ԳՈՐԻՍԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԾԵԾԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի իշխանության համակարգի գլխավոր խնդիրը բարձր օղակներին սխալ ինֆորմացիա տեղ հասցնելու մեջ է, վաղուց բոլորին հայտնի իրողություն է: Բանն այն է, որ շատ հաճախ ղեկավար մարմնում տեղյակ չեն լինում, թե ինչ է կատարվում ներքեւներում, արդյունքում ձեւավորվում է անարդարության այն մթնոլորտը, որում ապրում ենք բոլորս: ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալի աշխատանքից հեռացումը ասվածի վառ դրսեւորումն է, որի մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը բացահայտեց հենց Գորիս քաղաքում:

Ինչի՞ց է սկսվել պատմությունը
Մարտի 8-ին Արթուրը իր ընկերների՝ Նարեկի, Վահանի եւ իրենց կանանց հետ գնացել են Գորիս քաղաքում գտնվող «Արարատ» ռեստորան՝ նշելու կանանց տոնը: Ավելի ուշ երիտասարդները կանանց տարել են տուն եւ ընկերներով որոշել են շարունակել զվարճանքը` ոչ ռեստորանային պայմաններում: Տղաները գնացել են քաղաքում գործող «Դիանա» հյուրանոցային համալիր, որտեղ կան զվարճանքի շատ պայմաններ, այդ թվում՝ շոգեբաղնիք: Երբ հասել են հյուրանոցային համալիր եւ ցանկացել ներս մտնել, պահակակետի ոստիկանության աշխատակիցն ասել է, թե հյուրանոցային համալիրը փակ է: Հաշվի առնելով, որ տոնական օր է, կամ համալիրի ներսում կարեւոր հյուրեր կան, համալիրի տնօրենը որոշել է փակել նախատեսվածից շուտ՝ սահմանափակելով քաղաքացիների մուտքը համալիր: Արդյունքում, Նարեկը, որը լավ ճանաչել է ոստիկանին, նրան «ընկերականով» համոզելուց հետո հասկացել է, որ անհնար է ներս մտնել, նստել է ավտոմեքենան, որ վերադառնան: Այդ պահին երիտասարդները նկատել են, որ համալիր է մտնում մեկ այլ մեքենա, որի առջեւ ոստիկանության աշխատակիցը բացել է տալիս հյուրանոցային համալիրիր դարպասները: Իսկ ո՞վ է լինում արտոնյալը: Պարզվում է, որ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն է եղել, որի համար փակ դռներ չկան:

Քաղաքացու օձիքից քարշ տալով
Այդ պահին Նարեկը Արթուրին խնդրում է կանգնեցնել ավտոմեքենան եւ իջնելով մեքենայից՝ ասում է, թե՝ արա՛, էս մենակ մեր համար ա փակ համալիրը: Ականատեսների պատմելով՝ Նարեկը զինվորական է եւ պահակային ծառայության աշխատակից ոստիկանին ճանաչելով է այդ տոնով խոսել նրա հետ: Բայց Գորիսի ոստիկանապետը, առանց մանրամասները ճշտելու, առանց ներկայանալու, մոտենում է տղաներին եւ փորձում կարգի հրավիրել: Մարտի 8-յան տրամադրություններով առաջանում է տղայական «ռազբորկա»՝ «արա, արան դու ես, լակոտ, լակոտը դու ես» մակարդակի:
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ, 6-րդ վարչության նախկին աշխատակից Գեւորգ Ազիզյանը այդ պահին Նարեկի վզից բռնում է ու տանում դեպի հյուրանոցային համալիր: Ընկերները ավտոմեքենայից իջնում են: Արթուրը երկու անգամ բարձրաձայնում է, թե՝ ապե՛ր, ո՞ւր ես տանում: Այդ խոսքի վրա Գորիսի ոստիկանապետը մոտենում է Արթուր Գեւորգյանին եւ ասում, թե՝ գիտե՞ս ես ով եմ, տղան էլ պատասխանում է, թե՝ չէ, բա դու գիտես՝ ես ով եմ: Այստեղ ոստիկանապետի նյարդերը տեղի են տալիս, ու նա հայհոյում է Արթուրին, ագրեսիվ պահվածք դրսեւորում՝ բռունցքներով հարվածելով նրան: Քաղաքացիական հագուստով ոստիկանապետը հայհոյանքներ հնչեցնելով՝ հետապնդում ու ծեծում է Արթուրին:

«Խոշոր» վկաները
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հերթով համալիրի տարածքում են հայտնվում Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, մարզի դատախազ Գրիգոր Մինասյանը, որոնք ծեծի ականատես են եղել: Նկատենք, որ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ասպուր Ավետիսյանի ձեռքին մի տոպրակ է եղել, ու դատելով գտնվելու վայրից՝ հավանաբար շոգեբաղնիքի պարագաներն են եղել: Մարզի իրավապահներն էլ այդկերպ էին նշում մարտի 8-ը:

Ծեծի երկրորդ մասը
Տպավորությունն այնպիսին էր, որ Գեւորգ Ազիզյանը ծեծով կհանգստանար, բայց ոչ: Նա որոշում է մինչեւ վերջ «դաս տալ» իրեն «տեղը չբերած» երիտասարդին՝ ենթականերին կանչելով եւ հրահանգելով ձերբակալել Արթուրին: Գորիս քաղաքում տարածված լուրերի համաձայն՝ ոստիկանապետը Արթուր Գեւորգյանին տանելով ոստիկանության բաժին՝ այնտեղ եւս 6-ում սովորած հարվածի ձեւերով դաժան ծեծի է ենթարկել ու էլի հայհոյել Արթուրի՝ անբուժելի հիվանդություն ունեցող մորը: 10 հոգուց ավել մարդիկ ականատես են եղել այդ ամենին:

Իսկ ո՞վ է Արթուրը
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ծեծի ենթարկված Արթուրը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է: Նրա հայրը, եղբայրները, մի խոսքով, ողջ գերդաստանը ոստիկաններ են:
Ինչեւէ, ոստիկանապետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանը՝ լսելով, որ եղբայրը խնդիրների մեջ է ոստիկանապետի հետ, մտել է բաժին, որտեղ ոստիկանապետը հրահանգել է չխառնվել եւ տեղակալի ներկայությամբ դարձյալ հայհոյել ու ծեծել է եղբորը: Ավելին՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ասպուր Ավետիսյանը եւս Արթուր Գեւորգյանին հայհոյել ու հարվածել է՝ ասելով, թե՝ էս ում վրա ես եկել, արա՛:

Մի կաթիլ մեղր
Իհարկե, «Ժողովուրդ»-ը միանշանակ չէր հավատա այս պատմությանը, եթե մեզ չհաջողվեր ձեռք բերել միջադեպի տեսանյութը: Այնտեղ ակնհայտ երեւում է, որ քաղաքացին դիմադրություն ցույց չի տալիս: Բայց քանի որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցի հետ Ազիզյանը գիշերով զվարճանալու կարող է գնալ, ըստ էության, կոլեկտիվ որոշում է կայացվում նոր սցենար մշակել: Ոստիկանապետի՝ գիշերով հյուրանոց գնալը ձեւակերպվում է որպես պաշտոնական հանդիպում, իսկ քաղաքացուն ծեծելը՝ պաշտոնական անհրաժեշտությունից առաջացած ոստիկանական հնարք: Արդյունքում, կոլեկտիվ հիմունքներով քրեական գործ են հարուցում Արթուր Գեւորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով: Գեւորգյանը կալանավորվել է, թեեւ այդ հոդվածով նաեւ տուգանք է նախատեսված:
Բայց ոստիկանապետն այսքանով էլ չի բավարարվում: Արթուրի համար իր կապերով 2-ամսյա կալանք սահմանելուց հետո, Գեւորգ Ազիզյանը աշխատանքից ազատում է նաեւ իր տեղակալ Մուշեղ Գեւորգյանին՝ Արթուրի եղբորը:

Ճիշտ չի զեկուցել
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնապես ճշտել, թե ինչու է ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանն ազատվել աշխատանքից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հայտնեց, որ. «Այո՛, ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն նշանակվել է նույն բաժնի հերթապահ մասի պետը»: Մեր այն հարցին, թե ինչն է եղել ազատման պատճառը, Աշոտ Ահարոնյանն ասաց. «Համակարգում մշտապես տեղաշարժեր են լինում»: Այս պատասխանից ակնհայտ երեւում է, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն, թե իրականում ինչ պատճառով է ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանն ազատվել աշխատանքից:
Փորձեցինք զրուցել նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի հետ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվեց խոսել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել նրա մոր՝ Հասմիկ Սահակյանի հետ, որը Երեւան էր եկել առողջական խնդիրների պատճառով: Տիկին Սահակյանը լացակումած մի երկու նախադասություն արտաբերեց, որ իր որդու գլխին սարքել են. «Աղջիկ ջան, մի որդուս աշխատանքից հանեցին, մի տղայիս էլ բռնեցին: Իմ որդին՝ Արթուրս, անձամբ նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով արդարություն: Հույսս Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանն են, որոնցից հայցում եմ մեծահոգություն եւ ճիշտ մոտեցում»:

Ծածկադմփոցի հետեվանքը
Այսպիսով, գործ ունենք մարզային իրավապահների մի խմբի հետ, որոնք թեեւ կոչված են ապահովելու քրեական գործի արդար քննությունը, սակայն այս գործով նրանք կարեւորագույն վկաներ են: Ու դատելով նրանց արարքներից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը ունեն մեկ շահ՝ դատապարտել Արթուր Գեւորգյանին եւ արդարացնել Գորիսի ոստիկանապետի պահվածքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, թե. «Բոլորդ էլ տեղյակ եք, որ պարբերաբար համակարգից դուրս են հանվում մարդիկ, ովքեր դավաճանում են համազգեստը: Տականքը պետք է դուրս գա համազգեստի միջից, տականքը պետք է գնա այս համակարգից»:
Իսկ արդյո՞ք կա ավելի մեծ դավաճանություն, քան ՀՀ ոստիկանապետին սխալ ինֆորմացիա զեկուցելը կամ ճշմարտությունը թաքցնելն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս