ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ. ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կինոյում շատ չեն այն դերասանները, որոնք համաձայնել են նկարահանվել համբույրի տեսարաններում: «Ժողովուրդ»-ն իր ընթերցողներին է ներկայացնում զրույցների շարք, որում ընդգրկել ենք ամենահամարձակ դերասան-դերասանուհիներին: Մեր այսօրվա զրուցակիցը Ռաֆայել Երանոսյանն է, ով անդրադարձել է բաց տեսարանների վերաբերյալ հայ հանդիսատեսի շրջանում տարածում գտած թյուր կարծրատիպերին: Դերասանը նաեւ կարծիք է հայտնել, թե ինքն այսօր այնպիսի կարգավիճակում է, որ յուրաքանչյուրն էլ կուզենա իր հետ համբուրվել:

-Ռաֆայե՛լ, ո՞րն էր այն առաջին ֆիլմը, որտեղ հանդես եկաք համբույրի տեսարանում:
-Ընդհանրապես ես սկսել եմ համբուրվել 14 տարեկանից: Իրական կյանքում էլ ես հենց այնպես չեմ համբուրվում. յուրաքանչյուր համբույր ինձ համար արվեստ է, մշակույթ: Իսկ առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվեցի նման տեսարանում, «Սկոտչ եւ վիսկի»-ն էր (2015թ., բեմադրող ռեժիսոր` Արշալույս Հարությունյան), որտեղ իմ խաղընկերուհին Լուիզա Ներսիսյանն էր: Կարծում եմ` ֆիլմը էսթետիկ առումով բարձր որակ ունի: Այնտեղ կան ե՛ւ համբույրի, ե՛ւ մերկանալու տեսարաններ, սակայն ոչ մի վուլգար, ավելորդ բան հանդիսատեսը, իմ կարծիքով, չի գտնի:
-Նման տեսարաններում թերեւս ավելի հեշտ է նկարահանվել անծանոթ մի դերասանուհու, քան երկար տարիների կոլեգայի հետ:
-Ոչ մի բան հեշտ չի: Անծանոթի հետ էլ է դժվար, ծանոթի հետ էլ: Եվ, ընդհանրապես, խաղալը հեշտ բան չէ: Մարդիկ կարող են մտածել` ի՞նչ են անում որ. նկարահանվում են, պաչպչվում, հետո էլ ասում են` գործ ենք անում: Ասեմ, որ այդ մարդիկ չարաչար սխալվում են: Մի պահ պատկերացրեք, որ 40-50 հոգի նստած Ձեզ են նայում, իսկ Դուք պետք է համբուրվեք, բնական է, որ ակամայից լարվածություն է առաջանում: Ես թատրոնում էլ միշտ ունեցել եմ նման տեսարաններ: Այնտեղ, իհարկե, տվյալ պահին «ականատեսների» թիվը շատ ավելի մեծ է` առնվազն 200 հոգի:
-«Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերայից հետո սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին Ձեր հոնքերի ձեւափոխությունը եւ մեղադրանքներ հնչեցրել Ձեր հասցեին, թե հայ տղամարդը իրավունք չուներ նման բան անելու եւ այլն: Ի՞նչ եք կարծում՝ այս մտածելակերպը որտեղի՞ց է գալիս, եւ ինչպե՞ս է հնարավոր դրանից ազատվել:
-Ես ընդամենը ուզում էի համոզիչ երեւալ եւ կերպարս ամբողջական ներկայացնել: Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ չենք կարող խաբել հանդիսատեսին, որը հասցրել է տեսնել ամեն ինչ: Մենք էլ ենք ուզում տեղում չդոփել, ժամանակին համընթաց գնալ ոչ միայն համապատասխան զգեստի եւ սանրվածքի ընտրության, այլեւ մի շարք այլ հարցերում: Այսօր, երբ հանդիսատեսին ներկայացնում ես սիրային տեսարան, նա ցանկանում է տեսնել նաեւ իրական համբույր: Ես վստահ եմ, որ Ալ Պաչինոյի եղբոր աղջկան չի հետաքրքրում, թե իր հորեղբայրը ինչպես է համբուրվում եւ ում հետ: Իսկ հայերիս մոտ այդպես չէ, չգիտեմ` ինչու: Մենք պետք է փորփրենք, ասենք. «Ըհըն, եթե ֆիլմում համբուրվում են, ուրեմն սրանք իրար հետ են»: Չգիտեմ` այդ մտածելակերպը որտեղից է գալիս, բայց երբ գտնեմ, «վառելու եմ», որ պրծնենք դրանից:
-Հետաքրքիր է, որ այդ քննադատները հաճույքով դիտում են, օրինակ, բրազիլական սերիալներ, ամերիկյան ֆիլմեր, որոնցում առկա բաց տեսարանները նրանց համար բնական են եւ սովորական:
-Դե, մենք պետք է միշտ քննադատենք, այնքան պարապ ենք, որ պետք է քննենք ուրիշների արածը: Ամերիկյան ֆիլմերում բաց կուրծք ցուցադրել կարելի է, իսկ հայ դերասանուհիների դեպքում, եթե նման բան տեսնեն, ոմանք կասեն՝ ամո՛թ սրան, սա մարդ չունի՞:
-Եղե՞լ են դեպքեր, որ Ձեր խաղընկերուհիները թատրոնում կամ էկրանին հապաղեն Ձեզ հետ հանդես գալ համբույրի տեսարանում կամ հրաժարվեն դրանից:
-Իմ բախտը բերել է այնքանով, որ գործընկերուհիներս եղել են պրոֆեսիոնալ, եթե պետք է եղել համբուրվել, ուրեմն գնացել են այդ քայլին: Բացի այդ` ես այնքան ապաշնորհ չեմ, որ իմ խաղընկերուհին չուզենա ինձ հետ խաղալ, ես այսօր այնպիսի կարգավիճակում եմ, որ յուրաքանչյուրն էլ կուզենա ինձ հետ համբուրվել (ծիծաղում է):

 

 

 

 

«ОКЕАН ЕЛЬЗИ-Ն ՀԱՅԱՄԵՏ ԽՈՒՄԲ Է»

Արդեն հայտնի է, որ ուկրաինական «Океан Ельзи» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում: Այն տեղի կունենա հունիսի 1¬ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մեցցո փրոդաքշն»-ը իր 5¬ամյակի առթիվ որոշել է նվեր անել հայ երաժշտասերներին եւ հրավիրել Հայաստանում ամենասպասված խմբերից մեկին:

Այս տարի հայտարարված է «Океан Ельзи»-ի համաշխարհային տուրը, որի շրջանակում էլ խումբը հանդես կգա Հայաստանում: Համերգի տոմսերը մարտի 25¬ից կլինեն վաճառքում եւ կտատանվեն 8¬20 հազար դրամի շրջանակում: «Մենք երկար ժամանակ պրպտումների մեջ էինք եւ մտածում էինք` ինչ խումբ հրավիրենք Հայաստան, ի վերջո, որոշ հարցումներից հետո, հաշվի առնելով «Океан Ельзи»-ի բարձր վարկանիշը, ընտրությունը կանգ առավ հենց այս խմբի վրա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց իրադարձության կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը:
Նրա խոսքով` մի քանի տարի առաջ խումբը Հայաստանում մասնակցել է փակ միջոցառման, դրանից հետո պարբերաբար փորձել է այստեղ համերգ կազմակերպել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել: Մեր այն հարցին, թե արդյոք խմբի բոլոր անդամները եղել են Հայաստանում, Ա. Սաղոյանը պատասխանեց. «Տարիներ առաջ կայացած փակ միջոցառման ընթացքում հանդես եկած խմբի երաժիշտները փոխվել են, նրանց փոխարինած նոր անդամները, այո, առաջին անգամ են մեզ մոտ, իսկ, ահա, մեներգիչ Սվատոսլավ Վակարչուկը` ոչ»:
«Մեցցո փրոդաքշնի» տնօրենը, անդրադառնալով տոմսերի գներին, հավաստիացրեց, որ դրանք, համեմատած Երեւանում կազմակերպվող այլ համերգների տոմսերի գների հետ, բավական մատչելի են: Նա հավելեց, որ թեեւ տոմսերի վաճառքը կմեկնարկի օրեր անց միայն, սակայն արդեն հայ հասարակության շրջանում զգացվում է համերգի հանդեպ հետաքրքրություն:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք «Океан Ельзи»-ի համերգի համար մենք Հայաստանում ունենք համապատասխան տեխնիկական հնարավորություններ. «Ինչպես ցանկացած ռոք խմբի դեպքում, «Океан Ельзи»-ն էլ տեխնիկական բարդ ռայդեր ունի. որոշակի սարքավորումներ, որոնք մեզ մոտ չկան, Հայաստան կբերվեն հատուկ այս համերգի համար»,-ասաց Ա. Սաղոյանը:
Նա խմբի երկրպագուներին տեղեկացրեց, որ համերգի ընթացքում հնչելու են «Океан Ельзи»-ի հայտնի հիթերը եւ երգեր նրանց նոր ձայնասկավառակից:
Ա. Սաղոյանը, խոսելով այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի խումբը Հայաստանի, հայերի նկատմամբ, շեշտեց. «Միայն կարող եմ ասել, որ «Океан Ельзи»-ն հայամետ խումբ է, մնացած մանրամասները կարող եմ հայտնել արդեն համերգից հետո»:
Նշենք, որ «Океан Ельзи»-ն ուկրաինական ռոք խումբ է: Այն ստեղծվել է 1994 թվականին Սվատոսլավ Վակարչուկի կողմից, ով խմբի հիմնադիրն է եւ մեներգիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԿԱՐԺԱՆԱՆԱ ՄՐՑԱՆԱԿԻ
Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը՝ վկայակոչելով Howizon Weekly¬ն, Ռայանի ռեժիսորական դեբյուտային ֆիլմը, որը ստացել է «Իթաքա» անվանումը, ներկայացվել է «Սոնոմա» միջազգային կինոփառատոնում: Մարտի 31¬ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: «Իթաքա» ֆիլմը կինովարձույթ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերի 23¬ին: Ֆիլմում խաղում են Մեգ Ռայանը, նրա որդին՝ Ջեք Քուեյդը, Թոմ Հենքսը, Սեմ Շեփարդը:

 

 

 

 

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ`ՆՈՐ ՏԱՆԸ
Երեւանի ավագանին ճանաչված կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնակարան է նվիրել, որտեղ նա վարպետության դասընթացներ կանցկացնի: Այս մասին որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու մարտի 18¬ի նիստում: Երեւան քաղաքի ավագանին որոշել է թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ Երեւան համայնքի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 19¬ին կնքված պայմանագրի համաձայն՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5¬րդ հարկի 127 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ Երեւան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո այն սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Արտավազդ Փելեշյանին:
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը փետրվարի 17¬ին դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ վարպետաց դասընթացներ անցկացնելու նպատակով Երեւանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով:

 

 

«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ը` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
«Նոր ալիք 2016»-ը կանցկացվի սեպտեմբերին, Սոչիում: Մրցույթի մասին տեղեկությունը հայտնվել է երաժշտական մրցույթի Instagram-ի պաշտոնական էջում: Մասնավորապես տեղեկացվում է, որ փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը կմեկնարկի սեպտեմբերի 3-ից 9-ը, Սոչիի New Wave Hall-ում: Հիշեցնենք, որ անցած տարվա մրցույթի հաղթողը Դամիր Կեջոն էր` Խորվաթիայից:




Լրահոս