ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ ՈՒ ՏՈՆԱԾԱՌ ԴՆԵԼՈՎ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՍ ՍՏԻՊԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մարտի 13-ին հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստվում է իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնել: Սէֆիլյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնելու նպատակով առաջիկայում ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են սկսվելու:

Նկատենք, որ արդեն երրորդ անգամ իշխանափոխություն ունենալու ցանկություն հայտնող քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի վստահությունն գնալով նվազում է, ինչի վառ ապացույցը նրանց կողմից իրականացվող ավելի ու ավելի սակավամարդ դարձող հանրահավաքներն են:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ զրուցել է մի շարք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ովքե՞ր են պատրաստ բանակցություններ սկսել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, պատրաստվո՞ւմ եք միանալ «Նոր Հայաստանին»:
-Մենք ժամանակին «ոչ»-ի ճակատի համաժողովի ժամանակ միացած ենք եղել նրանց: Բայց նույն «Հիմնադիր խորհրդարան»-ն ամեն ինչ արեց, որպեսզի միասնությունը պառակտվի, ու պատահական չէ, որ ամեն ինչ մարեց ու «ոչ»-ի ճակատը միասնաբար հանդես չեկավ: Պատահական չէ, որ այսօր նրանք մնացել են մենակ, որովհետեւ գործիչները, ժողովուրդը ինտուիտիվ հասկանում են, որ անիմաստ է: Նրանք ինչ-որ ժամկետներ էին դնում, իշխանափոխություն էին անում, բայց հետո այդ ամենը ձեւափոխվեց ու դարձավ հրապարակում տոնածառ դնել, կարծես թե, այդ տոնածառ դնելով իշխանությունները պետք է հրաժարական տային:
Վերջում ամեն ինչ արդեն վերածվեց զավեշտի. հրապարակը զբաղեցվեց, բայց մարդկանց թիվը չէր մեծանում, ավելի էր փոքրանում: Ամեն անգամ նման ակցիաներ անելով եւ հրապարակը զբաղեցնելով՝ ցուցադրվում է, որ ժողովուրդը ընդդիմության հետ չի, որ հրապարակը դատարկ է: Բնականաբար այս ամենը ձեռնտու է իշխանություններին: Հիմա նրանք հայտարարում են երրորդ փորձը, որն արդեն դառնում է կոկա-կոլայի գովազդը: Նրանք պետք է ազնիվ լինեն եւ բացատրեն, թե ինչու առաջին երկու փորձերը անհաջողության մատնվեցին, որովհետեւ երբ մարդ երրորդ փորձն է անում, նշանակում է՝ մյուսները հաջողությամբ չեն պսակվել: Նրանք կա՛մ չեն հասկանում, կա՛մ իշխանությունների պահանջն են կատարում, ես այլ կերպ չեմ կարողանում բացատրել:
Իհարկե, նրանց մեջ գրագետ մարդիկ էլ կան, լուրջ գիտնականներ, իմ համար անհասկանալի է, ոնց են պրիմիտիվ քայլերով հրապարակ զբաղեցնում: Իրենց արածը իմ համար հասկանալի չի, չի տեղավորվում տրամաբանությանս մեջ: Եթե նրանք ասելիք ունեն, իրենց գրասենյակում թող հավաքվեն, ասուլիս անեն, որեւէ ակումբում հյուր գնան, իրենց ասածները ասեն: Անգամ լինում են պահեր, որ հրապարակում նրանցից ոչ մեկ չի լինում: Խեղճ ու կրակ մեկին հերթապահ են դնում այդտեղ… դա վարկաբեկում է ամեն ինչ:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան
-Պարո՛ն Իսագուլյան, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի երրորդ` իշխանափոխության գնալու կոչին միանալու եք:
-Միանշանակ ոչ, որովհետեւ ես գտնում եմ, որ ցանկացած պարագայում մենք իշխանափոխության պետք է գնանք բացառապես օրինական ճանապարհով` ընտրությունների միջոցով, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում: Այլ ճանապարհները մեզ միշտ տանելու են դեպի փակուղի: Նրանք, ովքեր միավորման կոչ են անում, առաջին հերթին պետք է հետեւեն մի պարզ կանոնի. ցանկացած միավորման կոչ անողը նախ ինքը պետք է պատրաստ լինի միավորման եւ, ամենակարեւորը, որեւէ անձնական հարց կամ սեփական կարծիք չպարտադրի ուրիշին: Մենք պետք է ցույց տանք, որ իշխանությունը ուզուրպացված է: Հայտարարություններով մենք չենք կարող գնալ նման գործողությունների, այն էլ մեր երկրի եւ մեր այս իրավիճակի պայմաններում:
-Ըստ Ձեզ՝ նրանց կհաջողվի այս անգամ որեւէ արդյունքի հասնել:
-Բացառվում է: Դրա համար շատ լուրջ ուժեր են պետք: Ժողովրդին մոբիլիզացնելու համար հստակ միջոցներ են պետք, որոնք ընդդիմադիր դաշտում որեւէ ուժ չունի:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան
-Պարո՛ն Հայրիկյան, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հերթական անգամ կոչ է անում գնալ իշխանափոխության: Այս առնչությամբ Ձեր դիրքորոշումը ո՞րն է:
-Միանգամից մի բանի վրա ուշադրություն դարձնենք՝ հրապարակային ընդվզման անհրաժեշտության մասին խոսելիս չի կարելի սեւեռվել մեկ եւ կատարելապես անորոշ ու անհստակ գործելակերպի վրա: Դա նաեւ հակագիտական է: Չի կարող դեպի մեծ նպատակը տանող միայն մեկ ճանապարհ լինել: Այնպես որ նաեւ ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել երազելը ավելի հուսահատ բան չէ, քան հենց այնպես ժողովրդի ընդվզմանը սպասելը: Հայաստանն այսօր կրկին մեկ խնդիր ունի՝ ազատագրել ռուսական լծից ընդհանրապես եւ տեղում, վերջ տալ լրտեսների իշխանությանը: Այս երկուսն իրար հետ այն աստիճանի են քրեականացրել ու արժեքներից զուրկ դարձրել հանրությունը, որ ոչ միայն բարձր ազատագրական գաղափարները, այլեւ պարզ, առողջ բանականությունը հենարան չեն գտնում հանրային տրամադրություններում:

 

 

 
ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 1-Ը ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ, մարտի 14-ին դիմել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Այլ կերպ ասած՝ առաջիկայում ԼՂ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ե՞րբ կարող է տեղի ունենալ:
-Դեռ նախագիծը պատրաստ չէ, որեւէ բան չկա: Նախագահը ստորագրել է հրամանագիր` մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ: Այդ հանձնաժողովը սկզբից պետք է ներկայացնի հայեցակարգ, թե ինչ տիպի նախագծեր կարող են լինել, բարեփոխումները ինչ ձեւով պետք է ընթանան, ինչ մոդել պետք է ընտրվի, եւ դրանից հետո նոր պետք է սկսեն աշխատանքներ ընթանալ այդ փաստաթղթի վրա: Միայն դրանից հետո պետք է լայն քննարկումներ, լայն դեբատներ լինեն եւ միայն վերջում, եթե նախագիծը ընդունվի, կլինի հանրաքվե: Մենք դեռեւս գտնվում ենք գործընթացի նախնական փուլում:
Հայեցակարգը մշակվելուց հետո պետք է նախագահին ներկայացվի մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը, որի մեջ կարող են լինել մի քանի բարեփոխումների տարբերակներ: Եթե դրանցից մեկին հավանություն տրվի, ապա մինչեւ սեպտեմբերի 10-ը պետք է մշակվի եւ նախագահին ներկայացվի արդեն սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Եթե դրան էլ հավանություն տրվի, ապա հանրային քննարկումներից հետո կլինի հանրաքվեն:
-Ի՞նչը հիմնական պատճառ հանդիսացավ սահմանադրական փոփոխությունների գնալու որոշում կայացնելու համար:
-Մինչեւ Հայաստանում այդ գործընթացի մեկնարկը, այստեղ կային որոշ քաղաքական ուժեր, որոնք հուշում էին, թե ժամանակն է Արցախում իրականացնել բարեփոխումներ: Ցանկացած բարեփոխում օբյեկտիվ բնույթ պետք է կրի: Բնական է, որ մենք ՀՀ հետ ինտեգրված ենք նաեւ իրավական դաշտում: Իհարկե, երկու պետություններում տեղի ունեցող գործընթացները ազդում են մեկը մյուսի վրա: Բայց դա միակ հանգամանքը չէ, այդ քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում եւ արտախորհրդարանում, դիմել են բարեփոխումների համար, նախաձեռնությունը իրենց է: Եւ այդ ուժերը կարծում են, որ ժամանակ է պետք սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:
-Պարո՛ն Բաբայան, ամեն դեպքում, նոր Սահմանադրությամբ ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը ավելի չի՞ ամրապնդելու իր դիրքերը կառավարման համակարգում՝ որպես իշխող ամենամեծ կուսակցության ղեկավար:
-Դեռ համակարգը պատրաստ չէ: Այն կարող է ընդունվել կամ մնա հինը, միգուցե մերժվելու է: Մենք չգիտենք՝ դեռեւս ինչպես է ընթանալու: Եթե բոլոր փուլերն անցնեն, նոր կարող ենք խոսել այս կամ այն տարբերակի մասին:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԷՔՍՏՐԱՍԵՆՍԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժինն էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում իր բնակարանում գտել էին «6-րդ զգայարան» հաղորդումից հանրությանը հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի դին՝ դանակի 50 հարվածի հետքերով: Ավելի ուշ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: Նշենք, որ այս գործով հիմնական վկան 18-ամյա Աննան է, որը իրավապահներին պատմել է իր տեսածը: Մասնավորապես, նա իրավապահներին ասել է, որ ինքը ողջ օրվա ընթացքում եղել Մուշեղ Մխիթարյանի հետ, իսկ երբ վերջինս ցանկացել է բարձրանալ էքստրասենսի բնակարան, աղջիկը հրաժարվել է նրա հետ գնալ:

 

ԺԱՄԱՆԱԿ  ՉՈՒՆԵՆ
Սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ բողոքներ էր ստացել, որոնց վերաբերյալ բացատրություններ էր պահանջել իրավապահներից: Ստացած պատասխանների հիման վրա 2016թ. հունվարի 25-ին պատրաստվել էր հանրաքվեի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը: Բայց քանի որ հունվարի 12-ին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական էր տվել, զեկույցը չէր հրապարակվել, մինչեւ կընտրվեր նոր օմբուդսմեն: «Ժողովուրդ»-ը փորձեց ՄԻՊ գրասենյակից պարզել, թե նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը երբ է պատրաստվում հրապարակել հանրաքվեի վերաբերյալ զեկույցը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրեցին, որ այս պահին աշխատակազմը մշակում է ՄԻՊ տարեկան զեկույցը, որը հրապարակվելու է մարտի 31-ին, իսկ հանրաքվեի վերաբերյալ զեկույցին կանդրադառնան դրանից հետո միայն:

 

2015-Ի ՑԱՆՔՆ ՈՒ ԲԵՐՔԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածքների մակերեսը կազմել է 201 հազար 254 հեկտար, որից ստացվել է 637 հազար 920 տոննա բերք: Կարտոֆիլի ցանքատարածքները կազմել են ընդհանուր 33 հազար 306 հեկտար, որից ստացվել է 764 հազար 479,3 տոննա բերք: Իսկ, ահա, բանջարանոցային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածքները անցած տարի կազմել են 29 հազար 78 հեկտար, որից ստացվել է 1 մլն 31 հազար 489 տոննա բերք:




Լրահոս