւս ընդգրկվել ընտրողների ցուցակներում: Այստեղ խնդիրը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների ներկայացվածությունը խորհրդարանում ապահովելն է որպես հիմնական նպատակ:
-Եվ վերջում` այս օրերին, թերեւս, ամենից շատ քննադատված դրույթի մասին` նախագծի 65 հոդվածի 7 կետի, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Այս սահմանափակմամբ ի՞նչ խնդիր եք փորձում լուծել:
-Պատճառը, որը հիմք է հանդիսացել նման լուծում ամրագրելու օրենսգրքում, այն է, որ տարբեր անձինք լրագրողների կամ դիտորդների անվան տակ մուտք չգործեն տեղամասային կենտրոններ, այն դեպքում, երբ վերջիններս առօրյա կյանքում որեւէ առնչություն չունեն լրագրության հետ: Այսինքն՝ քողարկված լրագրողական անցաթղթով մուտք չկարողանան գործել ընտրատեղամաս` խոչընդոտելով իրական լրագրողների գործառույթները: Կարծում եմ՝ քննարկումների ընթացքում այս հարցին եւս կտրվի լավագույն լուծում:

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՉԻՆ

Օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին` միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

Բայց ինչպես երեւում է՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում ընդունել Փաշինյանի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս նույն վերաբերմունքն առկա է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում: Թե ինչով է պայմանավորված այս հանգամաքը, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ չեն ցանկանում ընդդիմադիր գործչին ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների տեղերը տալ, դժվար է ասել: Մնում է ենթադրել, որ այդ տեղերը կա՛մ ՀՀԿ ներկայացուցիչների համար են պահված, կա՛մ էլ այլ խնդիրներ են առկա, որոնք անհասկանալի են մնում:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից փորձեց պարզել, թե որն է մերժման բուն պատճառը: Ի պատասխան մեր հարցի՝ Զուրաբյանը խորհուրդ տվեց կարդալ ՀԱԿ խմբակցության մամուլի պատասխանատու Արմեն Խաչատրյանի պատասխանը:
Մեջբերենք Ա. Խաչատրյանի պատասխանից մեկ հատված. «ՏԸՀ անդամներին նշանակելիս ՀԱԿ խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով… ՀԱԿ խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հարցի հետ կապված ասաց. «Տեղեր տալու ոչ մի խնդիր չկա: Պարզ մոտեցում է` մենք ունենք լավ, պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ, որոնք ընտրության արդյունքում են նշանակվել եւ իրենք իրենց պարտականությունը կիրականացնեն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ին տեղերը տալու մասին դիտարկմանը` Մարտիրոսյանն ասաց. «Բացառվում է: Նմանատիպ խնդիրներ գոյություն չունեն: Սա համապետական ընտրություն չի, որ նախ որոշ դեպքերում տեղական մեր ներկայացուցիչները մի փոքր թույլ իրենց պահեն, երկրորդ՝ այնպես չէ, որ մենք լռեցնելու խնդիր ունենք»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ԱՅՍՕՐ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
Պաշտպանության նախկին փոխնախարար, կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանը պետք է վիրահատության ենթարկվի: ArmLur.am-ը հայտնում է, որ նրան տեղափոխել են Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է վերջինիս հետազոտությունը: Համաձայն դրա արդյունքների՝ նախկինում վիրահատության ենթարկված ձախ ոտքի վերջույթի հատվածում թրոմբ կա:
Տեղեկացնենք, որ նախկինում «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացված հետազոտության արդյունքում այդ ախտանիշը չէր հայտնաբերվել:
Եւ այսօր արդեն բուժզննման արդյունքում բժիշկների տված եզրակացության համաձայն՝ պետք է անհապաղ Վահան Շիրխանյանին տեղափոխել բժշկական կենտրոն եւ վիրահատել:

 

 

«ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի հունիսին «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել բարձրախոսի գլխիկներ, որոնք եղել են լոգոյով եւ առանց լոգոյի: Ավելի ուշ՝ ամիսներ անց, «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Մկրտչյանը դիմում է ներկայացրել մաքսային մարմին եւ հայտնել, թե վերոնշյալ ապրանքները մաքսային ծառայությունում պետք հայտարարագրվեին ոչ թե «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի անունով, այլ «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի: Եվ այս թյուրիմացության համար մաքսային մարմինը որոշում է կայացրել հայտարարագրի ճիշտ ժամկետը չապահովելու եւ թույլ տված սխալի համար «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանին տուգանել 50.000 դրամի չափով:

 

 

ՍԱՐԻ ԹԱՂԻ ԳՈՐԾՈՎ
Մարտի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Այստեղ՝ թիվ 47 դպրոցի մոտ, 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել էր, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել կատարված միջադեպի իրական պատճառը: Պարզվում է՝ անչափահաս տղաները վիճաբանել են հայհոյանքի պատճառով: Նրանց միջեւ հայհոյանքը կուլ չտալու երեւույթն այնքան է խորացել, որ տղաները մարդ են կանչել մեկը մյուսի «վրա»: Արդյունքում 15-17 տարեկանների վիճաբանությանը խառնվել են 25-26 տարեկան երիտասարդները, ինչին էլ հաջորդել է լուրջ բախումն ու դանակահարությունը:
Նշենք, որ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում սպանվել է Սարի թաղի բնակիչ, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը: Իսկ սպանության համար կալանավորվել են Սարի թաղի բնակիչներ, 1990, 1991 թթ. ծնված Պետրոսյան եղբայրները:




Լրահոս