Վաղը՝ մարտի 23-ին արդեն ավարտվում է Հրազդանի՝ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների գրանցման, ինչպես նաև հանձնաժողովների անդամների առաջադրման ժամկետը:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրեց նույն կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նամակով դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ առաջիկա ընտրություններում նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց ՀԱԿ խմբակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու խնդրանքով: Սակայն ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը առաջարկը օպերատիվ կերպով ընդունելու փոխարեն, սկսեց քաղաքական «առքուվաճառք» իրականացնել՝ նեղացվածության որոշակի դրսեւորումներ ի ցույց դնելով:
ՀԱԿԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով: Արմեն Խաչատրյանն անընդունելի համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք է վերապահում խոսելու խմբակցության այլ անդամների անունից առանց անձամբ նիստին ներկայանալու, քանի որ խմբակցությունից միայն դրական կարծիք էր արտահայտել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Պարզվեց, որ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը չեն համաձայնել ընդդիմադիր խմբակցությանը տրված հանձնաժողովների տեղերը տալ ընդդիմությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը, նշել էր, որ այն տեղերը, որի մասին Նիկոլ Փաշինյանն է բարձրաձայնել, պատկանում են ոչ թե ՀԱԿ կուսակցությանը, այլ ՀԱԿ դաշինքին: Եւ դրանց տնօրինման ու բաշխման հարցում կարեւոր է դաշինքի ցուցակով անցած մյուս պատգամավորների եւ ցուցակում ընդգրկվածների կարծիքը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի:
Այսպիսով, ՀԱԿ-ն, ըստ էության, խոստովանեց, որ չի ցանկանում սատարել Սասուն Միքայելյանին, ով երկար տարիներ կանգնած է եղել կոնգրեսականների կողքին, եւ այսօր ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողները նաեւ Միքայելյանին տրված ձայների շնորհիվ են հասել դրան: ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը նույնպես քննադատել էր ՀԱԿ-ի նման քայլը՝ նշելով, որ դա արդարացում չունի, նրանք պետք է հանձնաժողովի տեղերն առանց քննարկելու հանձնեին Սասուն Միքայելյանի տրամադրությանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է այս ողջ օպերացիայի թիկունքում: Քանի որ նա Սասուն Միքայելյանի հետ առաջվա ջերմ հարաբերությունները չունի (նախկին զինդատախազն ընդհանրապես ժամանակի ընթացքում թաշկինակի պես փոխում է ընկերներին), ուստի որոշել է, այսպես ասած, ցավեցնել: Բայց դա եղավ Կոնգրեսի հեղինակազրկման շնորհիվ:
Ըւ, ընդհանրապես, Հրազդանի ընտրությունները ընդդիմադիր կուսակցություններին բացահայտելու յուրօրինակ «լակմուսի թուղթ» են դարձել: Եւ պարզվում է՝ ընդդիմադիրները ընդդիմադիր են միայն մայրաքաղաքում, հարթակներում եւ ամբիոնների մոտ, իսկ տարածքներում կարող են մի քանի հարյուր դոլարով «մարդ վաճառել»:
Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւս հանձնաժողովի իր տեղերը Սասուն Միքայելյանին չի տալու՝ դարձյալ անհեթեթ պատճառաբանություններով: Ասել են, թե իրենք ունեն պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ, որոնք ընտրության արդյունքում են նշանակվել եւ կիրականացնեն իրենց պարտականությունը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը», պրոֆեսիոնալներ էր առաջադրել նաեւ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեին նախորդող օրերին: «Ժողովուրդ»-ը փոքրիկ հետաքննության ընթացքում պարզել էր, որ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի 37/20 ընտրատեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Սեւադա Ղազարյանն է, որը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի պատասխանատու աշխատակից է: 37/31 տեղամասը, որը տեղեկայված է Շինուհայ համայնքում, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Զավեն Առաքելյանն է, որը եւս «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի աշխատակից է, որի գործունեությունը կապված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի հետ: Իսկ Սյունիքի մարզի 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կինն է` Ամալյա Գրիգորյանը:
Թերեւս այս անգամ էլ է նույն պատկերը լինելու. «Ժառանգության» անունից տեղերում կաշխատեն ՀՀԿ-ականները:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո շարունակ պառակտվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրանք ե՞ւս արդեն վաճառել են իրենց տեղերը ՀՀԿ-ական թեկնածուին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն պատրաստվում որեւէ մեկին սատարել, եւ որ բոլոր հանձնաժողովականներին տրված է մեկ հանձնարարական՝ հետեւել ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը:
Եւ այս իրավիճակում կա մեկ տրամաբանական հարց՝ արդյո՞ք միայն իշխանություններին հաճոյանալու համար են ընդդիմադիր կուսակցություններն իրենց տեղերը տալիս իշխանության թեկնածուներին: Թերեւս ոչ միայն, քանի որ նրանց մեջ խոսում է քաղաքական խանդը. բա որ հանկարծ ընդդիմության թեկնածուն հաղթի՞: Սա որեւէ կերպ չի տեղավորվում տարիներ շարունակ միայն նվնվացող ընդդիմադիր ուժերի ծրագրում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական երկու թեկնածու՝ Ռաֆայել Գրիգորյանն ու Արամ Դանիելյանը, ով Հրազդանի գործող քաղաքապետն է:
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, բավականին պատկառելի հարստություն ունի: Այսպես՝ նա հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն: Դավիթ Լոքյանը հայտարարագրել է նաեւ երեք ընկերություններում ունեցած բաժնեմասեր, որոնց արժեքներն են 41.5 մլն դրամ, 37 մլն 150 հազար դրամ եւ 63 մլն 400 հազար դրամ: Հայտարարագրի հրապարակված մասում չի նշվում, թե բաժնեմասերը որ ընկերություններում են եւ դրանք ընդհանուր բաժնետոմսերի որ մասն են կազմում: Դավիթ Լոքյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 4 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Այս տարվա երկու ամիսների ընթացքում նորանշանակ նախարարի եկամուտները կազմել են 4 մլն 600 հազար դրամ, որոնք նա ստացել է որպես շահաբաժին:
«ՍՆԻԿԵՐՍ»-Ը ԿԷԺԱՆԱՆԱ՞
Ինչպես հայտնի է՝ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը եւ իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն է, որ ներմուծում է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-Կաթ», «Թվիքս» եւ այլ շոկոլադե սալիկներ: Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի: Սակայն վերջերս դրանք նորից թանկացան եւ այժմ վաճառվում են 230 դրամով: Երբ «Ժողովուրդ»-ը այս թանկացումների վերաբերյալ Արկադի Համբարձումյանից հետաքրքրվեց, նա վրդովված պատասխանեց. «Բանուգործ չունե՞ք, այս երկրում ուրի՞շ բան չկա, բացի «Սնիկերս»-ից, «Մարս»-ից, ուզում եմ հասկանամ, էլի: Ինչի՞ համար է կարեւոր: Ձեր սննդակարգի մեջ մտնո՞ւմ է: Հեսա կիջնի գինը նորից»: Երբ հետաքրքրվեցին, թե կոնկրետ երբ են գներն իջնելու, նա ասաց. «Վաճառողն է գինը բարձրացնում: Արտադրության գին գոյություն ունի, դա էլ բարձրացրել են, իսկ մենք էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»:
ՊՆ-Ի ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ»-ը փետրվարի 21-ին գրել էր, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ արդեն աղմկալի բացահայտումներ է արել: Ըստ լուրերի՝ ՊՆ-ում մրցույթներում հաղթած ընկերությունների թիկունքին կանգնած է ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքը, եղել են դեպքեր, որ ՊՆ աշխատակիցները փորձել են ստուգողներին ինչ-ինչ ճանապարհով շահագրգռել, որ բացահայտումների վրա աչք փակեն: Մեր հրապարակման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը նյութեր էին նախապատրաստել, եւ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 4-ին նախապատրաստված նյութերի արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դե, իհարկե:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով 2015թ. դեկտեմբերից անազատության մեջ է «զինված հանցախմբի» գործի շրջանակներում, երեկ վիրահատության է ենթարկվել: Նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը 168.am-ին հայտնել է, որ վիրահատվել է Շիրխանյանի ձախ ոտքը, քանի որ տեղաշարժվել էր ձախ ոտքի թրոմբը: Շիրխանյանը վիրահատության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում, նրա վիճակը բավարար է:
ՀԵՏ ՉՄՆԱՑԻՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել՝ ԼՂ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը Ղարաբաղի նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել եւ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
Անդրադառնալով երեկ մամուլում հրապարակված տեղեկությանը, որ Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցը լուծարվել է, եւ կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանն օրերս դուրս է եկել կուսակցությունից` ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը պարզաբանել է. «ԲՀԿ նախագահի հանձնարարականով կազմավորվել է աշխատանքային խումբ, որը այս փուլում զբաղված է կուսակցության տարածքային կառույցների օպտիմալացման աշխատանքով: ԲՀԿ-ն Նոյեմբերյանում արդեն ձեւավորել է նոր տարածքային խորհուրդ, եւ առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ Նոյեմբերյանի նորաստեղծ խորհրդի նիստը, որին ներկա կլինի նաեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը»,- ասել է նա:
ՖԼԵՇԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը վերջերս ձեռք է բերել 2 ավտոբուսներ, որոնք, հավանաբար, կծառայեն մարզային այցելությունների եւ այլնի համար: hayeli.am-ի տեղեկություններով՝ Մարուքյանի կուսակցությունը հովանավորվում է Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի կողմից: