«Ժողովուրդ»ը զրուցել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ` նոր Սահմանադրության ընդունումից հետո դատաիրավական համակարգում ակնկալվող բարեփոխումների եւ ՔԿՀ-ներում առկա իրավիճակի շուրջ: Էլինար Վարդանյանի գնահատմամբ` Նոր Սահմանադրության ընդունումից ամիսներ անց` իշխանությունների տարանջատման եւ հատկապես դատական իշխանության անկախության բարձրացման հարցում տեսանելի տեղաշարժեր չկան:
-Տիկի՛ն Վարդանյան, չնայած Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին եւ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված առաջընթացի մասին պնդումներին` այսօր էլ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը անմխիթար է` թե՛ գերբեռնվածության, թե՛ սննդի հետ կապված, եւ, ամենակարեւորը, մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Տակավին վերջերս դրա ցցուն օրինակին ականատես եղանք ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեպքում, երբ միայն հանրային հնչեղության եւ պատգամավորների ստորագրահավաքի արդյունքում հնարավոր եղավ հասնել Վարդգես Գասպարիի ազատ արձակմանը: Իսկ ինչ պետք է լինի ՀՀ մյուս քաղաքացիների դեպքում, որոնք հնարավորություն չունեն իրենց իրավունքների ոտնահարման շուրջ նման աղմուկ բարձրացնել:
-Եթե ասենք, որ դրա մասին չի խոսվում, ճշմարտությունը չի լինի, որովհետեւ այդ մասին անընդհատ բարձրաձայնվում է, այդ մասին ֆիքսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, այս մասին խոսվում է նաեւ ՀՀ Աժ ամբիոնից եւ տարբեր հարցազրույցներում: Այո՛, մենք իրականում ունենք լրջագույն խնդիր, եւ իմ գնահատմամբ այդ խնդիրներից մեկը գնահատվում է կալանքը որպես խափանման միջոց օգտագործելու ինստիտուտը, որը կիրառվում է տեղին եւ անտեղին: Գրավի ինստիտուտը գրեթե չի գործում, եւ դա, բնականակար, բերում է նրան, որ այնպիսի անձանց դեպքում է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց, երբ գործի նյութերով կամ քննության արդյունքներում բավարար հիմքեր առկա չեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Եվ, հետեւաբար, ասել, որ այդ մասին միայն աղաղակող դեպքերում է, որ անդրադառնում ենք, այնքան էլ ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է արվի, ասեմ՝ խնդիրը նրանում է, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բազմաթիվ անգամ հարցերին անդրադառնալուց հետո կարեւորագույն մտահոգությունները, որոնք բարձրացվում են, դրանք պարզապես հնչեցվում են, եւ պատասխանատու մարմինները, որոնք իրականում պետք է միջոցներ ձեռնարկեն խնդիրները վերացնելու համար, այդպես էլ ոչինչ չեն անում:
-Այնուամենայնիվ, տիկի՛ն Վարդանյան, կան այնպիսի ակնհայտ, աղաղակող դեպքեր, երբ դատավորներն ակնհայտորեն ոչ իրավաչափ որոշումներ են կայացնում, սակայն դրա արդյունքում նրանք որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյոք դատավորի անկախությունն այն աստիճան անձեռմխելի արժեք է, որ նրանք պետք է բացարձակ ազատված լինեն որեւէ պատասխանատվության ենթարկվելուց:
-Իրականում, եթե նայենք, թե քանի կարգապահական վարույթ է հարուցվել, եւ քանիսին են կարգապահական պատասխանատվության ենթարկել, այս դեպքում վիճակագրությունը կխոսի այն մասին, որ մեզ մոտ դատական համակարգը հիմնական օղակն է հանդիսանում, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն: Որովհետեւ դատական օղակում տարբեր տեսակի կամայական գործողությունները բերում են նրան, որ անվստահության մթնոլորտ է ստեղծվում նաեւ դատական համակարգի նկատմամբ: Եվ նաեւ դատական համակարգի գործունեության արդյունքն է հանդիսանում, որ իրավունքների պատշաճ պաշտպանվածության վերաբերյալ խոսք չի կարող գնալ: Մենք մինչեւ չունենանք քաղաքական կամք, ի վերջո, ունենալու ենք անկախ դատական համակարգ, որը զերծ կլինի տարբեր տեսակի ազդեցություններից, տեղին չի խոսել իրավունքների պաշտպանվածության մասին:
-Իսկ Վ. Գասպարիի հարցում դատավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ իրականցվո՞ւմ է:
-Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ կարգապահական վարույթ հարուցված է, թե ոչ: Ինքս տվյալներին չեմ տիրապետում, բայց բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նաեւ ՄԻՊ-ի միջնորդությունն է եղել կարգապահական վարույթ հարուցելու, որոնք կա՛մ մերժվել են, կա՛մ հարուցվելուց հետո այդպես էլ որեւէ էական արդյունք չեն ունեցել:
-Իսկ չե՞ք պատրաստվում այս կապակցությամբ դիմել մարդու իրավունքների նոր պաշտպանին:
-Բնականաբար: Անկախ նրանից, թե ինչպիսի գործ կլնի՝ հնչեղություն ունեցող, թե ոչ, հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ակտիվ աշխատում է: Եվ նաեւ այս հարցն է, որ եղել է եւ շարունակում է մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, եւ, բնականաբար, հետեւողական ենք լինելու, որպեսզի հասկանանք, թե, ի վերջո, ինչպիսի քայլեր են արվելու, որ դատական համակարգը իրականում անկախ լինի եւ կատարի իր կոչումը. այն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, խախտված իրավունքների վերականգնումը եւ այլն: Նոր Սահմանադրության փոփոխություններից առաջ որպես լրջագույն ձեռքբերում նշվում էր այն, որ, ի վերջո, Սահմանադրությունը հնարավորություն է տալու, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը արդյունավետ գործի եւ այլն: Սահմանադրության ընդունումից ամիսներ են անցել, բայց ես կոնկրետ այս ոլորտում այդպես էլ չեմ տեսնում, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում, որոնք կբերեն իշխանությունների տարանջատմանը եւ հատկապես դատական իշխանության անկախացմանը:
Տեսնենք, միգուցե այդքան թմբկահարվող փոփոխությունները մի օր կյանքի կոչվեն, եւ իրականում մի օր մենք ունենանք վստահելի դատական համակարգ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՕՐԵՑՕՐ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի տնտեսությունում մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչի հետեւանքով գները բարձրանում են արհեստական կերպով: Սակայն ըստ տնտեսագետների՝ կառավարությունը պետք է առաջին հերթին ոչ թե մտածի գնաճը զսպելու մասին, այլ փորձի խթանել մրցակցությունը: Մինչդեռ այս հարցում կառավարությունը բացարձակ ոչինչ չի ձեռնարկում, ինչի արդյունքում էլ ՀՀ տարբեր քաղաքներում ապրանքատեսակները տարբեր գներ ունեն:
Օրինակ՝ փետրվար ամսին բրնձի 1 կգ-ն առավել թանկ գնով վաճառվել է մայրաքաղաք Երեւանում՝ 940 դրամ: Գյումրիում այն վաճառվել է 850 դրամով, Կապանում՝ 830-ով: Իսկ, ահա, բլղուրի 1 կգ-ն ամենաթանկ գնով վաճառվել է Իջեւանում՝ 1450 դրամով, Արտաշատում՝ 1050-ով, Գյումրիում՝ 1000-ով, Էջմիածնում՝ 880-ով: Երեւանում 1 կգ լոբին վաճառվել է 1710 դրամով, Կապանում՝ 1660-ով, Արտաշատում՝ 1600-ով: Մակարոնը թանկ գնով վաճառվել է Կապան քաղաքում՝ 1կգ-ն 530 դրամ: Իսկ, ահա, Գավառում այն վաճառվել է 400 դրամով: Աշտարակում էլ մակարոնի գինը եղել է 430-դրամ, Էջմիածնում՝ 470:
Նշենք, որ մսամթերքի գները նույնպես տարբեր քաղաքներում տարբեր են եղել: Օրինակ՝ տավարի մսի 1 կգ-ն Աշտարակում վաճառվել է 2500 դրամով, Արտաշատում՝ 2240-ով, Երեւանում՝ 2470-ով, Իջեւանում՝ 2350-ով: Իսկ խոզի մսի 1կգ-ն Կապանում վաճառվել է 3290-ով, Արտաշատում՝ 2560-ով, Աշտարակում՝ 3110-ով: Մայրաքաղաք Երեւանում էլ փետրվարին խոզի միսը 3010 դրամով է վաճառվել: Ոչխարի միսը նույնպես Երեւանում ավելի թանկ է վաճառվել՝ 3020 դրամ: Մինչդեռ Գյումրիում այն վաճառվել է 2621-դրամով, Վանաձորում՝ 2270-ով, Գավառում՝ 2500-ով:
Առաջին տեսակի 1 կգ հացը ամենաէժան գինն ունեցել է Վանաձորում՝ 330 դրամ, իսկ ամենաթանկը Եղեգնաձորում՝ 440 դրամ: Մածունը 720 դրամով վաճառվել է Աշտարակում եւ Արտաշատում: Սրանք մածունի ամենաթանկ գներն են, որոնք արձանագրվել են փետրվար ամսին: Իսկ Գյումրիում այն վաճառվել է 490 դրամով, Երեւանում՝ 680-ով:
Կարագի գներում եւս հսկայական տարբերություն է արձանագրվել. օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում 1 կգ կարագը փետրվարին վաճառվել է 4070 դրամով, իսկ մյուս քաղաքներում կարագի գները 2400-ից տատանվել են մինչեւ 3000 դրամի սահմաններում: Մեկ լիտր ձեթը ամենաթանկ գնով վաճառվել է Կապան քաղաքում՝ 810 դրամ, Հրազդանում այն արժեցել է 760 դրամ, Աշտարակում՝ 740: Շաքարավազի մեկ կգ-ը Կապանում վաճառվել է 400 դրամով, իսկ մյուս քաղաքներում՝ 360-370 դրամով:
Եւ այս ֆոնին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդարանում է՝ պատճառաբանելով, որ իրենք վերահսկողություն են իրականացնում միայն գերիշխող շուկաներում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈԹԻԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները հայտնեցին, որ վերջերս գյուղից հեռացել է 3 ընտանիք: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը: Նա ասաց, որ այս ուսումնական տարվա մեկնարկից հետո՝ 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ադրբեջանական զինուժի կողմից Կոթի գյուղի գնդակոծության հետ կապված մի քանի ընտանիքներ Կոթիից հեռացել են՝ իրենց դպրոցական երեխաներին տեղափոխելով հանրապետության այլ վայրեր: Հավելենք, որ ադրբեջանական գնդակներից մեկը խրվել-մնացել է Կոթիի դպրոցի պատուհանի մեջ: Խորհրդային տարիների համեմատ սահմանամերձ Կոթիի դպրոցի աշակերտների քանակը մի քանի անգամ նվազել է:
ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՎ ԾԵԾԵԼ ԵՆ
Գոռ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, զորամասի հսկիչ-անցագրային կետի դիմաց՝ ավտոկայանատեղիում, իր նկատմամբ պետ հանդիսացող փոխգնդապետ Արմեն Գրիգորյանի կողմից զինվորական ծառայությունները կատարելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, ինչպես նաեւ թվացյալ գերակայությունը ընդգծելու նպատակով Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչներ Տիգրան Չիլինգարյանի, Ռուսլան Չիլինգարյանի, Բենիամին Մելքումյանի հետ ծեծի է ենթարկել Արմեն Գրիգորյանին` պատճառելով առողջության թեթեւ վնաս` կարճատեւ քայքայումով: Տիգրան Չիլինգարյանը Գոռ Չիլինգարյանի հարազատ եղբայրն է, Ռուսլան Չիլինգարյանը՝ հորեղբոր տղան, Բենիամին Մելքումյանն էլ Ռուսլանի եւ Տիգրանի ընկերը: Ներկայումս 4 մեղադրյալներն էլ կալանավորված են, նրանք գտնվում են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Գոռ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մնացած երեքին էլ 38-358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հերթական նիստը նշանակված է մարտի 21-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ