ԲՅՈՒՋԵԻ 1/5-ՐԴԸ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՐԱ Է ԾԱԽՍՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Հայաստանի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ պետությունն իր եկամուտների մի զգալի մասը, տվյալ դեպքում՝ գրեթե մեկ հինգերորդը, ծախսում է վարկերի վրա:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 519 միլիարդ 500 մլն դրամ, կամ նույն է, թե 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլար: Այս տարվա մարտի ընթացքում, երեկվա դրությամբ, միայն թողարկված պետական պարտատոմսերի հաշվին պետական պարտքի թիվն արդեն իսկ հասցրել է աճել եւս 7 միլիարդ 500 մլն դրամի չափով: Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեով պլանավորված է, որ եկամուտներն այս տարի պետք է կազմեն 1 տրիլիոն 194 միլիարդ 505 մլն դրամ: Ընթացիկ տարում պետբյուջեից պետական պարտքի մարման համար հատկացվելու է առնվազն 117 միլիարդ 400 մլն դրամ: Դրանից բացի եւս 100 միլիարդ 600 մլն դրամ էլ նախատեսվում է ծախսել տոկոսավճարների վրա: Ի դեպ, դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ նշված թվերը եւս կարող են ավելանալ: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ ստացվում է, որ պետական պարտքի սպասարկման համար 2016 թվականին ծախսվելու է առնվազն 218 միլիարդ դրամ, որը կազմում է մեր պետական բյուջեի եկամուտների 18,4 տոկոսը` շուրջ մեկ հինգերորդը:
ՀՀ կառավարության «Պարտքի կառավարման 2016-2018 թվականների ռազմավարական ծրագիր» անվանումը կրող փաստաթղթի համաձայն, որը հրապարակվել է անցած տարվա հուլիսին, 2016 թվականին Հայաստանի պետական պարտքը պետք է կազմեր 2 տրիլիոն 431 միլիարդ 100 մլն դրամ, որը կլիներ ՀՆԱ-ի 49,4 տոկոսը: Սակայն, ինչպես արդեն նշել ենք, այս տարվա մարտի 1-ի դրությամբ պետական պարտքն արդեն իսկ տարվա համար նախատեսված ցուցանիշը գերազանցում է մոտ 90 միլիարդ դրամի չափով: Այսինքն՝ իրականում Հայաստանի ներկա պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 51,2 տոկոսը: Այլ կերպ ասած՝ այսօր այն ամենը, ինչ ստեղծվում է Հայաստանում, կլինեն դրանք պատրաստի արտադրանքներ, թե ծառայություններ, դրանց կեսից ավելին արդեն իսկ մենք պարտք ենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնցից ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պարտքով գումարներ են վերցրել:
Ավելին՝ ակնհայտ է, որ այս տարվա վերջին պետական պարտքի ցուցանիշը զգալիորեն կավելանա եւ կգերազանցի 2017 թվականի համար ծրագրված թիվը: Բանն այն է, որ երբ անցած տարի վերը նշված ծրագիրը կազմել են, ենթադրվել է, որ Հայաստանի պետական պարտքը 2017-ին նոր միայն կհասնի 2 տրիլիոն 524 միլիարդ դրամ ցուցանիշին: Սակայն իրականությունն ավելի դաժան է, եւ կառավարության կանխատեսումներն առնվազն մեկ տարով հետ են իրականությունից:
Պետական պարտքի ծավալների աճը մտահոգիչ չէր լինի, եթե մենք համոզված լինեինք, որ այդ գումարները ծախսվում են նպատակային եւ, ի վերջո, հանգեցնելու են տնտեսության զարգացմանը: Սովորական ընտանիքների օրինակով էլ այդպես է. մի ընտանիք վարկերը վերցնում եւ իր կենցաղն ու տնտեսությունն այնպես է բարելավում, որ դրա շնորհիվ իրենց եկամուտները ավելանում են, տվյալ ընտանիքի կյանքը դառնում է ավելի բարեկեցիկ, քան մինչեւ այդ էր, վարկն էլ ընտանիքի համար պատուհաս չի դառնում, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ ընտանիքի գլուխը վատ կառավարիչ է լինում: Արդյունքում նա այնքան է վարկեր վերցնում եւ մսխում, որ ընտանիքը կորցնում է ամեն ինչ: Այդ կործանարար ընթացքը միայն մեկ ճանապարհով կարող է դադարեցվել. ընտանիքի անդամները պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ իրենց հարազատին զրկեն տնտեսությունը կառավարելու հնարավորությունից: Այդ դեպքում, իրենք կկարողանան իրենց ընդհանուր տնտեսությունը փրկել եւ միգուցե հաջողվի նաեւ իրենց հարազատին բուժել հարբեցողությունից եւ խաղամոլությունից:
Վերը բերված բանաձեւը ամբողջովին կիրառելի է նաեւ պետության պարագայում: Եթե իշխանության ղեկին կանգնած են մարդիկ, որոնց կյանքի նպատակը պետական միջոցները գրպանելն է, ապա նրանց ցանկացած նախաձեռնություն, ի վերջո, հանգեցնելու է ընդհանուր պետության տնտեսության վիճակի վատթարացմանը: Այդ բացասական զարգացումները կարող են արագանալ կամ դանդաղել արտաքին տնտեսական ազդակներով պայմանավորված: Սակայն միանշանակ է, որ նման պայմաններում տնտեսության զարգացման տարբերակը բացառվում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ազաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր է կուտակել, որը կազմում է ավելի քան 80 մլն դրամ: Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել են սնանկ ճանաչել ընկերությանը: Նշված դատարանն այս տարվա փետրվարի 29-ին որոշել է «Գրեյթ Վելլի ՀՁ» ընկերությանը սնանկ ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է այս տարվա մայիսի 16-ին: Պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

 

ՆՎԵՐՆԵՐՈՎ ԱՊՐՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադին, անցած տարի շարունակել է մեծ ծավալի հարստություն կուտակել, չնայած ՀՀ Սահմանադրությունը պատգամավորներին արգելում է գործարարությամբ զբաղվել: Ըստ պատգամավորի պաշտոնական հայտարարագրի՝ նա անցած տարի 106 մլն 200 հազար դրամ արժեքով գնել է հողամաս, իսկ 6 մլն դրամով՝ «Toyota Land Cruiser prado 2.7» մակնիշի ավտոմեքենա: Դերժավայի Արկադիի փոխառությունները՝ վարկեր տարվա վերջում, կազմել են մոտ 2 մլրդ 400 մլն դրամ: Պատգամավորի դրամական միջոցները 2015 թվականին 2014 թվականի համեմատ նույնպես ավելացել են՝ 4 մլն դրամից դառնալով 5 մլն 300 հազար դրամ: Պատգամավորի ամսական աշխատավարձը կազմել 560 հազար դրամ: Սակայն նա այդ գումարով չի ապրել, այլ նվիրատվություններով, որոնք կազմել են 1 մլրդ 250 մլն դրամ: Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից իրենց ստվերային եկամուտները իբրեւ նվիրատվություն ձեւակերպելն արդեն դառնում է ավանդույթ:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո բոլոր տեսակի ստուգումների հանձնարարականների տրամադրումը, ինչպես նաեւ նախկինում տրված եւ ընթացքի մեջ գտնվող հանձնարարականների կատարումը մի առ ժամանակ դադարեցվել է: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊԵԿ, որտեղից պատասխանեցին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Կարելի է ենթադրել, որ կասեցումը պաշտոնապես չի արվել, այլ ներքին կարգով: Պարզապես հարկայինի աշխատողները ոչ մի քայլ չեն ձեռնարկում` սպասելով նոր ղեկավարության հրահանգներին:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԻՏԱՐԿԵԼ Է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 17-ին մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հատվածում։ «Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը, եւ որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից»,- նշել է Կասպրշիկը` կոչ անելով Զատիկի եւ Նովրուզ բայրամի մոտալուտ տոներին ընդառաջ՝ կողմերին հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին համաձայնագրին:

 

ՇԱՏ ՆՈՐՄԱԼ
Մեր հարաբերությունները գտնվում են շատ նորմալ վիճակում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին, երեկ վստահեցրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ես չգիտեմ` ով ինչ տեղեկություններ է տարածում, ես կուզեի, որ այդ ամեն ինչին վերջ տայինք»,- ասել է նա:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿՈՉԵԼ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ԴԱԻՇ (Իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գործողությունները եզդիների, քրիստոնյաների եւ շիա մահմեդականների դեմ ցեղասպանություն է: Քերին անդրադարձ է կատարել նաեւ Սիրիայում եւ Իրաքում Դաիշի կողմից ոչնչացված մշակութային ժառանգությանը: «Մենք գիտենք, որ Դաիշի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համակարգված ջանքեր են գործադրվում ոչնչացնելու հինավուրց համայնքների մշակութային ժառանգությունը. ոչնչացվում են հայկական, Սիրիայի ուղղափառների եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ, պայթեցվում են վանքեր եւ մարգարեների շիրիմներ»:

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Մարտի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

 

ՍԱԿԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեկ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ էլեկտրոնային գրանցման համակարգը կբացառի կրկնաքվեարկությունը: Նա նաեւ ասել է, որ կարող են հանել այն կետը, որը պահանջում է ազգային չորս փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներառել կուսակցությունների ընտրացուցակներում։ Բացի այդ` Հարությունյանը նշել է, որ պատրաստ են քննարկել նաեւ լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակում ենթադրող կետը:

 

ԷԼԻ ԶՈՀ
Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԹԱՔՆՎԵԼ Է
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Վալերի Պերմյակովի գործով դատաքննության ընթացքում երեկ հրապարակվել են Պերմյակովի եւ սպանության օրը նրա հետ հերթապահող ծառայակիցների դատաբժշկական փորձաքննության արդյուքները, որոնց համաձայն՝ նրանք թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել: Հրապարակվել է նաեւ Բայանդուր գյուղի ուղեկալի տարածքում տեղազննման արձանագրությունը, համաձայն որի` ուղեկալից ոչ հեռու` պոմպակայանի մոտ, հայտնաբերվել է տնակ, որտեղ թաքնվել է Պերմյակովը: Տնակում հայտնաբերվել են անկողնային պարագաներ եւ հագուստ, ինչն էլ, ըստ պետական մեղադրողի, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Պերմյակովը ձերբակալման ժամանակ եղել բարակ հագուստով: Երեկ նաեւ հրապարակվել են լուսանկարներ, թե ինչպես է հայ-թուրքական սահմանին հայտնաբերվել Պերմյակովը:




Լրահոս