ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու գործընթացի ժամկետի ավարտին չնայած մեկ օր դեռ կա՝ մինչ վաղը, այնուամենայնիվ, արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը չեն զիջելու Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին:
Մասնավորապես, ՀԱԿ կուսակցությունը, որը փաստացի տնօրինում է համանուն խմբակցությանն հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի տեղերը, հրաժարվել է Միքայելյանի թիմի ներկայացուցիչներին նշանակել` պատճառաբանելով, թե իրենց անդամներին են նշանակելու, որոնք կապահովեն ընտրությունների օրինական ընթացքը: Գրեթե նույն պատճառաբանությամբ Սասուն Միքայելյանի թիմակիցներին ՏԸՀ անդամ նշանակելուց հրաժարվեց նաեւ օրումեջ իշխանափոխությամբ սպառնացող «Ժառանգություն» կուսակցությունը: Երբ խնդրին մոտենանք բարոյական տեսանկյունից, քաղաքական դաշտի խաղացողները, առավել եւս ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները, պարտավոր էին աջակցել Սասուն Միքայելյանին: Եթե իրապես ընդդիմություն են: Բայց Հրազդանի ընտրություններն ընդդիմադիր կուսակցություններին բացահայտելու յուրօրինակ «լակմուսի թուղթ» են դարձել: Եւ պարզվում է՝ ընդդիմադիրները ընդդիմադիր են միայն մայրաքաղաքում, հարթակներում եւ ամբիոնների մոտ, իսկ տարածքներում կարող են մի քանի հարյուր դոլարով «մարդ վաճառել»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ Սյունիքի մարզի կոնկրետ 4 տեղամասերում «Ժառանգության» նշանակած անձինք ՀՀԿ-ի շահերն էին սպասարկում: Նրանցից մեկն անգամ Հալիձոր համայնքի ՀՀԿ-ական ղեկավարի կինն էր` Ամալյա Գրիգորյանը:

 

 

 
Սերժ Սարգսյանը մարտի 17-ին Բելգիայում էր, որտեղ մասնակցել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն օրը Բրյուսելում է եղել նաեւ ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ միավորում» դարձած կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մուսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Բաղդասարյանը նշված օրը նույնպես եղել է Բրյուսելում եւ մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին: Ըստ նրա՝ չնայած Սերժ Սարգսյանը եւս մասնակցել է այդ միջոցառմանը, սակայն նրա եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը տեղի չի ունեցել: Ասել կուզի՝ Արթուր Բաղդասարյանը եւ Սերժ Սարգսյանը մեկ դահլիճում են եղել, նույն օդն են շնչել, բայց իրար չեն տեսել, չեն հանդիպել: Կարելի է կարծել, որ եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը մոտենար Սերժ Սարգսյանին, ապա վերջինս դիվահար փախչելու էր կամ էլ հակառակը:

 

 

 
Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել: ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաեւ պահանջել է վերադարձնել գումարները: ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել: «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտ.ժ էլեկտրաէներգիա: Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ եւ 8 տեղամասի պետ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում:

 

 

 
Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով՝ Հայաստանից արտահանումների ծավալներն, անցած տարվա հունվար-փետրվարի համեմատ, ավելացել են 53 մլն դոլարով: Միայն այս հանգամանքը բավարար է եղել, որպեսզի արդյունաբերական արտադրանքի ծավալները եւս աճեն: Բնականաբար, պաշտոնական վիճակագիրներն այդ հանգամանքն օգտագործելով՝ արդեն իսկ տնտեսական ակտիվության գործակցի 4,7 տոկոսանոց աճ են արձանագրել: Այսինքն՝ Հայաստանի տնտեսության վիճակն այն աստիճան զգայուն է, որ երկիր մուտք գործող ամեն դոլարի ավելացումն իրեն զգացնել է տալիս: Փաստորեն, եթե Հայաստանի շուկան ազատականացվի, եւ գործարարները սկսեն անկաշկանդ արտադրել եւ արտահանել, ապա երկնիշ թվերով եւ անգամներով տնտեսական աճի կարող ենք ականատես լինել: Իսկ կլինի՞ արդյոք նման բան:

 

 

 
ԱՆՀԱԿԱՔԱՅԼ

Թեեւ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների հիմնական մասը առջեւում է, այդուհանդերձ, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները պատրաստվում են զիջումների գնալ առավել շատ քննադատվող մի քանի դրույթների հարցում: Խոսքը ընտրացուցակներում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայության, լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման, ինչպես նաեւ մի քանի այլ դրույթների մասին է, որոնց առկայությունն անցանկալի լինելով հանդերձ, այդուամենայնիվ, չի հանդիսանում ընտրակեղծարարության ապահովման ուղղակի մեխանիզմ:
Մինչդեռ ընդդիմության այն հիմնական առաջարկները, որոնց ընդունման դեպքում պարզապես բացառվելու է ընտրակեղծիքների հնարավորությունը, իշխանությունները կատեգորիկ կերպով մերժում են: Խոսքը նախ եւ առաջ ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին է, որի մերժման հարցում իշխանությունների բերած հիմնավորումը` ՍԴ 2012թ մայիսի որոշման մասով, որեւէ քննության չի դիմանում: Նախ՝ ՍԴ այդ որոշումը իմպերատիվ կերպով չի արգելում ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, բացի այդ` մենք արդեն իսկ ընդունել ենք նոր Սահմանադրություն, որի 7-րդ հոդվածով գաղտնի է հենց քվեարկությունը եւ ոչ քվեարկության մասնակցությունը:
Ընդդիմության ներկայացրած եւ իշխանությունների կողմից մերժված հաջորդ առաջարկությունը վերաբերում է ընտրական գործընթացի նկարահանմանը, որի հետ կապված եվս նախագծի հեղինակների բերած հիմնավորումներն ուղղակի զավեշտալի են. նրանց ներկայացմամբ դա արդեն իսկ արվում է լրագրողների կողմից (այն լրագրողների, որոնց մուտքը ընտրատեղամասեր այս նույն նախագծով փորձ է արվում սահմանափակել):
Ինչ վերաբերում է մատների թանաքոտման մերժման հարցում ՀՀԿ-ականների բերած պատճառաբանություններին, ապա դրանք առհասարակ ծիծաղ են հարուցում: Պատկերացնում եք՝ ՀՀԿ-ականներն այս մեխանիզմը «հետադիմական» են համարում` հավանաբար նկատի ունենալով Գալուստ Սահակյանի «գերառաջադիմական» պնդումը, թե ոչ մի հայ տղամարդ թույլ չի տա, որ իր կնոջ մատը թանաքոտեն:
Իսկ, ահա, ցուցակների մաքրման առաջարկին էլ ԿԸՀ ղեկավարն է արձագանքում, թե «մենք արդեն իսկ ունենք իդեալական ցուցակներ»: Միով բանիվ` ամեն ինչ արվում է, որպեսզի իշխանության վերարտադրության համար կարեւորագույն կետերում որեւէ նահանջ չլինի, իսկ, ահա, միջազգային կառույցներին հաճոյանալու համար` նախագծի հեղինակները կհրաժարվեն ի սկզբանե հենց այդ նպատակով ներմուծված վերը նշված մի քանի ոչ էական դրույթներից:
Այս միանգամայն կանխատեսելի սցենարում անհասկանալի է ընդդիմության դիրքորոշումը. ի վերջո, ինչ են անելու նրանք, որն է լինելու իշխանության «փոխզիջումային» տարբերակի դեմ նրանց հակաքայլը: Այս հարցի պատասխանը, ցավոք, առայժմ չկա, եւ դատելով ԸՕ շուրջ առաջարկությունների ներկայացման հարցում ընդդիմադիր ուժերի պահվածքից` մինչեւ հունիսի 1-ը չի էլ լինի:




Լրահոս